Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/573

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խորհուրդ է տրվում այդ դեպքում բույսերը ծածկել թաղանթով։

Սերմերի հավաքումը. միամյա Ա-ի սերմերը հասունանում են ծաղկման սկզբից 35-40 օր հետո։ Հասունացման ցուցանիշ է համարվում ծաղկաբույլի մակերևույթին հայտնված խավիկը։ Խորհուրդ է տրվում սերմերը հավաքել ընտրողաբար՝ զամբյուղների հասունացմանը զուգընթաց։ Եթե սերմերը չեն հասունացել, պետք է կտրել զամբյուղները և թողնել հասունանալու սենյակում կամ մարգում։

Հիվանդությունները. առավել տարածված ֆուզարիոզ հիվանդությունից բույսը թառամում է։ Ավելի հաճախ դիտվում է կոկոնակալման շրջանում և ծաղկման սկզբում։ Վարակման հիմնական աղբյուրը հողն է կամ սերմերը։ Միամյա Ա. ավելի շատ այդ հիվանդությանը ենթակա է թթու, ծանր հողերում և թարմ գոմաղբ կամ մեծ քանակությամբ ազոտական պարարտանյութեր օգտագործելու, ինչպես նաև խիտ տնկելու դեպքում։

Պայքարի միջոցները. բույսերի հաջորդափոխում (Ա. կարելի է նախկին վայրում տնկել 5 տարուց ոչ շուտ), օրգանական և ազոտական պարարտանյութերի չափավոր օգտագործում, սերմերի նախացանքային ախտահանում (փոշեպատում) կամ թրջում 1 %-անոց կալիումի պերմանգանատի լուծույթով 1-2 ժամվա ընթացքում։

Արմատների և արմատավզիկի գորշ փտում. գորշանում և փտում են արմատներն ու արմատավզիկները, բույսը ոչնչանում է։ Վարակվում են զարգացման բոլոր փուլերում։ Հիվանդության զարգացմանը նպաստում է բարձր խոնավությունը։

Պայքարի միջոցները նույնն են, ինչ ֆուզարիոզի դեպքում։

Սեպտորիոզից ախտահարվում են տերևները, որոնց վրա հայտնվում են սև կետերով դեղնադարչնագույն բծեր, և դրանք չորանում են։ Ուժեղ ախտահարվելիս ամբողջ բույսը ոչնչանում է։ Հիվանդանում են հաճախ թթու և սառը հողերում աճող բույսերը։

Պայքարի միջոցները. հողի կրացում և ցամաքուրդ, տնկման տեղի ճիշտ ընտրություն, ցանքից առաջ սերմերի ախտահանում։

Դեղնությունը վիրուսային հիվանդության է. առաջացնում է տերևների գունազրկում, ապա ընդհանուր քլորոզ, աճի կասեցում և թփի ճյուղակալման ուժեղացում, ծաղկաբույլերի թերզարգացածաթյուն, ծաղիկների կանաչում։ Վարակվում է գարնանը։

Պայքարի միջոցները. հիվանդ բույսերը դուրս հանել հողագնդով և ոչնչացնել, այդ հատվածի հողը ախտահանել։

Գալային նեմատոդ. արմատների վրա առաջանում են գուղձեր՝ գալեր, ախտահարված բույսը ոչնչանում է։ Վարակումը կատարվում է հողի, գույքի և այլ միջոցներով։

Պայքարի միջոցները. սերմերի ախտահանում ցանքից առաջ, հիվանդ բույսերի ոչնչացում։

Քրիզանթեմային նեմատոդ. ախտահարվում է տերևների և ծաղկաբողբոջների հյուսվածքը։ Տերևների վրա գոյանում են բաց դեղնավուն բծեր, որոնք աստիճանաբար գորշանում են, տերևները չորանում, ծաղկաբույլերը մանրանում են։

Պայքարի միջոցները. սերմերի ախտահանում, հիվանդ բույսերի ոչնչացում։

Վնասատուները. միամյա Ա. վնասում են բուսական մլակների տարբեր տեսակներ։ Տերևները ոլորվում են, բողբոջները չեն բացվում կամ առաջանում են տձև ծաղկաբույլեր։

