Սահակ (1602), Համազասպ (1618), Մկրտիչ (1630-ական թթ․), Սիմեոն Ջուղայեցի (1640–50-ական թթ․), Հովհաննես (1650–60-ական թթ․) և այլ եպիսկոպոսներ։
Հավուց թառն ամայացել է XVIII դ․ 50-ական թթ․, որից հետո Երևանը դարձել է Ս․ Էջմիածնի տերունական թեմերից մեկը։ Երևանում Հայոց կաթողիկոսներն ունեին իրենց մշտական իջևանը՝ Ձորագյուղի անապատը։ Այստեղ կառուցվել են կաթողիկոսարան, կաթողիկոս․ փոքր եկեղեցի՝ Ս․ Գևորգ անունով, Ս․ Հակոբ Հայրապետ և Ս․ Սարգիս եկեղեցիները։ Էջմիածնից ուղարկված վարդապետները, հաստատվելով այստեղ, կառավարել են Մայր աթոռի երևանյան կալվածները՝ այգիներ, ջրաղացներ, կրպակներ ևն։
1610-ական թթ․ Մովսես Սյունեցու նախաձեռնությամբ քաղաքի հս․ մասում գտնվող Ս․ Անանիա առաքյալի անշուք մատուռի կողքին կառուցվել են Ս․ Աստվածածին եկեղեցին, դպրանոց և վանական այլ շինություններ, որոնք կարևոր դեր են խաղացել քաղաքի կյանքում։ Այդ կառույցները փայտից էին և կործանվել են 1634–35-ին՝ թուրք-պարսկ․ կռիվների շրջանում։ Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսը վերականգնել է վանական այդ համալիրը, բայց 1679-ի երկրաշարժի հետևանքով հիմնահատակ կործանվել են ոչ միայն Երևանի, այլև Արարատյան աշխարհի գրեթե բոլոր եկեղեցիներն ու վանքերը՝ վերաշինվելով միայն XVII դ․ վերջին և XVIII դ․ սկզբին։ Ս․ Անանիա առաքյալի վանքը գործել է մինչև 1835-ը, ապա վերածվել է ծխական եկեղեցու (այժմ՝ Զորավոր Ս․ Աստվածածին եկեղեցի)։
Ըստ Ոսկան Երևանցու ցուցակի, 1670-ին Երևանի թեմում ընդգրկված էին խանության տարածքում գործող վանական հին թեմերը կամ եպիսկոպոսարանները և մի քանի շրջանների փոխանորդություններ՝ Առինջի, Եղվարդի, Մուղնու, Սաղմոսավանքի, Կոշավանքի, Հովհաննավանքի, Գեղարդի, Մաղարդավանքի, Վարդիհայրի, Կարբիի, Աղջոց վանքի ու Ձագավանքի (Գետարգելի) վանական թեմերը և Խոր վիրապի, Ուշիի պատվակալ արքեպիսկոպոսարանները, ընդհանուր թվով՝ ավելի քան մեկ ու կես տասնյակ։ Այս թեմին էր ենթարկվում նաև Տփղիսի հայ համայնքը։ XVIII դ․ կեսին, երբ վերջնականապես կարգավորվել են Հայ եկեղեցու թեմերի սահմանները, Երևանը հիշատակվում է կիսով նվիրական և կիսով տերունի թեմ, որի մեջ համախմբված էին Երևան քաղաքը և շրջակա բոլոր գյուղերը, Արաքսի աջ ափին գտնվող Բլուր ավանն ու շրջակա տարածքները։ Այս իրավիճակը հարատևել է մինչև 1836-ին Պոլոժենիե-ի ընդունումը։ XIX դ․ կեսին ռուս․ կայսրության սահմաններում ձևավորվել են Հայ եկեղեցու 6 ընդարձակ թեմեր կամ վիճակներ, որոնցից երրորդը Երևանի թեմն էր, որի իրական առաջնորդն էր Ամենայն հայոց կաթողիկոսը։ Թեմն ունեցել է 4 փոխանորդություն՝ Երևանի, Նախիջևանի, Շիրակի ու Տաթևի։ Կարսը Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց (1878) հետո՝ 1880-ական թթ․, թեմի կազմում ավելացել է նաև հինգերորդ՝ Կարսի փոխանորդությունը, որն ընդգրկում էր ողջ Կարսի մարզը։ 1900-ին Երևանի թեմում կար 643 եկեղեցի, 47 վանք, 788 քահանա, 585004 ծխական համայնքի անդամներ՝ որոնցից 66500-ը՝ քաղաքաբնակ, իսկ 518504-ը՝ գյուղաբնակ։ Գործում էր 1837-ի սեպտ․ 2-ին բացված մեկ թեմական դպրոց՝ 460 աշակերտով և 20 ուսուցչով։
Նախախորհրդ․ շրջանում Երևանի թեմի առաջնորդարանը մշտապես գործել է Ձորագյուղի անապատի նախկին կաթողիկոսարանում։ Ս․ Գևորգ եկեղեցին վերակառուցվել է և օգտագործվել որպես թեմական խորհրդարան և գրատուն։ Երևանի թեմի առաջնորդական փոխանորդի պաշտոնն են վարել նշանավոր հոգևորականներ Զաքարիա վրդ․ Գյուլասպյանը, Հովհաննես վրդ․ Շահխաթունյանցը, Ստեփանոս արք․ Արղությանը, Մեսրոպ արք․ Սմբատյանցը, Սուքիաս արք․ Պարզյանը, Կարապետ եպս․ Տեր-Մկրտչյանը, Խորեն վրդ․ Մուրադբեկյանը (1932–38-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյան) և ուր․։ Խորհրդ․ իշխանության տարիներին Ամենայն հայոց կաթողիկոսության նվիրապետ․ կարգը ենթարկվել է արմատ․ փոփոխությունների․ Երևանի թեմը՝ իբրև հայրապետական, շարունակել է իր գոյությունը, այն տարբերությամբ, որ տրոհված էր երկու փոխանորդությունների՝ Հին Նախիջևանի ու Դարալագյազի և Նոր Բայազետի։ Թեմի կազմում էին նաև Սևանի մենաստանը, Մուղնու Ս․ Գևորգ և Գնդեվազի վանքերը։ 1930-ական թթ․ սկզբին փոխանորդությունները վերացել են, և մի կարճ ժամանակ թեմը տրոհվել է 15 գործակալությունների՝ Բաշ Գառնիի, Գառնիի, Վեդի-Բասարի, Հին Նախիջևանի և Գողթնի, Մեղրու, Կոտայքի,