Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կրում է 6-12 ծաղիկ։ Որպես սենյակային բույս առավել տարածված են նարնջագույն Հ. և իր տարատեսակները՝ դեղնագծավոր տերևներով։ Հանդիպում է նաև ազնիվ Հ.՝ սպիտակ ծաղիկներով։ Հ. բազմացվում է արմատային ընձյուղներով։ Տարիքավոր բույսերը կարելի է վերատնկել 2-3 տարին մեկ, իսկ երիտասարդ բույսերը՝ ամեն տարի, կավաճմային, տերևային հողախառնուրդում՝ ավազի հավելումով։ Աճման և ծաղկման ընթացքում խորհուրդ է տրվում բույսերն առատ ջրել և սնուցել։


ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, էլեկտրական էներգիայի հաղորդման արագությունը կամ կերպափոխումը բնութագրող ֆիզիկական մեծություն։ Չափվում է վատտերով կամ վատտերի ածանցյալ միավորներով (հեկտովատտ, կիլովատտ)։ Էլեկտրական կենցաղային սարքերը և լամպերը սպառում են մոտավորապես 10 Վտ-ից մինչև 1 կՎտ հզորություն։


ՀԻԳԻԵՆԱ ԲՆԱԿԱՐԱՆԻ, կենցաղային հիգիենայի հիմքը բնակարանում մաքրության և կարգուկանոնի ապահովումն է։ Անհրաժեշտ է հետևել օդի մաքրությանը (հաճախակի օդափոխել բնակարանը), ջերմաստիճանային բարենպաստ ռեժիմի պահպանմանը։ Սենյակում հաստատուն ջերմության (ամռանը՝ 22-25 °C, ձմռանը՝ 20-22 °C, բայց 18 °C –ից ոչ ցածր) պահպանման նպատակով հարկավոր է արտաքին դռների և լուսամուտների շրջանակների (փայտաշեն տանը՝ առաստաղի ծածկի) ճեղքերը փակել։ Ջերմաստիճանը բարձրացնելու համար օգտագործում են էլեկտրական ջեռուցիչ սարքեր։ Վառարանային ջեռուցման դեպքում անհրաժեշտ է զգուշանալ, որ այրման արգասիքները, հատկապես շմոլ գազը, սենյակ չթափանցեն։

Օդի հովացման, մաքրման և խոնավության կարգավորման համար կարելի է օգտագործել կոնդիցիոներ։ Տան մեջ խոնավության առաջացման պատճառներից (բացի շենքի հիմքի մեջ հողի խոնավության ներթափանցումը, նկուղի հեղեղումը, տանիքի, վերին ծածկի և կառուցվածքային այլ տարրերի արատները) կարող են լինել կացարանի ոչ ճիշտ շահագործումը, վատ ջեռուցումը և օդափոխումը, հաճախակի լվացքն ու շորերը բնակարանում չորացնելը։

Անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել ընդհանուր օգտագործման տեղերի մաքրությանը։ Առավել խնամքով պետք է մաքրել խոհանոցը։ Ճանճերից, խավարասերներից, կրծողներից խուսափելու համար սնունդը և կեղտոտ ամանները չպետք է թողնել բաց վիճակում, սննդի մնացորդներն անհրաժեշտ է հավաքել փակ ամանի մեջ և ժամանակին թափել։ Տես նաև Վարակազերծում, Դերատիզացում և Միջատազերծում:


ՀՅՈՒՍՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, աշխատանքների այս ոլորտն ընդգրկում է փայտե դետալների չափանշումը, մեխանիկական մշակումը, սոսնձումը, հավաքումը, երեսպատումը և հարդարումը, ծխնիների, բռնակների, փականքների տեղադրումը, պարակալների և բռնաձողերի տեղակայումը ևն։

Փայտե իրերի պատրաստման և նորոգման համար օգտագործվում են տախտակներ, ամբողջական կամ սոսնձած չորսուներ և փայտասալեր, ֆաներ, փայտատաշեղային (ՓՏՍ) և փայտաթելքային (ՓԹՍ) սալեր։

Տախտակները, չորսուները և փայտասալերը պատրաստվում են բնական փայտանյութից և ունեն վերջինիս բոլոր հատկությունները (թելքային կառուցվածք, բեռնվածքներին դիմադրելու ունակություն, դյուրամշակելիություն, լավ սոսնձվելու հատկություն ևն)։

