Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/572

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է 1-2 անգամ նոսրացնել։ Բույսերը կարելի է մշտական վայր փոխադրել օգոստոսին (կամ հաջորդ տարվա գարնանն). այդ ընթացքում ձևավորվում է 3-5 տերևներից բարկացած վարդակը։ Ձմռանը խորհուրդ է տրվում ցանքածածկել տորֆախառն օրգանական պարարտանյութերով կամ տերևներով։ Ծաղկումը սկսվում է հաջորդ տարվա մայիսի-հունիսի սկզբներին և տևում է 40-45 օր։ Սերմերը հասունանում են ծաղկման ավարտից 18-20 օր հետո։

Բույսերն անցկացնում են և երկրորդ ձմեռումը, սակայն այս դեպքում ցողունները խիստ երկարում են, թուփը դառնում է ուժեղ ճյուղատարած, ծաղիկները մանրանում են և կորչում է գեղազարդությունը։

Մշակության մեջ Ա. պահանջկոտ չէ, ցրտադիմացկուն է։ Խնամքը սովորական է. մոլախոտերի քաղհանում, հողի փխրեցում, չոր եղանակին ջրում։ Կարելի է վերատնկել նաև ծաղկած վիճակում։

Ա. երբեմն ախտահարվում է իսկական և կեղծ ալրացողով, մոխրագույն և արմատային փտումով, վնասում են լվիճները, գիշերաթիթեռները, խաչածաղկային լվիկները (սև կամ կապույտ, թռչող մանր բզեզներ են, որոնք կրծոտելով տերևների վրա բաց են անում ոչ մեծ անցքեր):

Պայքարի միջոցները. մոլախոտերի ոչնչացում, հեքսաքլորանի 12 %-անոց դուստով փոշոտում, ինչպես նաև այլ ընդունված միջոցառումներ։

ԱՍՏՂԱԾԱՂԻԿ միամյա, աստղածաղիկազգիների ընտանիքի խոտաբույս։ Բաց գրունտում մշակության մեջ օգտագործվում են այնպիսի սորտեր ու ձևեր, որոնք տարբերվում են բույսերի բարձրությամբ և ձևով, գունավորմամբ, բազմաթերթությամբ, ծաղկաբույլերի մեծությամբ, վեգետացիայի շրջանով և տնտեսական օգտագործմամբ։

Ըստ թփի բարձրության սորտերը լինում են թզուկ, ցածրաճ, միջաաճ, բարձր և հսկա։

Ըստ ձևի՝ սյունաձև, թույլ ճյուղավորված, ճյուղատարած, ձվաձև, աշտանակաձև, ուժեղ ճյուղավորված, փնջավոր։

Ըստ ծաղկաբույլերի մեծության տարբերվում են մանր, միջին, խոշոր և շատ խոշոր բույսեր։ Ծաղկաբույլերը զամբյուղներ են՝ կազմված խողովակավոր և կեղծլեզվակավոր ծաղիկներից։ Կախված կեղծլեզվակավոր ծաղիկների քանակից և դասավորությունից տարբերում են ոչ լիաթերթ, կիսալիաթերթ, լիաթերթ և խիտ լիաթերթ սորտեր։ Խողովակավոր ծաղիկները հիմնականում դեղին են, կեղծլեզվակավորները՝ սպիտակից մինչև մուգ կարմիր, կամ մինչև մուգ մանուշակագույն՝ կարմրի ու կապույտի բոլոր երանգներով։

Ըստ ծաղկման ժամկետի և աճման շրջանի տևողության լինում են վաղահաս, միջահաս և ուշահաս։ Տարբեր սորտերի ծաղկման տևողությունը 35-60 օր է։

Ըստ տնտեսական օգտագործման տարբերում են կտրովի, շուրջեզրային և համապիտանի բույսեր։ Նման հատկանիշների ամբողջության հիման վրա առանձնացնում են 43 սորտատեսակ (խումբ)։

Տեղի ընտրությունը. միամյա Ա. լավ է աճում ու զարգանում լուսավոր վայրերում, որոնք ուժեղ քամիներից պաշտպանված են շինություններով կամ տնկիներով։

Հողը. բույսի համար լավագույնը բերրի (բայց թարմ գոմաղբ չպարունակող), թեթև կամ չեզոք ու թույլ ալկալիական ռեակցիայով միջին ավազակավային հողերն են։ Աշնանը հողը կրացնում են. վերափորելիս պարարտացնում սուպերֆոսֆատով և կալիումի սուլֆատով (1 մ²–ին՝ 50-80 գ)։

Սերմերի ցանքը և տնկումը. միամյա Ա. պետք է աճեցնել սածիլման եղանակով։ Սերմերը ցանել մարտի 2-րդ կեսին սենյակներում կամ տաք ջերմոցներում։ Խորհուրդ է տրվում օգտագործել ճմահողի, տորֆի և ավազի խառնուրդ 3:1:1 հարաբերությամբ։ Վերևից հողի վրա լցնել շիկացած ավազ 1-2 սմ հաստությամբ։ Սերմերը ցանել շարքերով և վրան շաղ տալ ավազի բարակ շերտ։ Շարքերի հեռավորությունը՝ 3-4 սմ։ Ցանքից առաջ սերմերը 15 ժամ թրջել մագնեզիումի սուլֆատի կամ ցինկի քլորիդի լուծույթներով (1 մլ ջրին՝ 0-3 գ)։

Ծիլերը դուրս են գալիս ցանքից մեկ շաբաթ անց, իսկ երկու շաբաթ հետո հայտնվում է առաջին իսկական տերևը։ Այդ ժամանակ կարելի է վերասածիլել (կարելի է սածիլել նաև ծիլերի դուրս գալուց 2-3 օր հետո) 5x5 սխեմայով։

Սածիլներն անհրաժեշտ է աճեցնել 12-15°C–ի պայմաններում, ոչ հաճախ, բայց առատ ջրել։ Գրունտ փոխադրելուց երկու շաբաթ առաջ պետք է սկսել կոփել՝ սենյակից տանել ջերմոցներ, պահել բաց վիճակում և փակել միայն թեթև ցրտերի դեպքում։ Բաց գրունտում սածիլները կարելի է տնկել մայիսի 2–րդ կեսին։ Տնկել փոսիկների մեջ և լավ ջրել։ Բարձրաճ սորտերի սնուցման մակերեսը 30x30 սմ է, միջաճներինը՝ 25x25 սմ, ցածրաճներինը՝ 20x20 սմ։

Խնամքը. անհրաժեշտ է բույսերը ժամանակին ջրել, հողը փխրեցնել, քաղհանել, պարարտացնել։ Քաղհանման և փխրեցման դեպքում աշխատել զգուշորեն, չվնասել արմատային համակարգը, որը մակերեսորեն է տեղադրված։ Չորային ամռանը բույսերը պետք է պարբերաբար ջրել։ Վեգետացիայի շրջանում կարելի է մի քանի անգամ սնուցել փտած գոմաղբի կամ թռչնաղբի թուրմով, տալ հանքային պարարտանյութեր (1 մ²–ին՝ 50 գ)։ Անձրևային եղանակին որոշ տեսակների (Ջայլամի փետուր, Գնդաձև) ծաղկաբույլերը կորցնում են գեղազարդությունը, ուստի