Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեխահանով։ Եթե հարկավոր է դետալն այնպես ամրացնել, որ մեխի գլխիկը չերևա, մեխելուց առաջ այն հարկավոր է կտրել աքցանով։ 15-20 մմ երկարության բարակ մեխեր խփելիս խորհուրդ է տրվում նախապես բզով փոքր անցքեր բացել։ Մեխելիս կարելի է նաև մուրճով հարվածելու պահին մեխիկը բռնել տափաշուրթով կամ Էլ նախապես «ամրացնել» պլաստիլինով, կամ հացի փափուկ միջուկով։

Երեսպատումը (ֆաներապատում) սովորաբար կատարում են գեղազարդման նկատառումներով՝ օգտագործելով արժեքավոր փայտատեսակից պատրաստված նրբատախտակ, փայտ նմանակող դեկորատիվ թաղանթ։ Երեսպատումից առաջ մակերևույթը պետք է խնամքով հարթեցնել, մշակել հղկաթղթով կամ հղկատաշիչով։ Դետալի և նրբատախտակի մակերևույթներին հարկավոր է քսել սոսնձի բարակ շերտ, որից հետո նրբատախտակը ամուր սեղմել դետալին և այդպես թողնել մինչև սոսինձը լրիվ չորանա։ Նրբատախտակի դուրս մնացած մասերը պետք է կտրել սուր դանակով, և կտրվածքի տեղերը մշակել հղկաթղթով։ Ֆաներապատված մակերևույթը նույնպես հարկավոր է մշակել հղկաթղթով և լաքապատել կամ բևեկնայուղի ու բնական մոմի լուծույթ քսել։ Չորանալուց հետո մակերևույթը պետք է կրկին մշակել հղկաթղթով, ծածկանյութ քսել և այդպես 3-4 անգամ։

Փայտ նմանակող թաղանթ փակցնելուց առաջ մակերևույթը հարկավոր է առավել խնամքով նախապատրաստել, քանի որ ամենափոքր անհարթությունն իսկ աչքի է զարնում։ Առավել հաճախ թաղանթն օգտագործում են ՓՏՍ-ից պատրաստված իրեր երեսպատելու համար։ Նման դեպքերում մակերևույթը հարկավոր է հղկաթղթով մշակել, սալերի կողամասերը մածկել, հղկել զմռնիտաթղթով և հեռացնել փոշին, կեղտն ու ճարպաբծերը։ Իրերի մաքրած մակերևույթը ցանկալի է 1-2 անգամ լաքապատել։

Հարդարումն ընդգրկում է փայտե դետալների, իրերի մակերևույթի անցքերի և ճեղքերի լցափակումը, լաքապատումն ու ներկումը։ Լցափակման համար կիրառում են օլիֆի, լաքի, սինթեթիկ խեժերի, ատաղձագործական սոսնձի հիմքով պատրաստված մածիկներ։ Օրինակ, ՓՏՍ-ի անցքերը և խոր փոսիկները հարմար է լցափակել էպօքսիդային խեժի կամ ատաղձագործական սոսնձի և փայտաթեփի խառնուրդով։ Կահույքի մակերևույթին փոս ընկած տեղերի արագ լցափակման համար կարելի է օգտվել սովորական զմուռսից (լցնել տաք վիճակում և հարթեցնել, սառչելուց հետո մշակել զմռնիտաթղթով)։

Բնական փայտանյութից պատրաստված իրերը հարդարելուց առաջ պետք է մակերևույթը սրբել չոր շորով, այնուհետև մի քանի անգամ պատել հեղուկ խածատիչով, մինչև փայտը ձեռք բերի անհրաժեշտ երանգ։ Պետք է հաշվի առնել, որ խոնավ վիճակում փայտանյութն ավելի մուգ է, քան չոր վիճակում։ Չորանալուց հետո մակերևույթը հարկավոր է պատել բևեկնայուղի և մոմի լուծույթով։ Չոր մակերևույթը պետք է լավ շփել մահուդի կտորով։