Ֆաները բաղկացած է 0,5-1 մմ հաստության նրբատախտակի երեք և ավելի սոսնձված թերթերից (կից թերթերի փայտաթելքերը փոխուղղահայաց են), ֆաների հաստությունը 3-ից մինչև 25 մմ է։ Այն կիրառում են արկղեր, դարակներ, շրջանակներ, զանազան մանր իրեր, կահույք, հեռուստացույցի և ձայնական համակարգերի պատյաններ պատրաստելու, հարդարման աշխատանքների համար ևն։

ՓՏՍ պատրաստում են կապակցանյութի (խեժի) օգտագործմամբ։ Թողարկվում են 10, 18, 20 և 30 մմ հաստության ՓՏՍ, որոնցից հիմնականում պատրաստում են կահույք։ ՓՏՍ-ից պատրաստված իրերը հեշտությամբ են մշակվում, բավական ամուր են, չեն ծռմռվում, սակայն խոնավադիմացկուն չեն։ Խոնավությունից պաշտպանելու համար ՓՏՍ պատում են նրբատախտակով, վրան փակցնում փայտ նմանակող թաղանթ, ապա լաք կամ յուղաներկ քսում։

ՓԹՍ պատրաստում են մանրած փայտանյութերի մամլումով տարբեր հավելանյութերի (պարաֆին, խեժ, բևեկնախեժ) օգտագործմամբ։ Կիրառում են պատերի, առաստաղի երեսպատման համար (շինությունների ջերմամեկուսացման նպատակով), իբրև հարդարման նյութ ևն։ ՓԹՍ-ից պատրաստված իրերը հեշտությամբ են մշակվում, բայց բավականաչափ ամուր չեն։

Շատ Հ.ա. կատարվում են ձեռքով, դազգահի վրա։ Դազգահի փոխարեն կարելի է օգտագործել ֆաներով ծածկված սովորական սեղան։

Հյուսնային գործիքները (նկ.) լինում են երեք հիմնական տեսակների. չափիչ-չափանշիչ (քանոն, ծալովի մետր, կարկին, անկյունաքանոն, ձևանմուշ ևն), կտրող (սղոց, կացին, ուրագ, ռանդա, դուր, գայլիկոն ևն) և օժանդակ (մուրճ, սալարկամուրճ, թորբու, պտուտակիչ, շաղափիչ, վրձին, աքցան, չափռաստիչ ևն)։ Սոսնձելու և հավաքելու համար կիրառվում են սեղմիչ հարմարանքներ (պտուտակամամլիչ, անուր)։ Փայտե մասերի չափանշումը մեխանիկական մշակումից առաջ կատարում են փայտե կամ մետաղե ծալովի մետրերով։

Փայտանյութի մեխանիկական մշակումը ձեռքի գործիքներով ներառում են նախաշինվածքի (երբեմն նաև պատրաստի իրի) սղոցումը և տաշումը, բութակների և բլթանցքերի պատրաստումը, խորշերի և անցքերի թործումն ու գայլիկոնումը, ամրակապման մասերի և այլ մանրամասերի (ծխնի, բռնակ ևն) տեղակայումը, ինչպես նաև հղկատաշումը և հղկումը։ Փայտե ոչ մեծ դետալներ կտրելու և ֆաներ կամ ՓՏՍ սղոցելու համար առավել հարմար գործիքը միաբռնակ սղոցն է (ձեռնասղոց)։ Հարմար են նաև փոխվող շեղբերով համապիտանի ձեռնասղոցները. մանրատամ սղոցը՝ ֆաների, ձողերի և բարակ զոլակների, միջին չափի ատամներովը՝ միջին հաստության տախտակների և ՓՏՍ-ի, խոշորատամ սղոցը՝ կոպիտ սղոցման համար։ Ձեռնասղոցի ատամները պետք է լավ սրված և ճիշտ բացված լինեն՝ մեկընդմեջ դեպի աջ ու ձախ թեքված։ Սղոցվածքի լայնությունը սղոցի հաստությունից փոքր-ինչ մեծ է ստացվում, որի շնորհիվ սղոցը չի լռվում փայտի մեջ։ Սղոցի ատամները բացելու համար կա հատուկ գործիք