Չմշակված կարերի մեջ աճած խոտերը հողամասի ճանապարհները դարձնում են ավելի գեղեցիկ։ Ճանապարհները բուսածածկից զերծ պահելու համար ջրում են հատուկ լուծույթով, մեկ դույլ ջրում՝ 400-600 գ ծծմբի փոշի, 200-300 գ տնտեսական օճառ, 1-2 կգ կիր։ Ստացված խառնուրդը մի քանի րոպե եռացնում են, թողնում հովանա և նոսրացնում ջրով։ Այդպիսի լուծույթով ջրած այգու ճանապարհը երկար ժամանակ չի բուսածածկվում։
Ծածկույթի ընտրությունը պայմանավորված է այգու ճանապարհի բնույթով. ինտենսիվ օգտագործման դեպքում այն պետք է լինի շատ ամուր։ Այգու հանգստի անկյուններում ծածկույթը պետք է պակաս նկատելի լինի։ Ճանապարհների փոխարեն, ուղղակի կանաչ խոտի վրա, կարելի է դնել միմյանցից 10-15 սմ հեռավորությամբ հարթ սալաքարեր։ Նման ճանապարհները նպատակահարմար են ոչ ընդարձակ հողամասերի համար։ Սալաքարերը կարելի է փոխարինել արհեստականով (օրինակ, բետոնից պատրաստված)։ Դրա համար մետաղե ժապավենի կաղապարամածը տեղադրում են հողի մեջ և արտաքինից ամրացնում ցցերով։ Բետոնալցումից հետո վրան կարելի է լցնել ճալաքար, մարմարի փշրանք, երեսպատել խեցե սալիկների կտորներով ևն։ Նման արհեստական քարեր ստանալու համար օգտագործվող կաղապարամածի բարձրությունը 5-6 սմ է։ Խորհուրդ չի տրվում Ա. հ-ում պատրաստել բետոնե կամ ասֆալտբետոնե հոծ ծածկույթներ։ Ճանապարհների քանակը պետք է լինի սահմանափակ, իսկ դրանց տեղադրումը՝ հողամասի ընդհանուր հատակագծին համապատասխան։ Բարդ ռելիեֆով թեքությունների և բարձրությունների կտրուկ տարբերության դեպքում հողամասում հաճախ պահանջվում է տեղադրել սանդուղքներ կամ հենապատեր։ Բակի սանդուղքի համար խորհուրդ է տրվում սանդղամասի և աստիճանաճակատի հետևյալ չափերը. 400x120, 350x140, 300x150, 280x160 մմ։ Ամուր և գեղեցիկ են աղյուսից պատրաստված սանդուղքները։ Աղյուսները շարում են կողքի վրա, կարերը հարդարում շաղախով։ Յուրաքանչյուր աստիճանի տակ պատրաստում են խամքարից (10-15 սմ շերտով) հիմնատակ, որի մակերևույթը ծածկում են 1-2 սմ շաղախի շերտով։ Շատ գեղեցիկ է խամքարե (10 սմ շերտ) և ավազե (5 սմ) հիմնատակի վրա տեղադրված տարբեր բարձրության կոճղերից պատրաստված սանդուղքը։ Սովորաբար հենապատերը շարում են ուղղաձիգ գերանների կտորներից, աղյուսից, բնական քարերից։ Դրանք սանդուղքների հետ կազմում են ճարտարապետական միասնություն։ Ցածր ուղղաձիգ պատը ցանկալի է կառուցել գործափայտից կամ գերաններից։ Վերջիններս սղոցում են հավասար երկարության սյուների, թաղում են հողում, նախօրոք արմային մասը մշակում հականեխիչով և ամրությունն ապահովելու նպատակով տոփանում՝ օգտագործելով ջուր և ավազ։ Պատերը շարելուց հետո ծածկում են դարավանդը՝ նախապես լցվածքի կողմից միջադրելով ջրամեկուսիչ (ռուբերոիդից կամ տոլից)։ Փոքր սյուներից շարած ուղղաձիգ պատը ներդաշնակում է կոճղերից հավաքած զարդարիկ սանդուղքին, իսկ կարմիր աղյուսե շարված պատը՝ աղյուսե սանդուղքի հետ։ Մեկ մ-ից ավելի բարձրության հենապատի և լցված գրունտի դեպքում սկզբում կառուցում են բետոնե հիմքը, երեսպատում աղյուսով, բնական քարով կամ սալիկներով։ Չօգտագործված գրունտի դեպքում բավական է քանդել անհրաժեշտ քանակության հող և բնական քարից հենապատ շարել։ Վերջինիս հիմնատակը կառուցում են 50-80 սմ լայնությամբ, 25-30 սմ խորությամբ հիմքի վրա, բնական քարը շարում շաղախով։ Ուղղաձիգ պատը կարելի է գեղազարդել զարդարիկ բույսեր տնկելու համար որմնախորշերով, որոնք պատրաստում են շարելու ընթացքում, պատի երեսակողմում շախմատաձև խառնելով տարբեր քարեր։ Հենապատեր կառուցելիս պետք է նախատեսել ցամաքուրդներ՝ պատի ստորին մասում միմյանցից 2-2,5 մ հեռավորությամբ տեղադրելով մետաղե կամ ասբեստացեմենտե 5-10 սմ տրամագծով խողովակներ։
Ա. հ-ի ձևավորման համար կարևոր են նաև այսպես կոչված ճարտարապետական փոքր ձևերի տարրերը՝ զարդարիկ ջրավազաններ, թառմաներ, վանդակաճաղեր, տաղավարներ, նստարաններ ևն։ Հողամասը շատ գեղեցկացնում է ոչ մեծ զարդարիկ ջրավազանը (50-60 սմ խորությամբ), որը կառուցում են փոքր փոսորակներում, որի հատակն ու կողերը երեսպատում են (10-15 սմ հաստությամբ) լավ շաղախած կավով։ Կավի առաջին շերտը թեթևակի չորանալուց հետո պատում են նույն հաստության երկրորդ շերտով, որի վրա մանր խիճ կամ ճալաքար են շաղ տալիս և տոփանում։ Ջրավազանը կարելի է ջրամեկուսացնել մի քանի շերտ պոլիէթիլենային թաղանթով կամ ռուբերոիդով, որը փռում են ավազի (10 սմ) և դրա վրա շաղ տված մանր խճի (10-12 սմ) վրա։ Խորհուրդ է տրվում ջրավազանների պատերը բարձրացնել գետնից 10-15 սմ վեր, ապա եզրապատել աղյուսով կամ բնական քարի սալիկներով։
Հանգստի անկյուններ ստեղծելու, այգու առանձին կառույցները մեկուսացնելու և այլ նպատակներով կարելի է օգտագործել վանդակավոր կառուցվածքներ թառմաներ և վանդակաճաղեր, որոնք հարմար հենարան են բազմազան փաթաթվող բույսերի համար։ Թառմաները՝ վանդակաճաղ շվաքարանները, կառուցում են նստարանների մոտ, արահետների երկայնքով ևն։ Թառմաների կանգնակները պատրաստում են մետաղե խողովակներից, փայտե չորսվակներից (8x8 սմ-ից ոչ պակաս հատվածքով), հազվադեպ՝ քարե սյուների տեսքով։ Հորիզոնական կավարամածը պատրաստում են 3x8 (4x10) սմ տախտակներից։ Կողքի դասավորված տանիքածածկի տախտակները լավ ճառագայթապաշտպան են։ Որքան հոծ է կավարամածը և լայն են դրա տախտակները, այնքան երկարատև է թառմայի առաջացրած ստվերը։ Կիսակլոր կամարաձև հենակներով այգուղիների եզրերին կարելի է կառուցել 2-2,5 մ բարձրության թառմաներ և փաթաթվող բույսերով գեղեցիկ միջանցք