Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/599

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մայրականի հիմնական հատկանիշները։

Ռեմոնտանտ բույսերն ունենում են հասուն պտուղներ ամբողջ ամառվա ընթացքում։ Մարգի վրա ստեղծելով թաղանթային ջերմոց, այդ ժամկետը կարելի է երկարացնել մինչև խոր աշուն, իսկ բույսերը ջերմությունով և լույսով ապահովելու դեպքում՝ մինչև հունվար։

ԳՆԱՐԲՈՒԿ, գարնանածաղիկ, թավթնջակ, գնարբուկազգիների ընտանիքի բազմամյա, կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։ Ընդգրկում է 600 տեսակ։ Հայաստանի բարձր լեռնային շրջաններում, ալպյան գորգերում, տնամերձ մարգագետիններում և ճահճուտներում աճում է Գ-ի 8 տեսակ։ Գարնանային խոշորաբաժակ Գ. հանդիպում է մինչև 2200 մ բարձրություններում։ Գ. լայնորեն օգտագործվում է ծաղկաբուծության մեջ և ծաղկային ձևավորումներում։

Գարնանային Գ., կովացնծուկ։ Բարձրությունը՝ 15-30 սմ։ Տերևները՝ կնճռոտ, եզրերում՝ կլորավուն-ատամնավոր։ Ծաղիկները՝ վառ դեղին, խորքում՝ նարնջագույն բծավորությամբ, խմբված են միակողմանի հովանոցաձև ծաղկաբույլերում՝ տերևներ չունեցող ծաղկակրի վրա։ Ծաղկում է ապրիլի վերջին՝ ավելի քան մեկ ամիս։

Բարձր Գ., ծաղիկները բաց դեղնավուն են՝ խորքում մուգ դեղին բծավորությամբ, 7-10-ական խմբված հովանոցավոր ծաղկաբույլերում, ծաղկակրի բարձրությունը՝ 20-30 սմ։ Ծաղկում է ապրիլի վերջից։

Մանրատամնավոր Գ., ծաղիկները մանր են, սպիտակ, բաց կամ մուգ մանուշակագույն, խմբված են գնդաձև ծաղկաբույլերում, 20-25 սմ բարձրության ծաղկակրի վրա, որը վեգետացիայի վերջում ձգվում է մինչև 50-60 սմ։ Ծաղկում է ապրիլի վերջից։

Սովորական, անցողուն Գ. ունի արմատամերձ, եզրերում անհավասար ատամնավոր և ցած ծալված տերևներ։ Տարբեր գունավորման ծաղիկները նստած են տերևավարդակից դուրս ելնող ծաղկակոթունի վրա։ Ծաղկում է ապրիլի կեսերին։

Ականջավոր Գ-ի տերևները հաստ են, մոխրականաչավուն, հարթ, հիմքում խեցու նման ծալված։ 15-25 սմ բարձրության ծաղկակիրները կրում են հովանոցաձև, փուխր ծաղկաբույլեր։ Ծաղիկները դեղին, դարչնագույն, մանուշակագույն, մանուշակադարչնագույն, դեղին կամ բաց դեղնավուն կենտրոնով, թավշյա, թույլ բույրով։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։

Յուլիայի Գ. մանրանրբին է (բարձրությունը՝ 10 սմ), առաջացնում է հավաք թփիկներ, որոնք աճելով վերածվում են համատարած ճիմերի։ Ծաղիկները՝ մեկական, մոռավարդագույն, կենտրոնում դեղին բծով։ Ծաղկում է երկու անգամ, ապրիլի վերջից մինչև մայիսի կեսերը և ամռան վերջին, բայց ավելի պակաս առատ։

Տեղի ընտրությունը։ Հողը. Գ-ները պետք է տնկել կիսաստվերում, որտեղ ավելի երկար են ծաղկում և պահպանում գեղազարդությունը։ Հողը պետք է լինի թեթև, փուխր, ցամաքուրդված, սննդանյութերով հարուստ, բավարար խոնավ (բայց առանց ջրի կանգի)։ Գրեթե բոլոր տեսակները ցրտադիմացկուն են։ Ձմռանը խորհուրդ է տրվում ծածկել միայն մանրատամնավոր և Յուլիայի Գ-ները։