Խածատումից հետո փայտե իրերը կարելի է մի քանի անգամ լաքապատել։

Ներկելուց առաջ փայտե իրերի մակերևույթը հարկավոր է հարթեցնել, մածկել, մաքրամշակել, ապա ներկաստառել (տես Ներկարարական աշխատանքներ):


ՀՈՂԱԿՑՈՒՄ, նախատեսված է ռադիոընդունիչների ու հեռուստացույցների արտաքին անտենաները, ինչպես նաև դրսում կամ հողե, բետոնե, աղյուսե հատակ ունեցող շինություններում բանեցվող կենցաղային էլեկտրասարքերը (լվացքի մեքենաներ, էլեկտրասալեր, ջրային պոմպեր ևն), էլեկտրագործիքները (գայլիկոններ, հեսաններ, ռանդաներ ևն) էլեկտրականորեն հողին միացնելու համար։

Հ. թուլացնում է հպման լարումը և քայլային լարումը, որոնց հարվածի տակ կարող է ընկնել մարդը էլեկտրական կայանքի մեջ կարճ միացում առաջանալու դեպքում, պահպանում է ռադիոընդունիչները և հեռուստացույցները ամպրոպի ժամանակ վնասվելուց (արտաքին անտենային կայծակի ուղղակի հարվածի դեպքում)։ Սենյակի անտենաներով աշխատող ռադիոընդունիչների և հեռուստացույցների համար ևս Հ. ցանկալի է, քանի որ, որպես կանոն, այն միացնում է ընդունման հեռավորությունը և նվազեցնում խանգարումները։ Հ. կազմված է հողակցիչից, որն ապահովում է անմիջական հպումը գետնին, և հողակցող հաղորդալարից։ Գյուղական վայրերում հուսալի հողակցիչ կարող են ծառայել մինչև 1-2 մ կամ ավելի մեծ խորությամբ (մինչև խոնավ հողաշերտին հասնելը) թաղված մետաղաթերթը, ցինկապատ գուռը, դույլը, տաշտակը, որոնց զոդված է հողակցող հաղորդալարը։ Կարելի է նաև մինչև 2,5-3 մ խորությամբ գետնի մեջ խրել 30-70 մմ տրամագծով պողպատե (երկաթե) խողովակ։ Եթե հողն ավազոտ կամ քարքարոտ է, ապա հարկ է դնել երկու հողակցիչ միմյանցից 5-6 մ հեռավորությամբ։ Չափազանց չոր գրունտի և խորը գետնաջրերի դեպքում անհրաժեշտ է գրունտը արհեստական մշակման ենթարկել (օրինակ, աղ ցանել) էլեկտրահաղորդականությունը մեծացնելու համար։ Հողակցող հաղորդալարը հողակցիչին միացվում է եռակցման կամ զոդման եղանակով։ Եռակցման (զոդման) տեղը հարկավոր է ներկել ասֆալտի լաքով։ Իբրև հողակցող հաղորդալար օգտագործվում է 4-5 մմ տրամագծով պողպատալարը։ Իբրև հողակցիչ կենտրոնական ջեռուցման կամ գազամուղի խողովակների օգտագործումը խստիվ արգելվում է, քանի որ անտենայի կայծակնահարման կամ էլեկտրասարքի մեջ կարճ միացման ժամանակ կարող է առաջանալ հրդեհ հողի հետ գազի կամ ջեռուցման ցանցի վատ հպման հետևանքով և, բացի այդ, դա ուժեղացնում է խողովակների կոռոզիան (ժանգոտումը)։

ՁԱՅՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, սովորաբար բաղկացած է ընդհանուր պատյանի մեջ ներկառուցված մեկ կամ տարբեր տեսակի մի քանի բարձրախոսներից։ Մտնում է կենցաղային հնչյունատեխնիկական սարքերի (լազերային նվագարկիչ, մագնիտոֆոն, երաժշտական կենտրոն