Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չափռաստիչ, որով սղոցի ատամների ծայրերը թեքում են երկու կողմի վրա 0,5-0,7 մմ բացվածքով։ Ատամների բացվածքը յուրաքանչյուր կողմից պետք է նույնը լինի։ Սղոցի ատամները բացելուց հետո պետք է դրանք սրել եռանիստ խարտոցով։

Փայտանյութը ռանդում են զոլաղով (կոպիտ մշակում), ռանդայով (նախնական և մաքուր ռանդում), ֆուգանով (երկարավուն դետալների վերջնամշակում) և նրբառանդայով (մաքրամշակում)։

Ռանդաները լինում են փայտե և մետաղե իրաններով։ Դանակի կտրող եզրը պետք է 0,5-0,8 մմ-ով հավասարաչափ դուրս ցցված լինի ռանդայի ներքևի մակերևույթից։ Թեք տեղակայված դանակը մշակվող մակերևույթին հետքեր է թողնում։

Հնարավորության սահմաններում փայտանյութը հարկավոր է ռանդել թելքերի երկայնքով։ Որպեսզի ռանդելու ժամանակ մշակվող դետալը չտեղաշարժվի, այն հարկավոր է ամրացնել պտուտակամամլիչով կամ հենել շրիշակին։ Ռանդայի դանակը սրում են հեսանով (մանրհատիկավոր սրոցաքար)։

Թործումը կատարվում է թործադուրով և դուրով՝ բների, ակոսների և այլ խորացումների փորակահանման համար։ Թողարկում են տարբեր լայնության սայրերով թործադուրեր և դուրեր։ Գործածելուց առաջ դուրը հարկավոր է մի կողմից խնամքով սրել։ Խոռոչներ թործելիս դուրը պետք է նշագծից 1-2 մմ հեռու դնել, ապա աստիճանաբար մոտեցնել նշագծին։ Միջանցիկ անցք փորելու համար պետք է թործել դետալի երկու կողմերից հանդիպակաց ուղղություններով։

Եթե տախտակը զգալիորեն լայն է պահանջվող չափից, այն կարելի է նեղացնել ուրագով, ապա ռանդել։ Հղկատաշումը և հղկումը փայտե իրերի մեխանիկական մշակման եզրափակիչ գործողություններն են, որոնք նախորդում են մակերևույթի երեսպատմանը կամ հարդարմանը։ Հղկատաշման և հղկման ժամանակ կիրառում են թորբուներ, հղկատաշիչներ, խարտոցներ և զմռնիտաթուղթ (հղկաթուղթ)։ Երբեմն փայտե իրերի մակերևույթի մաքրամշակման համար օգտագործում են թերթապակու կտորներ։ Բութակները, փոսիկները, միջանցիկ անցքերը մշակվում են համապատասխան ձևի խարտոցներով:

Փայտե դետալների և իրերի սոսնձումը և հավաքումը։ Հ. ա-ում միացումների հիմնական տեսակներն են սոսնձային միացումը, կապումը և մետաղե ամրակատարրերով միացումը։ Սոսնձային միացման դեպքում միացվող մակերևույթներին քսվում է մոտ 0,1 մմ հաստության սոսնձի շերտ (տես Սոսնձում):

Կապում է կոչվում տարրերի միացման այն ձևը, որի դեպքում տարրերից մեկն ունի մյուս տարրի համապատասխան փոսիկի կամ բլթանցքի մեջ մտնող ելուստային մաս բութակ։ Հաճախ օգտագործում են կլոր կամ տափակ ներդնովի բութակներ։

Սովորաբար ատաղձագործական կապումներն անում են սոսնձի օգտագործմամբ, իսկ քանդովի միացումներ ստանալու համար առանց սոսնձի, մետաղե ամրակատարրերով (պտուտակներ, հեղույսներ, մեխեր, թիթեղներ, գամեր ևն)։ Երկու դետալ պտուտակով ամրացնելու համար հարկավոր է դրանք իրար վրա դնել, մատիտով նշել պտուտակի տեղը և ապա միաժամանակ երկու դետալների մեջ անցքեր բացել (գայլիկոնի տրամագիծը պետք է պտուտակի ակոսված մասի տրամագծից մոտ երկու անգամ փոքր լինի)։ Դրանից հետո պտուտակի տրամագծին հավասար տրամագծի գայլիկոնով անհրաժեշտ է առաջին դետալի անցքը մեծացնել։ Եթե պտուտակը դժվարությամբ է մտնում դետալի մեջ, խորհուրդ է տրվում մի քիչ օճառ քսել պտուտակին։

Ամուր ծառատեսակների փայտանյութից պատրաստված դետալին մեխ խփելուց առաջ խորհուրդ է տրվում մեխի հաստությունից մի քիչ փոքր տրամագծի անցք գայլիկոնել։ Ոչ շատ հաստ դետալներ մեխելիս հարկավոր է նախապես թեթևակի բթացնել մեխի ծայրը։ Փոքր մեխը հեշտ կմտնի տախտակի մեջ, եթե թրջվի ջրով։ Ծռված մեխն ավելի լավ է հանել և փոխարինել նորով։ Ոչ մեծ մեխերը կարելի է հանել աքցանով կամ տափաշուրթով, երկար մեխերը՝