Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

խորհուրդ անունով։ Թավրիզ տեղափոխվելուց ի վեր թեմն ունեցել է 14 առաջնորդ, որոնցից ամենանշանավորներն են Կարապետ եպս․ Տեր-Մկրտչյանը, Ներսես արք․ Մելիք-Թանգյանը։

Ատրպատականում եկեղեցուն կից (1670-ից) գործել են հայկ․ դպրոցներ։ 1835-ից բացվել են աշխարհիկ դպրոցներ․ հայտնի են 1852-ին բացված Ներսիսյան (1875-ից՝ Արամյան), 1875-ին՝ Հայկազյան, 1909–36-ին՝ Թեմական-կենտրոնական և այլ դպրոցներ։

Ա․ թ-ի առաջնորդն է Կիլիկիո աթոռի կաթողիկոս․ փոխանորդ Նշան ծ․ վրդ․ Թոփուզյանը (2001-ից)։

Պատկերազարդումը տես ներդիր II-ում, 2․6, 3-րդ պատկերը։

Գրկ․ Մամյան Ն․, Ատրպատականի հայոց թեմը, Րաֆֆի տարեգիրք, Ա տարի, 1969, Թեհրան, 1968։ Մինասյան Լ․, Իրանի հայկական վանքերը, Թեհրան, 1971։ Նույնի, Իրանի հայկական եկեղեցիները, Նոր Ջուղա, 1983։ Փահլեվանյան Հ․, Իրանահայ համայնքը (1911–1979 թթ․), Ե․, 1989։

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԹԵՄ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, կազմավորվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի՝ 1996-ի մայիսի 30-ի կոնդակով։ Առաջնորդանիստը՝ Օշականի Ս․ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, որը հայոց ազգ․ գլխ․ սրբավայրերից է (այստեղ է ամփոփված Մեսրոպ Մաշտոցի աճյունը)։ Ա․ թ․ ընդգրկում է ՀՀ Արագածոտնի մարզը (պատմ․ Այրարատ նահանգի Արագածոտն ու Նիգ գավառների մեծ մասը)։ Թեմի տարածքը տարբեր ժամանակներում ենթարկվել է տարբեր եպիսկոպոս․ աթոռների։ Արագածոտնը վաղ միջնադարում Ամատունիների նախարար․ տան եպիսկոպոսների տեսչության տակ էր։ Օշականն Ամատունի նախարարների կենտրոն է դարձել Հայոց թագավոր Խոսրով Բ-ի (330–338) ժամանակ։

Ամատունիների եպիսկոպոսության տարածքում հետագայում գործել են Ամբերդի և Հովհաննավանքի աթոռները։ 1026-ին Ամբերդի եկեղեցու շին․ արձանագրության մեջ Հայոց սպարապետ Վահրամ Պահլավունին գրել է․ ․․․շինեցի զկաթողիկէս աթոռ հայրապետական եւ սահմանեցի պտուղ․․․, այնուհետև նշվում են Նիգ և Արագածոտն գավառներից, ինչպես և Քաղաքադաշտից (Վաղարշապատ) աթոռին հատկացվող հարկերը։ Որոշ ուսումնասիրողներ այս արձանագրությունը համարում են Ամբերդի եպիսկոպոսության հիմնադրման վկայություն։ 1243-ին Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսը Հովհաննավանքում թողած արձանագրության մեջ նշում է․ Ետու Ամբերդու երկիրս սեպհական վիճակ Սուրբ Կարապետիս, ի յԱպարանուց ընդ որ բաժանի գետն Քասաղ, մինչև յԱշնակ։ Նույն արձանագրության մեջ հիշվում է Հովհաննավանքի վանահայր Մկրտիչ եպիսկոպոսը, որին XIII դ․ պատմիչ Կիրակոս Գանձակեցին կոչել է Ամբերդի եպիսկոպոս։ Ենթադրվում է, որ Հովհաննավանքն այդ շրջանում դարձել էր Ամբերդի եպիսկոպոսների նստավայրը։

Ա․ թ-ի տարածքում են գտնվում Փարպիի Ծիրանավոր միանավ (V դ․) և Աշտարակի Ծիրանավոր Ս․ Աստվածածին եռանավ (V–VI դդ․), Կարմրավոր Ս․ Աստվածածին, Կոշի Ս․ Ստեփանոս, Օշականի Մանկանոց Ս․ Սիոն, Արտաշավանի Ս․ Ամենափրկիչ, Դաշտադեմի Ս․ Քրիստափոր փոքր խաչաձև գմբեթավոր (բոլորը՝ VII դ․), Արագածի (VI դ․) ու Իրինդի բազմախորան (VII դ․), Զովունու Ս․ Պողոս-Պետրոս, Արուճի Ս․ Գրիգոր, Գառնահովտի Ս․ Գևորգ (VII դ․), Բյուրականի Ս․ Հովհաննես (X դ․) եկեղեցիները, Սաղմոսավանքը, Տեղերի, Ուշիի Ս․ Սարգիս (XIII դ․), Աստվածընկալ, Եղիպատրուշի (XIII դ․) վանքերը ևն։

Ա․ թ-ի գործող վանքերն ու եկեղեցիներն են՝ Օշականի Ս․ Մեսրոպ Մաշտոցը, Աշտարակի Ս․ Մարինեն, Ս․ Սարգիսը, Ապարանի Ս․ Խաչը, Թալինի Ս․ Աստվածածինը, Կարբիի Ս․ Աստվածածինը, Կոշի Ս․ Գևորգը, Մաստարայի Ս․ Հովհաննեսը, Մուղնու Ս․ Գևորգ վանքն ու Սաղմոսավանքը։

Օշականում Ս․ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կողքին գործում է նրա անունը կրող դպրատունը։ Թեմը հրատարակել է Շողակն (1998–2000), 2000-ից՝ Արագածոտն պարբերականները։ 1998-ից Մուղնու առողջարան․ կենտրոնում գործում է Ա․ թ-ի կիրակնօրյա դպրոցը։

Ա․ թ-ի առաջնորդական տեղապահն է Վազգեն վրդ․ Միրզախանյանը (1999-ից)։

Պատկերազարդումը տես ներդիր II-ում, 2․6, 4-րդ պատկերը, քարտեզը՝ ներդիր XVII-ում, 17․1։

Գրկ․ Մաթեվոսյան Կ․, Հայաստանի թեմերը (պատմություն և արդիականություն), Էջմիածին, 1998, դ 2–3։ Հարությունյան Ս․, Ամբերդ, Ե․, 1978։

Կարեն Մաթևոսյան

ԱՐԱԾԱՆԻ (ասուրա-բաբելերեն՝ Արսանիա), Արեվելյան Եփրատ, թուրքերեն՝ Մուրադ,