Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/650

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պտուղների մեջ։ Ծիրանենու պտուղների վրա առաջանում են կարմրավուն բծեր, որոնք մեծանալով միաձուլվում են՝ առաջացնելով դարչնագույն բարձիկներ։ Ուժեղ վարակված ճյուղերն ու շիվերը չորանում են։

Պայքարի միջոցները. մայիսի առաջին տասնօրյակում ծիրանենին, դեղձենին և սալորենին սրսկել կուպրոզանի կախույթով (10 լ ջրին՝ 40 գ կուպրոզան) կամ կարբոֆոսով (10 լ ջրին՝ 20 գ)։

Դեղձենու տերևների գանգրոտությունը վտանգավոր սնկային հիվանդություններից է։ Տերևները և մատղաշ ընձյուղները դառնում են մսալի, կարմրագորշ գույնի և թափվում են։ Պայքարի միջոցները. մարտ ամսին ծառերը սրսկել 80 %-անոց քլորոֆոսի և կուպրոզանի համակցված լուծույթով (10 լ ջրին՝ 20 գ քլորոֆոս և 40 գ կուպրոզան)։ Բողբոջների ուռչելու շրջանում սրսկել 1 %-անոց բորդոյան հեղուկով (10 լ ջրին՝ 100 գ կիր, 100 գ պղնձարջասպ)։ Կոկոմիկոզը բալենու և կեռասենու վտանգավոր հիվանդություն է։ Սունկը վնասում է տերևները և պտուղները։ Տերևների վերին մասում առաջանում են գորշագույն բծեր, ստորին մասում՝ կոնիդիումի սպիտակավարդագույն բարձիկներ։ Ուժեղ վարակվածության դեպքում տերևները դեղնում և վաղաժամ թափվում են։ Վնասված պտուղները վատ են զարգանում, ձևափոխվում։ Կոկոմիկոզի դեմ պայքարելու համար արդյունավետ են սրսկումները բորդոյան հեղուկով և դրա փոխարինիչներով՝ երկնագույն սրսկում կանաչ կոնով (3-4 %-անոց բորդոյան հեղուկով), ծաղկումից անմիջապես հետո (1 %-անոց բորդոյան հեղուկով), նախորդ սրսկումից 15-20 օր հետո (1 %-անոց բորդոյան հեղուկով) և բերքահավաքից հետո (միզանյութի 4-5 %-անոց լուծույթով)։ Սունկը ձմեռում է թափված տերևների վրա։

Անտրաքնոզը վնասում է խաղողի, հաղարջենու տերևները, որոնք պատվում են բծերով, գորշանում, չորանում և թափվում են։ Սունկը ձմեռում է վարակված թափված տերևների վրա։

Ալրացողը վարակում է կոկռոշենու և հաղարջենու տերևները, ընձյուղները և պտուղները։ Վնասված օրգանների վրա առաջանում է ալրանման փառ, որն աստիճանաբար մգանում է, տերևների և պտուղների աճը դադարում է և չորանում են, ընձյուղների ծայրերը չորանում են, սևանում և ոչնչանում։ Սունկը ձմեռում է բույսի վնասված մասերում։ Որպեսզի կանխվի վարակը, գարնանը (մինչև բողբոջների բացվելը) բույսերը պետք է սրսկել նիտրաֆենի լուծույթով (300 գ՝ 10 լ ջրին) կամ երկաթարջասպի 5 %-անոց լուծույթով (500 գ՝ 10 լ ջրին)։ Անտրաքնոզի, սեպտորիոզի և ժանգի դեմ հաղարջենու և կոկռոշենու ծաղկումից անմիջապես հետո պետք է սրսկել 10 %-անոց բորդոյան հեղուկով և կրկնել ծաղկումից 10-15 օր հետո։

Մոխրագույն փտումը ազնվամորու և ելակի հիվանդություն է։ Վնասում է ազնվամորու պտուղները և ելակի բոլոր վերգետնյա օրգանները։ Սովորաբար հիվանդությունը բռնկվում է խոնավ և ցուրտ եղանակներին։ Ելակի ալրացողն ավելի հաճախ վնասում է տերևները, որոնք կոշտանում և ոլորվում են, հատապտուղների վրա առաջանում է ալրանման փառ։ Սունկը ձմեռում է բույսի վնասված մասերի վրա։ Ազնվամորու անտրաքնոզը վնասում է տերևները, ընձյուղները և հատապտուղները։ Տերևների վրա առաջանում են կլորավուն բծեր՝ վառ կարմիր եզրով, վնասված ողկույզները ոչնչանում են, հատապտուղները՝ չորանում։ Հարուցիչը ձմեռում է վնասված ընձյուղների վրա։ Ազնվամորու և ելակի հիվանդությունների դեմ պայքարելու համար վաղ գարնանը (բողբոջների բացվելուց առաջ) բույսերի շուրջը և միջշարքերի հողը պետք է սրսկել նիտրաֆենի լուծույթով (200 գ՝ 10 լ ջրին)։ Այդ մշակումով ոչնչանում են հիվանդության հարուցիչները, որոնք ձմեռում են թափված տերևների և ընձյուղների վրա։ Կոկոնակալման ժամանակ և բերքահավաքից հետո ազնվամորին պետք է մշակել 1