Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/570

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անհրաժեշտ է կտրել դեպի դուրս աճող կողմնային ճյուղավորությունների վրա վերին չոր ճյուղերը։

Այգու խնամքը. տնկումից հետո առաջին տարիներին շատ կարևոր է ծառի մերձբնային տարածությունը (1-1,5 մ շառավղով) պահել փուխր և մոլախոտերից զերծ։ Վեգետացիայի ընթացքում, անձրևներից, ջրելուց հետո հարկավոր է հողը փխրեցնել թակուջակով 8-12 սմ խորությամբ, աշնանը ծառերի բնի շուրջը (1 մ շառավղով) հողը պետք է վերափորել 10-12 սմ խորությամբ, իսկ 1 մ-ից ավելի տարածության վրա՝ 18-20 սմ։ Տնկման և զարգացման առաջին տարիներին պտղատու ծառերն առանձնապես զգայուն են խոնավության նկատմամբ. դրա համար սեզոնում պետք է ջրել 4-5 անգամ, 2-3 դույլ՝ յուրաքանչյուր ծառին։ Մատղաշ ծառերի սաղարթի տակ այդ շրջանում չպետք է տնկել որևէ բույս։ Թեքությունների վրա հողի լվացումը կանխելու համար միջշարքերում կարելի է աճեցնել բազմամյա խոտաբույսեր, բայց մերձբնային տարածությունները պետք է մաքուր լինեն մոլախոտերից։ Քանի որ տնամերձ այգում պտղատու, հատապտղատու և բանջարաբույսերը հաճախ գտնվում են անմիջականորեն իրար մոտ, հերբիցիդներ չպետք է կիրառել. մոլախոտերի դեմ պետք է պայքարել փխրեցումով և քաղհանով։ Լավ խնամքի պայմաններում բալենու և սալորենու պտղաբերումը սկսվում է տնկումից հետո 2-3-րդ տարում, խնձորենու և տանձենու վաղահաս սորտերինը՝ 4-5-րդ, ուշահասներինը՝ 7-9-րդ, ծիրանենունը՝ 4-5-րդ, դեղձենունը՝ 2-3-րղ տարում։

Տնկման տարում մատղաշ ծառերը հատկապես կարիք են զգում ֆոսֆորական պարարտանյութերի, դրանք նպաստում են ակտիվ արմատների զարգացմանը, իսկ ազոտական պարարտանյութերը վատացնում են արմատակալումը։

Օգտակար է փտած գոմաղբը կամ կոմպոստը։ Հանքային և օրգանական պարարտանյութերով պետք է սնուցել բույսերի կյանքի երկրորդ տարում։ Լավ արդյունք է տալիս օրգանական պարարտանյութերով ամենամյա սնուցումը (3-5 կգ 1 մ²–ին)։ Ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերը տալիս են խորը կրկնափորի ժամանակ աշնանը կամ գարնանը, ազոտականը՝ գարնանը, կամ կեսը վաղ գարնանը, մնացած մասը՝ ամռան սկզբին։ Ըստ հողի բերրիության և ծառերի տարիքի, մերձբնային տարածություն ներմուծում են 20-40 կգ օրգանական պարարտանյութ և 100-200 գ ամոնիակային բորակ, 200-400 գ սուպերֆոսֆատ և 60-120 գ կալիումի քլորիդ։ Օրգանական և հանքային պարարտանյութերի համատեղ օգտագործման դեպքում վերջիններիս չափաքանակը պետք է նվազեցնել կիսով չափ։ Պտղաբեր ծառերի հողը պետք է պահել որպես սև ցել՝ փխրեցնելով անձրևներից և ջրելուց հետո։ Աշնանը ծառերի սաղարթի տակ հողը պետք է կրկնափորել 12-15 սմ խորությամբ, իսկ բների շուրջը՝ 10-12 սմ։ Մերձբնային շրջանում մոլախոտերը պետք է քաղհանել կամ հաճախ (5-6 անգամ սեզոնում)