Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/584

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սերմերի ցանքի տեխնիկան. հատուկ ուշադրություն պետք է դարձնել մանր սերմերի ցանքին։ Դրանք պետք է ցանել ոչ խոր ակոսում, որի տոփանված հատակին դնում են գազարի, սոխի սերմերը մեկը մյուսից 1-1,5 սմ, իսկ ճակնդեղինը, շաղգամինը՝ 1-2 սմ հեռավորությամբ։ Սերմերը խիտ չպետք է ցանել։ Ակոսի հատակի տոփանումը նպաստում է սերմերի արագ ծլմանը, որովհետև հողի ներքին շերտերից ջուրը բարձրանում է սերմերին։ Դրանից հետո սերմերը պետք է ծածկել 0,5 սմ բուսահողով (հողի և հումուսի խառնուրդով)։ Ցրված խառնուրդը թեթև տոփանում են ձեռքի ափով, վերևից նորից լցնում բուսահող կամ 1-2 սմ շերտով տորֆ, որոնք պաշտպանում են ակոսը չորանալուց։ Ուշացած ցանքի դեպքում ակոսի հատակը պետք է ցնցուղով (առանց մազիկի) ջրել, ջուրը ներծծվելուց հետո ցանել սերմերը և ծածկել հողով։

Սածիլների աճեցումը. լոլիկը, տաքդեղը, սմբուկը, կաղամբը, նեխուրը աճեցնում են սածիլներով։ Սածիլների արմատները վերականգնվում են տնկելուց 10-15 օր հետո։ Արմատները չվնասելու համար բանջարային բույսերի սածիլները նպատակահարմար է աճեցնել տորֆային, տորֆաբուսահողային, թղթե, պլաստմասսայե և այլ թաղարներում։ Դրանք պատրաստելու համար պետք է վերցնել 4 մաս տորֆ, 1 մաս փայտի թեփ և հանքային պարարտանյութեր։

Յուրաքանչյուր թաղարում պետք է ցանել 1-2 սերմ։ Արկղերը թաղարներով պետք է դնել տաք տեղ (15-25 °C)։ Մինչև ծիլերի երևալն արկղերը պետք է ծածկել բարակ նրբատախտակով, ստվարաթղթով, պոլիէթիլենային թաղանթով կամ լուսամուտի ապակու կտորներով։ Ծիլերի երևալուն պես ծածկը պետք է հանել և արկղերը տեղափոխել լուսամուտի արևահայաց կողմը (լույսի անբավարարության դեպքում ստացվում են ոչ պիտանի սածիլներ)։ Դրսում օդի ջերմաստիճանը 7 °C–ից բարձր լինելու դեպքում արկղերը ցերեկները պետք է հանել դուրս և գիշերը նորից տանել ներս։ Սածիլները պետք է ջրել այնպես, որ արկղերում հողը լինի թեթևակի խոնավ, երբեմն պետք է ջրել օրը 2 անգամ։ Շատ օգտակար է աճեցման ընթացքում սածիլները 1-2 անգամ ջրել հեղուկ պարարտանյութով։

Վաղահաս կաղամբի սածիլների ցանքը պետք է կատարել մարտի առաջին կեսին, լոլիկինը՝ ապրիլի 10-ին, Արարատյան դաշտում լոլիկի, տաքդեղի և սմբուկի սածիլներն աճեցնում են տաքացվող ջերմոցներում, սմբուկի սածիլներն աճեցնում են տաքացվող ջերմոցներում, արևային ջերմոցներում, բաց գրունտի սածիլանոցներում, իսկ նախալեռնային և լեռնային շրջաններում՝ միայն տաքացվող ջերմոցներում։

ՀՀ տարբեր գոտիներում տաքդեղի, սմբուկի, լոլիկի սածիլների աճեցման և դաշտ փոխադրելու ժամկետները

