Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/567

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լավ փոշոտում։ Ինքնապտղաբեր սորտերի խաչաձև փոշոտումը նույնպես բարձրացնում է դրանց բերքատվությունը և պտուղների որակը։

Ցեղերի և սորտերի ընտրությունը։ Այգու համար ցեղեր և սորտեր ընտրելիս առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել բույսերի դիմացկունությանը շրջապատի աննպաստ պայմանների (ցրտադիմացկունություն, երաշտադիմացկունություն, հիվանդադիմացկունություն) նկատմամբ, հաշվի առնել վաղ պտղաբերությունը, սորտերի բերքատվությունը և պտուղների որակը։

Նախապես պետք է որոշել այգու հողի պիտանիությունը՝ տարբեր ցեղերի և սորտերի աճեցման համար, հաշվի առնել բույսերի պահանջը հողի, ջերմաստիճանի, խոնավության նկատմամբ, արմատների թափանցման խորությունը ևն։ Առավել երաշտակայունը բալենին և կոկռոշենին են, դրանց քիչ են զիջում ծիրանենին, տանձենին, առավել խոնավասեր են սալորենին, ազնվամորին, գետնամորին, սև հաղարջենին, չիչխանը։ Խնձորենու և տանձենու համար ստորգետնյա ջրերի մակարդակը հողի մակերևույթից պետք է լինի 2-3 մ խորության վրա, իսկ բալենու, սալորենու, ծիրանենու, դեղձենու համար 1,5-2 մ։ Ստորգետնյա ջրերի ավելի բարձր մակարդակը վատացնում է հողի ջրաօդային ռեժիմը և կարող է չորացնել բույսերը։

Եթե տեղամասն ըստ միկրոռելիեֆի և հողատիպի պիտանի չէ պտղատու բույսերի համար, ապա խորհուրդ է տրվում ավելի շատ աճեցնել հատապտուղներ, բանջարաբույսեր և ծաղիկներ։ Տեղամասը չպետք է ծանրաբեռնել ծառերով և թփերով, որովհետև բույսերը լուսասեր են, իսկ խտությունը բացասաբար է անդրադառնում բերքատվության և բերքի որակի վրա։ Չի կարելի մեջընդմեջ տնկել ծառեր, թփեր և բանջարաբույսեր։ Դա դժվարացնում է պայքարը հիվանդությունների և վնասատուների դեմ։ Ա-ում բույսերը պետք է տեղաբաշխել ըստ ցեղերի։ Նպատակահարմար է տնկել տարբեր ժամկետներում հասունացող (վաղահասից մինչև ուշահաս) սորտեր։ Տնամերձ Ա-ում հանձնարարվում է տնկել պտղատու և հատապտղատու բույսերը հետևյալ հարաբերակցությամբ. խնձորենի՝ 10-12, տանձենի՝ 2-3, ծիրանենի՝ 3-4, դեղձենի՝ 2-3, բալենի՝ 34, սալորենի՝ 3-4 ծառ, հաղարջենի՝ 6-8, կոկռոշենի՝ 2-3, ազնվամորի՝ 20-30, չիչխան՝ 3-4 թուփ, գետնամորի՝ 40-50 մ²։ Խնձորենու տեսականու ընտրության ժամանակ հիմնական մասը պետք է լինեն ձմեռային, հետո միայն աշնանային և ամառային սորտերը։

Պտղատու ծառերը և հատապտղատու թփերն անհրաժեշտ է տեղաբաշխել այնպես, որ դրանք չստվերեն բանջարաբույսերը և ելակը։ Նպատակահարմար է պտղատու ծառերը տնկել հողամասի հյուսիսային, հյուսիս-արևմտյան կամ հյուսիս-արևելյան մասերում։

Բույսերի տեղաբաշխման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել դրանց պահանջը լույսի նկատմամբ։ Հողամասի հարավային կողմում կարելի է տնկել բանջարաբույսեր և գետնամորի, հյուսիսային կողմում՝ ծիրանենի, խնձորենի, տանձենի, իսկ դրանց միջև՝ դեղձենի, բալենի, սալորենի, հատապտղատու թփեր։ Պտղատու ծառերը պետք է այնպես տեղադրել, որ դրանք չստվերեն հարևան հողամասերը, բարձրաճ ծառերը պետք է գտնվեն ցանկապատից 3 մ հեռու։ Հատապտղատու թփերը կարելի է տնկել հարևան հողամասից 1 մ հեռավորությամբ։

