Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/560

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցվիքները պետք է լինեն մեծ, որպեսզի ապահովեն ճաշասենյակի և սննդի պատրաստման հատվածի ստվերապատումը։ Այդպիսի շենքը պետք է ունենա ջրի բաք (ջրմուղի բացակայութան դեպքում), լվացատեղ, սալօջախ, աշխատասեղան, սառնարան։ Ուտելիքի պատրաստման համար անհրաժեշտ սարքավորանքների բոլոր տարրերը տեղադրում են անլուսամուտ (խուլ) պատի մոտ։ Ամառային խոհանոցն առանձնացնելիս, պետք է խուսափել միջանցահովիկներից, սալօջախի տեղադրման և շահագործման ժամանակ պահպանել անվտանգության կանոնները, հատակը գետնի մակերևույթից պետք է լինի 15-25 սմ բարձր։

Ա. հ-ում ամառային ցնցղախցիկը (լոգարանը) կարելի է կառուցել առանձին կամ տնտեսական այլ կառույցների հետ։ Ցնցղախցիկի չափերը 110x160 (180) սմ է, բարձրությունը՝ 210 սմ։ Սովորաբար լոգարանի խցիկը չեն ծածկում, այլ տանիքի փոխարեն տեղադրում են ծորակով, ջրթափ խողովակով և ջրցանի ցանցով հանդերձված ջրի բաք։ Որպեսզի ջուրը արևի ճառագայթներից լավ տաքանա, բաքը ներկում են մուգ, փայլատ ներկով։ Բաքի հատակին ներկարված ջրթափ խողովակը ցանկալի է ճյուղավորել (օրինակ, օգտագործելով եռաբաշխիկ), որը կապահովի ջրի մուտքը դեպի ցնցղախցիկի և բանջարանոցի ջրման ծորակները։ Ցնցղախցիկում պետք է լինի տակդիրի (100x100 սմ) և զգեստափոխման համար նստարանի (60x40 սմ-ից ոչ պակաս) տեղ։ Ցնցղախցիկից ջուրը կարելի է հեռացնել տեղական կոյուղու պարզ սարքերի օգնությամբ։ Դրա համար խցիկից 1,5-2 մ հեռու փորած փոսի մեջ տեղադրում են տակառ, որի մեջ ներկարում են երկդույմանոց կոյուղու խողովակ։ Խողովակը տեղադրում են տակդիրի կենտրոնից թեքությամբ փորված խրամուղու մեջ։ Խցիկի հողածածկ հատակը ամրացնում են խճով և վրան լցնում ցեմենտաշաղախ՝ ստեղծելով ցնցղախցիկի տակդիր, որի թեքությունն ուղղված է դեպի կոյուղու խողովակի ընդունման խողովակաոստը։ Ցնցուղի տակդիրի վրա պետք է դնել փայտացանք։ Ջուրը բաք է մղվում էլեկտրական կամ ձեռքի պոմպով։

Եթե հողամասն ընդարձակ է, ապա բակի արտաքնոցը սովորաբար կառուցում են մինչև 1,5 մ խորությամբ աղբահորով։ Ստորգետնյա ջրերն աղտոտումից պաշտպանելու համար հորի հատակը և պատերը սվաղում են 25-50 սմ հաստության տոփանած ցեմենտմանրավազային շաղախով կամ հողի ցեխով։ Այնուհետև հորի ներսի մակերևույթը բետոնապատում են, ցեմենտի շաղախով շարում աղյուսը կամ քարը։ Աղյուսե և քարե պատերի մակերևույթները ցեմենտապատում են։ Վերգետնյա մասը (խցիկ) սովորաբար կառուցում են հարմարակցվող տախտակներից, դռան վերևում թողնում են վերնափեղկ։ Տանիքը միաթեք է։ Խցիկը հանդերձվում է 12 սմ-ից ոչ պակաս լայնությամբ չորս տախտակներից պատրաստված օդափոխիչ կանգնակով, որի վերին մասում հարմարեցնում են օդանցք։ Կանգնակն ամրացնում են խցիկի հետևի պատին։ Աղբահորի շուրջը եղած հարթակը պատում են կավահորով, ցեմենտում։ Հորը մաքրելու համար թողնում են կափարիչով կիպ ծածկվող մի անցք (մտոց, նկ. 3)։

Ոչ ընդարձակ Ա. հ-ում նպատակահարմար է կառուցել (անմիջապես տան մոտ կամ դրան կից) այսպես կոչված «պուդր-քլոզեթ» տիպի արտաքնոց (նկ. 4), որն ունի պարզ կառուցվածք և բավականաչափ հիգիենիկ է։ Կղանքի հավաքման համար օգտագործում են ձյութապատ արկղ, մետաղե բաք կամ դույլ։ Կղանքը ծածկում են կոմպոստող նյութերով (տորֆ, սևահող, մոխիր, թեփ ևն) և պարբերաբար մաքրում։ Վերգետնյա մասը կարելի է կառուցել հյուղակի (քողտիքի) տեսքով։ Վահանային կառուցվածքի հյուղակ-տնակի կառուցման համար հիմնակմախք չի պահանջվում։ Տանիքը պատրաստում են տախտակներից, վերևը փակում մետաղե կամ փայտե սլիպով։ Օդափոխության համար դռան վերևում թողնում են ոչ մեծ եռանկյունաձև վերնափեղկ։ Փայտե մասերը աղտեղությունից պահպանելու համար արտաքնոցի նստոցը ներսից պատում են տոլի կամ ռուբերոիդի մեջդիր ունեցող թիթեղով։ Տարողություններից աղտեղությունները հեռացնելու համար տնակի հետևի պատի կողմից բացում են կափարիչով կիպ ծածկվող մտոց (ելոց) կամ նստոցի վերին տախտակը պատրաստում են հետ բացովի (ծխնիներով)։

Ցանկալի է հողամասում կոմպոստի համար առանձնացնել հատուկ տեղամաս։ Լավորակ օրգանական պարարտանյութ ստանալու համար սննդի մնացուկները, աղբը, մոլախոտերը, տերևները