Գոտիներ Տաքացվող ջերմոցներում Արևային ջերմոցներում Բաց սածիլանոցներում
ցանքի ժամկետը սածիլը դաշտ փոխադրելու ժամկետը ցանքի ժամկետը սածիլը դաշտ փոխադրելու ժամկետը ցանքի ժամկետը դաշտում սածիլելու ժամկետը
Արարատյան դաշտ 20.2- 1.3 20.4- 15.5 1.3- 10.3 1.5- 20.5 20.4-25.4 1.6-15.6
Նախալեռնային 10.3-20.3 10.5-25.5 1.4- 10.4 1.6-15.6 - -
Լեռնային 1.4-10.4 5.6-15.6 - - - -

Այս ժամկետները հանձնարարելի են և, եղանակից կախված, անհրաժեշտ է յուրաքանչյուր տարի ճշտել։

Վաղահաս կաղամբի ցանքի և սածիլման ժամկետը

Գոտիներ Ցանքի ժամկետները տաքացվող ջերմոցում Սածիլման ժամկետը
Դաշտավայր 10.2-20.2 1.4-20.4
Նախալեռնային 20.2-1.3 15.4-1.5
Լեռնային 1.3-15.3 1.5-25.5

Սածիլում. սածիլումն սկսում են, երբ 10 սմ խորության վրա հողի ջերմաստիճանը ցրտադիմացկուն սորտերի համար ցածր չի 8 °C–ից, իսկ ջերմասեր բույսերի համար՝ 15-16 °C-ից։ Առավել նպատակահարմար է սածիլել երեկոյան ժամերին կամ խոնավ եղանակին։ Շարքերի նշագծումից հետո (քուղով) պետք է նշել փոսիկները (չափիչ ձողի օգնությամբ) նշման տեղերում բահով կամ փոքր գոգաթիակով վերափորել հողը, հետո գոգաթիակով կամ ձեռքով փոս անել, մի քիչ ավելի մեծ, քան թաղարինն է, այնտեղ դնել սածիլը հողի գուղձով և հետևել, որ գուղձի հողը չթափվի։ Ապա գուղձը (փոսից հանված) հողով պատել, իսկ ցողունի շուրջն ափսեաձև փոս անել, որպեսզի ջրելիս ջուրը չհոսի։

Կաղամբի, գոնգեղի սածիլները մի քիչ ավելի խոր պետք է տնկել, քան թաղարումն է, բայց այնպես, որ ծածկվի վերին բողբոջը։ Լոլիկի սածիլը պետք է տնկել մինչև ներքին տերևները։

Հանովի թաղանթային ծածկույթները հնարավորություն են տալիս սածիլումը կատարել վաղ ժամանակներում և ստանալ բանջարեղենի վաղ բերք։

Բանջարային բույսերի խնամքը. խնամքի հիմնական ագրոտեխնիկական միջոցառումներն են քաղհանը, փխրեցումը, ջրումը, սնուցումը պարարտանյութերով, պայքարը հիվանդությունների և վնասատուների դեմ։

Մոլախոտերը բանջարանոցում բուսնում են մինչև բույսերի ծլումը։ Ավելի լավ է դրանք քաղհանել անձրևից հետո, երբ հողը խոնավ ու փուխր է, և հեշտությամբ մոլախոտերը կարելի է հեռացնել արմատով։

Հողը միշտ պետք է պահել փուխր վիճակում, հատկապես անձրևներից և ջրելուց հետո, երբ հողը թեթև չորանում է և կեղևակալում։

Որպեսզի լոլիկը, կաղամբը և կարտոֆիլը լրացուցիչ արմատներ առաջացնեն, փխրեցման հետ պետք է կատարել բուկլից՝ հողը հավաքել ցողունի մոտ թմբիկի ձևով։ Կատարում են նաև վարունգի, դդմի, սեխի և ձմերուկի թեթև բուկլից։

Խիտ ծլած բույսերը ժամանակին պետք է նոսրացնել՝ հեռացնել թույլ բույսերը։ Առաջին նոսրացումը կատարում են իսկական տերևների առաջացման