Հողամասը տնկման նախապատրաստելու համար պետք է սկսել հատակագծի կազմումից՝ ընտրելով տան, տնտեսական կառույցների, պտղատու այգու, հատապտուղների և բանջարանոցի տեղը։

600 մ² մակերեսով հողամասում այգեբանջարանոցային և զարդարիկ բույսերը կարելի է տեղաբաշխել հետևյալ նախագծով. պտղատու ծառեր՝ 240 մ, հատապտուղներ՝ 120 մ², բանջարանոց՝ 100 մ², զարդարիկ բույսեր՝ 80 մ², այգետնակ և տնտեսական մաս՝ 60 մ²։ Այնուհետև անհրաժեշտ է հարթեցնել հողամասի մակերևույթը։ Պտղատու բույսերի տնկումից առաջ հողամասը պետք է վարել կամ կրկնափորել։ Գարնանը կամ ամռանը ճմապատված հողամասը վերափորում են 8-10 սմ խորությամբ, շրջված ճիմը մանրացնում են և այդպես թողնում մինչև աշուն։ Աշնանը հողամասը վերափորում են 18-20 սմ խորությամբ։ Ճիմն, ընկնելով խոր շերտերը (18-20 սմ), չի աճում և աստիճանաբար քայքայվում է։ Հաջորդ տարվա գարնանը հողը վերավարում են 10-15 սմ խորությամբ, որպեսզի ճիմը և աշնանը հող ներմուծած պարարտանյութերը մակերևույթ դուրս չբերվեն։

Խոնավ հողերում, որտեղ ստորգետնյա ջրերի մակարդակը բարձր է (1,5 մ-ից պակաս պտղատուների և 1 մ-ից պակաս հատապտղատու և բանջարային բույսերի համար), այգեբանջարանոցային բույսերը կարելի է հաջողությամբ աճեցնել միայն 1,5-2,0 մ տրամագծով, 0,5-1 մ բարձրության արհեստական թմբեր կամ 1-1,5 մ լայնության, մինչև 0,5 մ բարձրության մարգեր ստեղծելով։ Ա-ու բույսերի բնականոն աճը պայմանավորված է հողի թթվայնությամբ, որը որոշում են վայրի բուսականությամբ, եթե հողամասում աճում է երեքնուկ, հողը թթու չէ, իսկ թրթնջուկի, ձիաձետի առատության դեպքում՝ թթու է։ Գերադասելի են թույլ թթվայնություն ունեցող հողերը։ Թթու հողերը պետք է կրայնացնել (տես Հողեր, Պարարտանյութեր):

Տնկանյութ. երկամյա պտղատու տնկիները պետք է ունենան 3-ից ոչ պակաս կողմնային ճյուղեր և միջնորդ ուղեկցորդ ու համապատասխանեն հետևյալ պահանջներին. արմատների երկարությունը պետք է լինի 35-40 սմ, խնձորենու տնկիի ծառաբնի բարձրությունը ուժեղ աճեցողություն ունեցող պատվաստակալի վրա 50-60 սմ, հաստությունը՝ 2,0-2,5 սմ, հիմնական կմախքային ճյուղերի երկարությունը՝ 50-60 սմ, ցածրաճ պատվաստակալի վրա համապատասխանաբար՝ 30-40, 1,5-2,0 և 40-50 սմ։ Բալենու, ծիրանենու, դեղձենու և սալորենու ծառաբնի բարձրությունը պետք է լինի 40-60 սմ, հաստությունը՝ 2,0-2,5 սմ, հիմնական կմախքային ճյուղերի երկարությունը՝ 40-60 սմ։

Տնկիների հողածածկումը և տնկումը. տնկանյութը պետք է ձեռք բերել աշնանը կամ գարնանը։ Գարնանը տնկելու համար աշնանը ձեռք բերած տնկիները պետք է թաղել 50-60 սմ խորության և 40-50 սմ լայնության քամուց պաշտպանված առուներում՝ տնկիներին տալով հարավային ուղղության թեքություն։ Արմատները պետք է ծածկել փուխր, խոնավ, 0,5 մ հաստության հողաշերտով, լավ ջրել, նորից ծածկել հողով և տոփանել, որպեսզի արմատների միջև դատարկություն չմնա։ Խնձորենին և տանձենին կարելի է տնկել և՛ աշնանը (տերևաթափից հետո), և՛ գարնանը (մինչև բողբոջների բացվելը)։ Ծիրանենին, դեղձենին, բալենին և սալորենին գերադասելի է տնկել գարնանը։ Տնկելուց առաջ պոկված, կոտրված արմատների