երեքը պաշտպանել են Հայ եկեղեցու դավանանքը՝ ընդդեմ Քաղկեդոնի ժողովի, մեկը՝ քաղկեդոնականությունը։ Առաջին «Ա․հ․» կազմել է Հովհան Մայրավանեցին (Մայրագոմեցի)՝ Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի օրոք (613–628)։ Այդ ժողովածուն այժմ հայտնի է «Կնիք հավատո»անունով։ Երկրորդ ժողովածուն կազմել է Անանիա Նարեկացին (X դ․) «Հավատարմատ» անվամբ, որը մեզ լրիվ չի հասել։ Ուխտանես պատմիչի վկայությամբ, հեղինակն իր հակաքաղկեդոն․ այդ երկասիրությունը նվիրել է Խաչիկ Ա Արշարունի կաթողիկոսին (973–992)։ «Հավատարմատից» առանձին հատվածներ տեղ են գտել Անանիա Սանահնեցու (XI դ․) «Հակաճառություն ընդդեմ երկաբնակաց» երկում («Գանձասար», 1–3, 1992–93)։ Երրորդ ժողովածուն, որ հայտնի է «Ա․ հ․» անունով (լրիվ խորագիրը՝ «Գիրք հաստատութեան եւ Արմատ հաւատոյ» կամ «Համառաւտ հաւաքումն սրբոց վարդապետաց յաղագս դաւանութեան ամենասուրբ Երրորդութեան ընդդէմ հերձուածոց հակաճառութիւն»), կազմել է Վարդան Այգեկցին, 1205-ին։ Հեղինակային բնագիրը մեզ չի հասել։ Երկը հայտնի է բազմաթիվ ընդօրինակություններով՝ ընդարձակ և համառոտ խմբագրությամբ (լավագույնները Մատենադարանի 2080 և 3295 ձեռագրերն են)։ Ընդարձակ խմբագրությունը, որ շատ ավելի մոտ է հեղինակային օրինակին, բաղկացած է 16 գլխից։ Առաջին երկու գլուխներն ըստ էության առաջաբաններ են, որտեղ խոսվում է աշխատության ստեղծման շարժառիթների ու նպատակների մասին։ Այս երկի շարադրումը թելադրված էր կաթոլիկ Արևմուտքի եկեղեցաքաղ․ նկրտումները կասեցնելու անհրաժեշտությամբ։ Օգտվելով Կիլիկյան Հայաստանում թագավոր․ իշխանության հաստատման հետ կապված անկայուն քաղ․ կացությունից՝ Արևմուտքի քաղ․ շահագրգռությունների խոսափող դարձած լատին (կաթոլիկ) եկեղեցին իր տիրապետությունը մեծացնելու նպատակով գործադրել է գաղափար․ ներգործման իր հայտնի եղանակները՝ քաղկեդոն․ դավանության միջոցով։ Վարդան Այգեկցու «Ա․հ․» նպատակ ուներ տագնապի զանգ հնչեցնելով արթուն պահել հայոց դավան․ գիտակցությունն ու ազգ․ մտածողությունը։ Այնքան մեծ է եղել այս աշխատության ազդեցությունը ժամանակակիցների վրա, որ Հայ եկեղեցու հակառակորդները Ավինյոնի պապական արքունիքում այն համարել են երկաբնակ դավանության համար առավել վտանգավոր «մոլորական» գրքերից։ XIII դ․ 2-րդ կեսին Կիլիկիայում ասպարեզ է եկել թվով չորրորդ «Ա․հ․», որը կազմել էին քաղկեդոն․ հայերը՝ Վարդան Այգեկցու «Ա․հ․»-ին հակակշռելու, երկրում Արևմուտքի քաղ․ և եկեղեց․ ազդեցությունը ամրապնդելու նպատակով։ Այս ժողովածուն XIV դ․ դեռևս եղել է հրապարակի վրա։
Գրկ․ Կնիք հաւատոյ, հրտ․ Կարապետ Եպիսկոպոսի (Տեր-Մկրտչյան), Էջմիածին, 1914 (ներածություն, էջ XXVI–XXXI, CVIII–CIX)։ Վարդան Այգեկցի, Գիրք հաստատութեան և Արմատ հաւատոյ, հրտ․ Շահե քհն․ Հայրապետյանի, Ներածությունը Հ․ Քյոսեյանի, Ե․, 1998։ Անասյան Հ․, Վարդան Այգեկցին իր նորահայտ երկերի լույսի տակ, Վնտ․, 1969։ Նույնի, Հայ պատմա-դավանաբանական գրականության թանկարժեք հուշարձանը,«Էջմիածին», 1972,8–9։ Նույնի, Հայկական մատենագիտություն,հ․ 2, Ե․, 1976, էջ 882–889։
Հակոբ Քյոսեյան
«ԱՐՇԱԼՈՒՅՍ ԱՐԱՐԱՏՅԱՆ», հասարակական-քաղաքական, բանասիրական թերթ (կիսամսյա, շաբաթական, եռօրյա)։ Լույս է տեսել 1840–84-ին, Զմյուռնիայում (ընդհատվել է 1882-ի հունիսից 1883-ի հունիսը)։ Խմբագիրներ՝ Ղ․ Պալդազարյան, Հ․ Սավալանյան, Նշան Միրզա, Ս․ Պալապանյան, ապա՝ Հ․ Սվաճյան։ Ունենալով պահպանող․ ուղղություն՝ թերթը ազգ․ իրականության մեջ առաջատար տեղ է հատկացրել Հայ առաքելական եկեղեցուն, հիմնավորել նրա դերը կրթության, լուսավորության և ազգ․ կյանքի բոլոր ասպարեզներում։ Ազգ․ միասնությունը առնչել է Հայ եկեղեցու միասնությանն ու կայունությանը, պաշտպանել Մայր աթոռ Ս․ Էջմիածնի գերադաս դիրքը Հայ եկեղեցու նվիրապետության մեջ, հետևողականորեն ջատագովել նրա իրավունքները օսմ․ Թուրքիայում, նույնիսկ՝ Կ․ Պոլսի պատրիարքության նկատմամբ կաթողիկոսի վաղեմի իրավասություններն այս կամ այն չափով վերականգնելու գնով։ «Ա․Ա․» անբարյացակամ է վերաբերվել 1860-ի Ազգային սահմանադրությանը, որը ներքին վարչ․, եկեղեց․ ու կրթ․ կյանքն ամբողջովին հանձնել է Կ․ Պոլսի հայոց պատրիարքին ու Ազգային երեսփոխանական ժողովին՝ զուտ բարոյական դարձնելով Էջմիածնի կրոն․ իրավասությունները օսմ․ Թուրքիայում։ Թերթն ընդգծել է ազգ․ միասն․ հոգևոր կենտրոնի կարևորությունը նաև հայ գաղթավայրերի ինքնապահպանման