պետք է լինեն մաքուր, հարթ և համատեղվեն կտրոնի կտրվածքի մակերեսի մեծ մասում։ Պատվաստի տեղը պետք է ամուր կապել և կտրվածքի բոլոր բաց մասերը ծածկել այգու մածիկով (տես Այգու մածիկ): Մեկ ամսից հետո կապը պետք է քանդել։ Պատվաստակալի ուժեղ աճ ունեցող ընձյուղների մեծ մասը պետք է հեռացնել, մնացածները ծերատել (աճը դանդաղեցնելու համար) և վերջիններին կապել աճող պատվաստված ընձյուղները, որպեսզի քամուց չվնասվեն։
Պտղատու ծառերի ձևավորումը և էտը. ծառերի աճի առաջին տարիներին կատարում են ձևավորող էտ, որի նպատակը հավաք, լավ լուսավորվող, աճող ճյուղերով հագեցած և խնամքի համար հարմար պսակ (սաղարթ) ստեղծելն է։ Նախ պետք է կտրել դեպի սաղարթի ներսը ուղղված, լավ չտեղադրված և խաչաձևված ճյուղերը։ Պտղատվության շրջանում կատարվում է առավելապես կարգավորող (աջակցող) էտ՝ աջակցելով բույսի աճի և պտղատվության ֆիզիոլոգիական հավասարակշռությանը։ Սաղարթը նոր բերքատու ճյուղերով լրացնելու համար պետք է հեռացնել խտացնող ճյուղերը։ Պտղատվության և չորացման շրջանում տարեկան աճը թուլանում է, երկարությունը չի անցնում 15 սմ-ից։ Այս դեպքում անհրաժեշտ է երիտասարդացնող էտ աճի դադարը կանխելու, աճի և պտղատվության հավասարակշռությունը վերականգնելու հաճար։ Էտը պետք է սկսել սաղարթի նոսրացումից՝ կտրել խտացնող սաղարթի ներսը գնացող, խաչաձևող ճյուղերը։ Ավելի լավ է հեռացնել խտացնող 1-2 խոշոր ճյուղ, քան զգալի քանակով փոքր ճյուղեր։ Սաղարթը ցածրացնելու, լուսավորվածությունը բարելավելու համար հարկավոր է կտրել գլխավոր ճյուղը (3-3,5 մ-ից բարձր մասը)՝ ճյուղավորություններով: