Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/662

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուժեղ քամուց և արևի ճառագայթներից։ Մարտի վերջերին ապրիլի սկզբներին կարելի է Վ. էտել։

Գարնանային էտ. առաջին հերթին պետք է հեռացնել ցրտահարված ծայրերը, սևացած և սառնամանիքից ու տամկացումից մահացած ընձյուղները, հետո սկսել թփի ձևավորումը։ Ուժեղ կամ կարճ էտի դեպքում պետք է հեռացնել գրեթե ամբողջ ընձյուղը՝ թողնելով 2-3 լավ զարգացած ստորին բողբոջները։ Միջին էտի դեպքում ընձյուղի վրա թողնում են 4-6 ստորին բողբոջներ, թույլ կամ երկար էտի դեպքում հեռացնում են միայն ձմեռած ընձյուղի փոքր մասը և թողնում 6-10 բողբոջ։ Թեյավարդերի և ֆլորիբունդա խմբի Վ-ների ընձյուղները վաղահաս են. դրանց գարնանային էտը պետք է կատարել տարբերակված. 1-2 ընձյուղ պետք է երկար էտել՝ թողնելով 6-8 բողբոջ, իսկ մեկ ընձյուղ էտել կարճ՝ թողնելով 2-3 բողբոջ։ Այդ դեպքում առաջիններն առատ կծաղկեն, իսկ կարճ ընձյուղի ստորին բողբոջից կզարգանա հզոր ընձյուղ-փոխարինողը՝ հաջորդ տարվա ծաղկման հիմքը։ Ուստի բոլոր ընձյուղները չպետք է էտել կարճ կամ երկար, այլ պետք է ձևավորել թուփը և կատարել սանդղաձև էտ։ Պոլիանտ Վ. պետք է էտել կարճ՝ թողնելով 2-3 բողբոջ։ Այդ դեպքում ամռան ընթացքում ստորին բողբոջներից կզարգանան մի քանի ուժեղ ընձյուղներ, որոնք ամռան կեսերից մինչև խոր աշուն կծաղկեն։ Գարնանը որքան կարճ էտեն անցած տարվա ընձյուղները, այնքան դրանք շատ կզարգանան, և ծաղկումը կլինի փարթամ։

Վնասատուները. առավել տարածված են Վ-ու ցողունի և տերևի, ավելի քիչ՝ կոկոնների և ծաղիկների վնասատուները: Դրանցից են Վ-ու տերևոլորը, սղոցողը, լվիճը, ոստայնատիզը։

Հիվանդություններից են ալրացողը, մոխրագույն փտախտը, բակտերիային քաղցկեղը։

ՎԱՐԴԿԱԿԱՉ, շուշանազգիների ընտանիքի բազմամյա սոխուկավոր խոտաբույսերի ցեղ։ Ընդգրկում է շուրջ 140 տեսակ։ ՀՀ-ում հայտնի է Վ-ի 7 տեսակ (Երկծաղկավոր, Խճճված, Յուլիայի, Վայրի ևն), որոնք աճում են ստորին և միջին լեռնային գոտիների (հիմնականում՝ Մեղրի, Զանգեզուր) քարքարոտ լեռնալանջերին, նոսր անտառներում, մացառուտներում։ 6 տեսակը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Մշակովի (պարտեզային) Վ-ներն ունեն մոտ 10 հզ. սորտ։ Ըստ ծաղկման ժամկետի և ծաղկի կազմության առանձնահատկությունների սորտերը բաժանվում են 15 դասի։ Բաց գրունտում աճեցնելու համար առավել պիտանի են հետևյալ դասերում խմբավորված սորտերը:

Պարզ վաղահաս Վ-ներն ունեն ծաղկման վաղ ժամկետներ։ Ցողունը բարձր չէ (25-40 սմ), ծաղիկները թասաձև են կամ լայն գավաթաձև՝ հիմնականում դեղին և կարմիր գույների։ Կարելի է նախաճեցնել հունվար-փետրվարին։

Տրիումֆ Վ-ները բարձրաճ են, խոշոր գավաթաձև, բազմագույն ծաղիկներով, լավ են բազմանում։

Դարվինյան հիբրիդները բարձրաճ են, խոշոր գավաթաձև, առավելապես ալ կարմիր, երբեմն դեղին, երկգույն ծաղիկներով։ Ունեն ծաղկման վաղ ժամկետներ, բազմացման բարձր գործակից, կարելի է նախաճեցնել, կայուն են հիվանդությունների նկատմամբ։

Պարզ ուշահաս սորտերը միջ- և բարձրաճ են՝ տարբեր ձևի խոշոր ծաղիկներով։

Շուշանածաղկայիններն ունեն նրբագեղ, երկարավուն ծաղիկներ՝ նեղ, սուր, դեպի դուրս ծալված, վառ գույնի պսակաթերթիկներով։

Ուշահաս լիաթերթ Վ-ներն ունեն խիտ լիաթերթ, քաջվարդաձև, սպիտակ, դեղին, կարմիր, մանուշակագույն ծաղիկներ։ Ծաղկում են Տրիումֆ Վ-ների հետ միաժամանակ։

Տեղի ընտրությունը. Վ. լավ է աճում լուսավոր, հարթ, ուժեղ քամիներից պաշտպանված հողամասերում։ Արեգակի լույսի անբավարարությունից ցողունները ձգվում են և ծռվում, սոխուկները մանրանում են և այլասերվում։ Ուժեղ և սառը քամիներից կրճատվում է ծաղկման տևողությունը, ցողունները կոտրտվում են, վատանում է բույսի արտաքին տեսքը։ Ուշահաս սորտերը կարելի է տնկել կիսաստվերում, այդ դեպքում ավելի երկար են ծաղկում։

Հողը պետք է լինի լավ ոռոգելի, թեթև, ջրանցիկ, խոնավատար, հումուսով հարուստ, չեզոք կամ թույլ հիմնային ռեակցիայով։ Պիտանի չեն գրունտային ջրերի բարձր մակարդակով, ինչպես նաև ծանր կավային հողերը։ Տնկելուց 2-3 ամիս առաջ հողը պետք է վերափորել 25-30 սմ խորությամբ, փխրեցնել, հարթեցնել և պարարտացնել։ Տնկելուց մեկ շաբաթ առաջ նորից վերափորել։

Պարարտանյութերը կիրառել հողը նախապատրաստելիս։ Առաջին վերափորի ժամանակ պարարտացնել փտած գոմաղբով (1 մ²–ին՝ 4-7 կգ) կամ կոմպոստով (1 մ²–ին՝ 3-5 կգ), 2-րդի դեպքում՝ ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերով (1 մ²–ին համապատասխանաբար՝ 30, 60 և 40 գ)։ Վաղ գարնան ձնհալի ժամանակ կիրառել ազոտական պարարտանյութեր (1 մ²–ին՝ 25-30 գ)։ Կոկոնակալման շրջանում տալ 2-րդ սնուցումը ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր (1 մ²–ին՝ 30-40 գ և 40-50 գ)։ 3-րդը լրիվ ծաղկման փուլում (1 մ²–ին՝ 40-50 գ կալիումի սուլֆատ)։ Ծանր հողերում պետք է մեծացնել ազոտի բաժնեչափը և փոքրացնել ֆոսֆորինը, թեթևում ընդհակառակը։ Լավ ներգործություն են ունենում միկրոպարարտանյութերը` մանգանը, թորը, ցինկը, որոնք պետք է օգտագործել սնուցումների ժամանակ` ավելացնելով 10 լ ջրին` 8-10 գ մանգանի սուլֆատ, 5-10 գ բորաթթու, 1-3 գ ցինկի սուլֆատ։ Բույսերը գերսնուցելիս սոխուկները լավ չեն հասունանում, իսկ պահելիս՝ հեշտությամբ հիվանդանում են։

Տնկումը խորհուրդ է տրվում կատարել այն հաշվով, որ մինչև սառնամանիքների սկսվելը բույսերը լավ արմատակալեն։ Արմատների առաջացման համար առավել բարենպաստ է հողի 6-10°C ջերմաստիճանը։ ՀՀ-ում պետք է տնկել սեպտեմբերի սկզբներից հոկտեմբերի կեսերը։

Բույսերը պետք է տնկել մեկ-մեկ, շարքերով, մանր սոխուկները ակոսներուն։ Միջսոխուկային, միջշարային հեռավորությունը, ինչպես նաև տնկման խորությունը կախված են սոխուկների չափերից, որքան խոշոր է սոխուկը, այնքան սնման մեծ մակերես է պահանջում։ Սովորաբար միջշարային հեռավորությունը 20-25 սմ է, խոշոր սոխուկներինը՝ 8-10 սմ, տնկման խորությունը պետք է կազմի սոխուկի 3 բարձրությունը։ Թեթև հողերում կարելի է տնկել ավելի խոր, ծանրում՝ մակերեսորեն։ Կայուն սառնամանիքներից հետո, երբ հողի վերին շերտը սառչում է, հողամասը պետք է ծածկել տորֆով, կիսափտած կոմպոստով (5-10 սմ շերտով), տերևներով, ծղոտով (1 մ²–ին՝ 1 կգ)։ Գարնանը