Տնկումը. Գ-ները պետք է տնկել վաղ գարնանը (մինչև ծաղկումը) կամ ծաղկումից հետո (մինչև սեպտեմբերի կեսերը)։ Նույն տեղում լավ են աճում 5-6 տարի, այնուհետև թփերը պետք է բաժանել և վերատնկել։ Բազմացնում են կանաչ կտրոններով, որի համար պիտանի են տերևավարդակները։ Վերջիններս հեշտ են արմատակալում գարնանը և ամռանը՝ ստվերոտ վայրերում։ Մանրատամնավոր Գ. բազմացնում են արմատային կտրոններով։ Սերմերով բազմացնելիս պետք է ցանել աշնանը (օգտագործելով միայն թարմ հավաքածները) արկղերում կամ թաղարներում, իսկ գարնանը վերասածիլել (1-2 իսկական տերևների առկայության դեպքում)։ Սերմնաբույսերը պետք է աճեցնել 2 տարվա ընթացքում։ Հիմնական վայրում տնկելուց հետո 10 օր պարտադիր ջրել։ Առաջին երկու տարվա ձմռանը խորհուրդ է տրվում ծածկել տերևներով։

Խնամքը. անհրաժեշտ է քաղհանել մոլախոտերը, շոգ եղանակին ջրել, պարտադիր կերպով բույսի շուրջը հողը ծածկել տորֆակոմպոստով կամ բուսահողով, որոնք ծառայում են նաև որպես պարարտանյութ։

Հիվանդությունները. Գ. ախտահարվում է մոխրագույն փտումով, կեղծ և իսկական ալրացողով, արմատների փտումով, խայտաբղետությամբ, տարբեր տեսակի նեմատոդներով։

Պայքարի միջոցները նույնն են, ինչ մյուս բույսերինը։ Հողի բարձր թթվայնության, ջրի կանգի, ազոտի, կալիումի, երկաթի և մանգանի անբավարարության դեպքում կարող է զարգանալ քլորոզ։

Վնասատուները. ձմռանը և վաղ գարնանը կարող են վնասել մկները, որոնք կրծոտում են արմատավզիկները՝ առաջացնելով բույսի մահացում։

Պայքարի միջոցները. աշնանը կրծողների ոչնչացում, թունավոր խայծերի տեղադրում։

ԳՈՆԳԵՂ, ՀՀ-ում մշակվում է Գեղարքունիքի, Լոռու և Արագածոտնի մարզերում։ Առավել տարածված է Ճամբարակի սորտը։ Գ. բարձր բերք է տալիս լավ պարարտացված հողերում։ Աշնանը հարկավոր է պարարտացնել (3-4 կգ բուսահող կամ կոմպոստ, 15–20 գ միզանյութ, 30-40 գ սուպերֆոսֆատ և 25-30 գ կալիումական աղ 1 մ²-ի հաշվով)։ Գ. աճեցնում են սերմերով կամ սածիլներով։ Ցանքը կատարում են վաղ գարնանը՝ 35-40 սմ միջշարային տարածությամբ, 1-2 սմ խորությամբ։ Նոսրացնում են առաջին զույգ տերևների առաջացման փուլում՝ թողնելով 5-6 սմ միջբուսային տարածություն։ Երկրորդ նոսրացումը կատարում են մեկ շաբաթից հետո՝ թողնելով 15-20 սմ միջբուսային տարածություն։ Սածիլում են հունիսի 10-15-ին՝ 3-4 իսկական տերևների առաջացման փուլում (ցանքից 30-40 օր հետո) 40-50 սմ միջշարային և 20-30 սմ միջբուսային հեռավորությամբ։ Վեգետացիայի շրջանում (շրջափուլում) Գ. պետք է սնուցել