Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(1918–19) ամբողջովին նվիրվել են հայագիտ․ նյութերին։ Ա․-ի լավագույն նյութերն ընդգրկող մատենագիտ․ ցանկերը լույս են տեսել տարբեր պարբ-ներում, ձեռք բերել սկզբնաղբյուրի նշանակություն։

Գրկ․ Արարատ ամսագրի 100-ամյակին նվիրված նյութեր, Էջմիածին, 1968, դ 11–12։ Մատենագիտություն Արարատ ամսագրի, Էջմիածին, 1970։

Արտաշես Ղազարյան

ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄ Հայաստանյայց առաքելական եկեղեցու։ Առաջնորդանիստը՝ Երևանի Ս․ Սարգիս եկեղեցի։ Կազմավորվել է քրիստոնեությունը Հայաստանում պետ․ կրոն հռչակելու առաջին տարիներին, երբ Գրիգոր Ա Լուսավորիչը ձևավորում էր Հայ եկեղեցու նվիրապետական կառույցը։ Ինքն էլ եղել է առաջին թեմակալ առաջնորդը։ Ագաթանգեղոսի Պատմության հուն․ և արաբ․ խմբագրությունների համաձայն՝ Սուրբը ինքը մշտական եպիսկոպոսարաններ կառուցեց Այրարատում՝ Վաղարշապատում, Արտաշատում և Դվինում, և հիշյալ քաղաքները իր աթոռին ենթարկեց։ Թեմում ընդգրկված էին Արարատյան դաշտի Մասյացոտն, Մազազ, Ոստան գավառները, նաև՝ Կոտայք, Նիգ, Ծաղկոտն, Արագածոտն գավառների ու Շարուրի դաշտի տարածքները, որոնք կառավարում էին անմիջականորեն Հայոց կաթողիկոսին ենթակա Վաղարշապատ, Արտաշատ և Դվին քաղաքների եպիսկոպոսները։ Ամենայն հայոց կաթողիկոսը միաժամանակ Այրարատյան թեմի առաջնորդն է (ինչի համար էլ թեմը կոչվում է Ա․հ․թ․)։ 449-ի Արտաշատի ժողովի ժամանակ կաթողիկոս․ տեղապահ Հովսեփ եպիսկոպոսը (Հովսեփ Ա Հողոցմեցի) միաժամանակ հիշատակվում է որպես եպիսկոպոս Այրարատոյ։ Պահպանվել են թեմի շուրջ երկու տասնյակ նշանավոր վանքերի անուններ՝ իրենց առաջնորդների անուններով հանդերձ․ Աբրահամ՝ սրբո Կաթուղիկե վանից երեց (Ս․ Էջմիածնի), Սամուել սրբո Հռիփսիմեի, Բաբյուլաս սրբո Հովհաննու վանաց, Խոսրով Օշականու, Հավիտյան Եղիվարդա, Դավիթ Երևանա, Իսմայել Գառնո, Հունանես Ավանի, Իսրայել Պտղավանից, Ջոջիկ Արամունից, Հովհանիկ Արտավազդա Ապարանից, Աբաս, Որդյակ և Աբրահամ Փարպիո, Միքայել Աղցից, Գրիգորիս Արճո, Կոզմաս Ուրդա, Մահեն Մյուս Արճո, Հովհանիս Արծափաց, Սիմոն Դարունից, Սամոտ Բագարանի։ 607-ի այս ցուցակը հիշյալ վանքերից շատերի առաջին հիշատակությունն է պատմ․ աղբյուրներում։

Բագրատունյաց թագավորության շրջանում (IX–XI դդ․) Ա․ հ․ թ-ի մասին հավաստի տվյալներ չկան, իսկ հայկ․ պետականության անկումից (1045) հետո և կաթողիկոս․ աթոռի երկարատև դեգերումների շրջանում (տես Կաթողիկոսություն ամենայն հայոց) Հայոց կաթողիկոսներն այլևս չեն կարողացել անձամբ կամ իրենց նշանակած փոխանորդների միջոցով մասնակցել երբեմնի ընդարձակ այդ թեմի կառավարման գործերին։

Ձեռագրերի հիշատակարանների համաձայն, 1390-ին Արարատյան թեմը միացվել է Բջնո թեմին, և այս երկուսը կառավարել է մեկ եպիսկոպոս։ Կես դար անց Արարատյան թեմը մեկ անգամ էլ է հիշատակվում՝ կապված կաթողիկոս․ աթոռն Էջմիածնում վերահաստատելու (տես Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողով 1441) իրադարձությունների հետ, և, ինչպես պարզվում է, նրա երեք վարդապետները՝ Կիրակոս Ռշտունեցին, Սարգիս Ձագավանեցին և Տիրացու Վանանդեցին, գործուն մասնակցություն են ունեցել 1441-ի ազգ․ եկեղեց․ ժողովին։ Բացի Վաղարշապատի առաջնորդարանից ու Մայրավանքից թեմի կյանքում շոշափելի դեր են խաղացել Հավուց թառի, Հովհաննավանքի, Բջնիի, Խոր վիրապի, Կողբի, Բագարանի վանքերն իրենց միաբանություններով։ Դարավերջից Արարատյան թեմ անվանումն անհետանում է պատմ․ վավերագրերից, և ժամանակ անց նույն տարածքում հիշատակվում է Երևանի թեմը։ Դա հետևանք էր XIV դ․ վերջից երկրամասում կազմավորված մահմեդ․ կիսանկախ իշխանությունների, որոնց մայրաքաղաքն է դառնում օրեցօր բարգավաճող Երևանը։

Ըստ XVII դ․ պատմիչ Առաքել Դավրիժեցու և Հայոց կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցու (1763–80) վկայությունների, XV–XVIII դդ․ Երևանը ձևավորվել է որպես նվիրական թեմ, իսկ նրա մեջ ընդգրկված բնակավայրերը սեփականության իրավունքով բաժանվել են մեծ ու փոքր վանքերի միջև։ Ըստ այդմ, Երևանի առաջնորդը միաժամանակ Հավուց թառի վանահայրն էր, որը նշանակվում էր քաղաքացիների ցանկությամբ և կաթողիկոսի հաստատմամբ։ XV դարից Հավուց թառի վանահայրեր են հիշվում Զաքարիա (1441), Հովհաննես (1465), Զաքարիա Բ (1487), Համազասպ և Զաքարիա Պահլավունիներ (1526–77),