Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Պարսկաստանում վերացրել է մահմեդականություն ընդունած հայերի բացառիկ իրավունքը հայրենական ժառանգության նկատմամբ։ Ըստ այդ իրավունքի, քրիստոնյա ընտանիքի մի անդամը, մահմեդականություն ընդունելով, դառնում էր այդ ընտանիքի միակ ժառանգորդը։ Նույն թվականին Ա․ Ա Հ․ վերացնել է տվել նաև գլխահարկի հավելումները։ Այդ առիթով նա երկիր վերադառնալու կոչ է ուղղել խտրականության հետևանքով ուրիշ երկրներում հաստատված արևելահայ վաճառականներին։ Ա․ Ա Հ․ հատուկ կոնդակով Շամախու, Շիրվանի և Շաքիի թեմերը հռչակել է տերունի և հանել Գանձասարի կաթողիկոսության իրավասությունից։ Սակայն Եսայի Հասան-Ջալալյանի՝ Էջմիածին այցելելուց հետո կրկին դրանք հանձնել է Գանձասարի աթոռի իրավասությանը։ Շին․ աշխատանքներ է կատարել Էջմիածնի Մայր տաճարում, Էջմիածնի կալվածների մի մասն ապահովել վավերացված կալվածագրերով։

Ա․ Ա Հ-ուց մեզ են հասել մի շարք երկեր, որոնք մատենագր․ վկայությունների քաղվածներ են (Վկայութիւնք յԱստուածաշունչ գրոց, այսինքն՝ ի Հին և ի Նոր Կտակարանաց, ի պէտս ուսումնասէր մանկանց Սիոնի, Մատենադարան, ձեռ․ դ 3637, 1988։ Վկայութիւնք սրբոց վարդապետացն մերոց աստուածիմաստից և բանիբուն իմաստասիրաց, ի պէտս ուսումնասէր մանկանց Սիոնի, Մատենադարան, ձեռ․ դ 3281։ Աստուածատրոյ Համադանեցւոյ իբրու բանասիրէ արարեալ ժողովածու գիրքս՝ ի պէտս քարոզողաց և ի զբօսանս մանկանց եկեղեցւոյ, Մատենադարան, ձեռ․ դ 56) և կոնդակներ։ Նրա պատվերով Ավետիք Տիգրանակերտցին կազմել է մի Գավազանագիրք (Մատենադարան, ձեռ․ դ 1492)։ Ա․ Ա Հ․ լուսնի խավարումը դիտելու ժամանակ տանիքից ընկել է և վախճանվել։ Ամփոփվել է Հռիփսիմեի տաճարի գավթում։

Կաթողիկոս․ գահին Ա․ Ա Հ-ուն հաջորդել է Կարապետ Բ Ուլնեցին։

Գրկ․ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 2, ԿՊ, 1914։ Անասյան Հ․, Հայկական մատենագիտություն, հ․ 2, Ե․, 1976։ Կարապետյան Մ․, Իմամ Ջաֆարի օրենքը և արևելահայերը (XVII–XVIII դարեր), ՊԲՀ, 1988, դ 1։

Պավել Չոբանյան

ԱՍՏՎԱԾԸՆԿԱԼ ՎԱՆՔ, ՀՀ Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղի մոտ, Քասաղ գետի աջ ափի բլրի վրա։ Անունն առաջացել է վանքում պահվող Աստվածընկալ ս․ Խաչ-ից։ Ա․ վ-ի Ս․ Աստվածածին եկեղեցին (V դ․) թաղածածկ կառույց է՝ հվ-ից կից երկու ուղղանկյուն ավանդատներով։ 1207-ին եկեղեցին նորոգվել է, և հաստատվել է վանական միաբանություն։ 1244-ին իշխան Քուրդ Վաչուտյանն ու իր կինը՝ Խորիշահը, Ս․ Աստվածածին եկեղեցուն հս-ից կից կառուցել են Ս․ Նշան եկեղեցին և վանքին նվիրել այգիներ։ Մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածք ունեցող այս եկեղեցու սեղանի հիմքում ամփոփվել են Հակոբոս առաքյալի մասունքները։ XIII դ․ ճարտ․ Յոհանես վարդպետը Ս․ Նշան եկեղեցուն արմ-ից կից կառուցել է քառասյուն, կենտրոնակազմ գավիթ (այժմ՝ կիսավեր)։ Վանքի բակում կան XII–XIV դդ․ խաչքարեր ու տապանաքարեր։

Պատկերազարդումը տես ներդիր II-ում, 2․4․, 1-ին պատկերը։

Գրկ․ Շահխաթունյանց Հ․, Ստորագրութիւն կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ․ 2, Էջմիածին, 1842։ Ալիշան Ղ․, Այրարատ, Վնտ․, 1890։ Թորամանյան Թ․, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ․] 1, Ե․, 1942։ Պետրոսյանց Վ․, Աստվածընկալի վանքը, Էջմիածին, 1978, դ 3։

Մուրադ Հասրաթյան

ԱՍՏՐԱԽԱՆԻ ԹԵՄ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, կազմավորվել է 1717-ին։ Առաջնորդանիստը՝ Աստրախանի Ս․ Աստվածածին եկեղեցի։ Ռուսաստանի հայոց առաջին թեմը։ Միավորել է Ռուսաստանի հայկ․ բոլոր համայնքները։ Թեմի առաջին առաջնորդն է եղել Ս․ Էջմիածնի կողմից 1717-ին նշանակված Ստեփանոս արք․ Գաղաթացին։ Հետագա տարիներին Ա․ թ-ի առաջնորդների թեկնածությունները համաձայնեցվել են Ռուսաստանի իշխանությունների հետ, ինչը փաստել է Ա․ թ-ի կարևոր դերը ռուս-հայկ․ հարաբերություններում։

Ա․ թ․ սերտ կապեր է ունեցել Ս․ Էջմիածնի և Գանձասարի կաթողիկոսությունների հետ, նպաստել Ռուսաստանի հետ հայ ժողովրդի քաղ․ և մշակութ․ առնչություններին։ Ա․ թ-ի առաջնորդ Հովսեփ արք․ Արղությանի օրոք (1773–1800) Աստրախանում ստեղծվել է հոգևոր խորհուրդ (1786), հիմնվել հայկ․ տպագրության պատմության մեջ զգալի դեր խաղացած առաջնորդարանի տպարանը (1789), եկեղեցու միջոցներով բացվել են Ռուսաստանում առաջին հայկ․ դպրոցները, կառուցվել