Պայքարի միջոցները. քլորոֆոսի 0,3 %-անոց լուծույթի սրսկում։

Ոստայնատիզն ապրում է տերևների ստորին կողմում և ծծում բույսի հյութը։ Տերևները դեղնում են և թափվում։

Պայքարի միջոցները. կարբոֆոսի 0,2-0,3 %-անոց լուծույթի սրսկում յուրաքանչյուր 10 օրը մեկ անգամ։

Կաղամբակերի բվիկի թրթուրները կրծոտում են տերևների փափուկ հյուսվածքը և վնասում բողբոջները։

Պայքարի միջոցները նույնն են, ինչ մլակների դեպքում։

Հայաստանում բաց գրունտում հիմնականում մշակվում են ալպիական, նորանգլիական, նորբելգիական տեսակները։

ԱՎՏՈՄՈԲԻԼԻ ԿՑԱՆՔ, թողարկվում է եռակցված մետաղական թափքով միասռնի կցանք։ Թափքի ծավալը մոտ 1,0 մ³ է, բեռնունակությունը՝ 160 կգ, կցանքի սեփական զանգվածը մոտ 140 կգ է. շարժման թույլատրելի արագությունը 80 կմ/ժ։ Կցանքի երկարությունը (առեղի հետ)՝ 2470, լայնությունը՝ 1608, բարձրությունը՝ 1010 մմ է։ Կցանքը ծածկվում է վրանածածկով։ Սորուն և կեղտոտող բեռներ տեղափոխելիս ցանկալի է թափքը ներսից ծածկել պոլիէթիլենային թաղանթով, կամ թափքաձև պատրաստված պոլիէթիլենային ծածկոցով։

ԱՏԱՂՁԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, հիմնական Ա. ա. են գերանների և չորսուների հատումը, կիսափայտ թործումը, տաշումը, սղոցումը, քառորդանների և փորակների պատրաստումը։ Գերանները մշակելիս պետք է ամուր ամրացնել (նկ. 1), այսպես կոչված հակադարձ (շինարարական), պահանգներով, որոնց ծայրերը միմյանց նկատմամբ ուղիղ անկյուն են կազմում։ Գերանը ծայրերով դնում են տակդիրին (կլորակոճղ, չորսու), մի ծայրը գամում տակդիրին, մյուսը՝ գերանին։ Կարելի է տակդիրի վրա անել ուղղանկյուն հատում և դրա մեջ սեպով ամրակապել գերանի ծայրը։

Գերանը հատելիս ամրացնում են, կացնով հարվածում գերանի մակերևույթին՝ ուղիղ և 45° անկյան տակ, նախօրոք նշված գծով հատում մինչև կեսը, հետո շրջում են և հատում մինչև վերջ։

Կիսափայտ թործումը սովորաբար կատարում են գերանների կցորդմամբ ուղիղ անկյան տակ (նկ. 2)։ Դրա համար նշում են թործման տեղերը այն հաշվով, որ գերանները թործումից հետո ամուր հոդակապվեն փորակներում, որոնք կարելի է պատրաստել նաև սղոցով։ Դրա համար նշումներով կատարում են համապատասխան սղոցվածք մինչև գերանի մեջտեղը և սղոցվածքների միջև փայտանյութը կացինով կամ դուրով կոտրում են։

Տաշվածք կատարելիս գերանները լավ ամրացնում են։ Հակառակ դեպքում գերանը կացնի հարվածներից պտտվում է և անհնար է դառնում ճիշտ տաշել եզրակը։ Սովորաբար գերանները տաշում են 1, 2, 3 կամ 4 եզրակով՝ ըստ կավճապատ ձգված քուղով խփված գծերի։ Գծանշելու համար քուղն ամրացնում են գերանի ծայրերին արված նիշերում և ուժեղ ձգում։ Հետո քուղը մի քիչ հետ են քաշում և բաց թողնում՝ խփվելով գերանին, այն թողնում է սպիտակ հետք։ Այդ հետքով տաշում են գերանը։

Աշխատանքը դյուրացնելու համար յուրաքանչյուր 400-500 մմ-ից հետո անում