Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/561

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և տնտեսական այլ թափոններ լցնում են կոմպոստի կույտի վրա։ Կոմպոստի համար փորում են 50 սմ-ից ոչ ավելի խորությամբ ցանկացած չափի հոր։ Կուտակմանը զուգընթաց թափոնները ծածկում են տորֆով և հողով։ Կոմպոստը մերթընդմերթ խառնում են բահով, ընթացքում ավելացնելով սուպերֆոսֆատ և ֆոսֆորային ալյուր, իսկ թթու հողերի առկայության դեպքում՝ կիր և փայտի մոխիր։

Մեկ կամ մեկուկես տարի հետո այն կարելի է օգտագործել որպես պարարտանյութ։

Փայտանյութի մնացորդները, թուղթը, էտած ճյուղերը, չորուկներն այրում են հրդեհի համար անվտանգ տեղերում։

Ավտոտնակն անհրաժեշտ է տեղադրել հողամասի մուտքի մոտ և կառուցել ցանկապատին կից։

Ավտոմեքենայի համար կարելի է կառուցել նաև սովորական ծածկ՝ օգտագործելով 80 մմ-ից ոչ պակաս տրամագծով մետաղե խողովակներից ամուր հենասյուներ։ Տանիքը պետք է լինի միաթեք (թեքությունը մուտքից)։ Ծածկի համար օգտագործում են շիֆեր կամ մետաղաթերթեր, 100x100 (150) մմ կտրվածքով գերաններ և 40x40 մմ կտրվածքով չորսուներ։ Ամենացածր կառուցվածքի բարձրությունը պետք է լինի 1,5-2 մ։ Ավտոմեքենայի ծածկը, բաղնիքը, ջերմոցը և այլ օժանդակ շինությունները կարող են միացած լինել բնակելի տանը (տես Այգետնակ):

Ա. հ-ի բարեկարգման պարտադիր տարրերից է ցանկապատը։ Ոչ ընդարձակ հողամասի համար կարելի է ստեղծել «կենդանի» ցանկապատ՝ օգտագործելով դեղին ակացիա, մասրենի, չիչխան, մամխի, փշատենի ևն։ Այդ ցանկապատերը կարող են լինել միաշարք (տնկիների հեռավորությունը՝ 0,25-0,30 մ) կամ երկշարք (հեռավորությունը՝ 0,4-0,6 մ)՝ շարքերի միջև հեռավորությունը 0,25-0,3 մ։ Որպեսզի այսպիսի ցանկապատը լինի խիտ և բարետես անհրաժեշտ է պարբերաբար այն ձևավորել (էտել, խուզել ևն)։ Նման ցանկապատ կարելի է ստեղծել նաև հողամասի ներսում՝ տնտեսական շինությունների մեկուսացման, հանգստի անկյան ձևավորման և այլ նպատակներով։

Ավելի աշխատատար է արհեստական ցանկապատերի (մետաղացանցից, քարից, խարամաբլոկից ևն) ստեղծումը, որոնք կազմված են հիմքից (հիմնականում) և կավարամածից։ Ճակատի կողմից ցանկապատը պետք է ունենա 1,2-ից մինչև 1,8 մ բարձրություն, իսկ ներքին ցանկապատը (գլխավորապես հարևան հողամասերի միջև) պետք է լինի 1 մ-ից ոչ ավելի։

Արհեստական ցանկապատի գլխավոր կրող տարրերը սյուները կամ կանգնակներն են։ Փայտե սյուները սովորաբար պատրաստում են սոճուց կամ եղևնուց։ Շահագործման ժամկետը երկարացնելու նպատակով սյուների ստորին ծայրը ածխացնում են, տաք բիտումով (կամ գուդրոնով) բոլորածեփում, տոգորում կրեոզիտով կամ մի քանի շերտ պոլիէթիլենի թաղանթ կամ տոլ փաթաթում։ Մետաղե կամ ասբեստացեմենտե խողովակներից սյուներ դնելիս դրանց ներքին խոռոչը լցնում են շինարարական աղբի և ցեմենտաշաղախի խառնուրդով կամ գլխամասը փակում կափարիչով, որպեսզի խողովակի մեջ ջուր չլցվի։ Երկայնակի ձողակները կլոր սյուներին են ամրացնում մետաղե կալունակներով, բռնակներով կամ անուրներով։ Ամրակման տարրերը պատրաստում են 10-12 մմ տրամագծով ամրանի երկաթից, 2-3 մմ-անոց շերտապողպատից կամ 5-6 մմ-անոց թերթապողպատից։ Սյուները տեղադրում են հողամասի պարագծով՝ միմյանցից 2-3 մ հեռու և 50-80 սմ խորությամբ։ Սյուների փոսերը լցնում են ջարդած խամքարով կամ խճով։ Խամքարի վերևի մասը (հողի մակերևույթին հավասար) ցանկալի է ամրացնել բետոնաշաղախով (նկ. 5)։

Ցանկապատի ճակատային կողմի սյուները և պատվանդանը պատրաստում են քարից։ Ավելի դիմացկուն է մետաղացանցե ցանկապատը (լայնությունը 150 սմ), որի կրող կառուցվածքը բետոնե հիմքում դրված մետաղական սյուներն են, որոնց միջև երկու շարքով ձգվում են պողպատե լարեր (3-6 մմ տրամագծով)։ Ա. հ-երի ցանկապատերը չպետք է լինեն խուլ և զանգվածային, այլ թեթև, վանդակավոր կառուցվածքով, բույսերի ֆոնի վրա աննկատ։ Ցանկապատերը կարելի է ներկել յուղաներկով կամ արհեստական ներկով, կանաչավուն երանգներով շրջապատի գույնին համապատասխան։

Ցանկացած եղանակին հողամասում հեշտությամբ տեղաշարժվելու համար խորհուրդ է տրվում պատրաստել ամուր ծածկով արահետներ։ Ամենապարզ եղանակը արահետները ավազով, կոպիճով, ջարդած քարով ծածկելն է. դրանք լցնում են նախապես բուսական շերտը հեռացրած հիմնահողին։ Ամուր և հարմարավետ է քարով կամ աղյուսով պատած արահետը։ Նման ճանապարհների լայնական կտրվածքն ուռուցիկ է, որն ապահովում է ջրերի հոսքը։ Դրանք սարքելու համար սկզբում փորում են 15-20 սմ խորությամբ առուներ։ Առվի հատակը տոփանում են, իսկ հետո 10-12 սմ բարձրությամբ ծածկույթի համար խոշոր խարամով, խոշորահատիկ ավազով, քարի ջարդոնով, ճալաքարով շարում հիմնատակը։ Ավտոճանապարհի համար ցանկալի է պատրաստել բետոնե կամ խամքարաբետոնե հիմնատակ (նկ. 6)։ Ճանապարհների ծածկույթը կարող է բազմապիսի լինել. 5 սմ հաստությամբ խիճ (տոփանելով), բնական քարեր ևն։ Քարերի միջև եղած կարերը շաղախով սվաղում կամ հող են լցնում։