Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 XIII դ․ Ա․ վ․ որպես նվեր ստացել է հողեր, այգիներ, դրամ։ Վանքում XV դ․ գրվել են ձեռագրեր (Ավետարաններ, Ճաշոց, Խազգիրք)։ Ա․ վ-ում են պահվել ս․ Ստեփանոս քահանայի Աջը և Արիստակես Ա Պարթևի Աջը։ XVII դ․ սկզբին, շահ Աբբասի արշավանքի ժամանակ, Ա․ վ․ կողոպտվել է, Արիստակես Ա Պարթևի Աջը հափշտակվել ու տարվել Թավրիզ, որտեղ այն հետ է գնել բաղիշեցի մի հայ վաճառական և վերադարձրել Ա․ վ-ին (այժմ գտնվում է Ս․ Էջմիածնում)։ 1679-ի հունիսի 4-ի երկրաշարժից շատ վանքերի հետ ավերվել է նաև Ա․ վ․, բայց նորոգվել է ու գործել մինչև XVIII դ․ կեսը՝ մինչև լեզգիների վերջին ասպատակությունը, որից հետո լքվել է ու ամայացել։

Ա․ վ-ում կան Հին և Նոր կտակարանների թեմաներով կատարված արժեքավոր պատկերաքանդակներ։ Ս․ Ստեփանոս եկեղեցու արմ․ մուտքի ճակատակալ քարին պատկերված է մի դրվագ Ահեղ Դատաստանից․ վերևում փառքի պսակի մեջ Քրիստոսն է, ներքևում, երկու շարքով՝ ընտրյալները։ Հվ․ պատին քանդակված է կանգնած Դանիելը՝ առյուծների գբում, ներքևում՝ պատուհանի երկու կողմերում զույգ աղավնիներ են, խորանի ճակատի պատին, դեմ հանդիման պատկերված են երկու մարդկային գլուխներ՝ աքեմենյան խույր հիշեցնող գլխարկներով։ Բազմազան են եկեղեցու զարդաքանդակները՝ բուս․, երկրաչափ․ մոտիվներով, իրականացված մեծ վարպետությամբ ու բարձր արվեստով։

Ս․ Պողոս-Պետրոս եկեղեցու արմ․ մուտքի երկու կողմերում Պետրոս և Պողոս առաքյալների՝ մարդու բնական մեծությամբ հարթաքանդակներն են։ Մուտքից աջ երկարամազ և մորուքով Պետրոսն է՝ աջ ձեռքը բարձրացրած, ձախում՝ բանալիներ, իսկ ձախ կողմում՝ Պողոսը, մորուքով և նույնպես երկարամազ, առանց ավանդ․ ճաղատի (Պողոսի նման պատկերագրությունը հանդիպում է նաև հայկ․ մանրանկարչության մեջ)։ Առաքյալների այս հարթաքանդակներն իրենց կատարումով արմատապես տարբերվում են հայկ․ արվեստում մինչ այդ տիրապետող ոճական ուղղությունից (քանդակը ճարտ․ ձևն ընդգծող տարրն է) և նոր մոտեցման՝ պատկերաքանդակներին ինքնուրույն նշանակություն տալու առաջին օրինակներից են։

Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1․5, 1-ին պատկերը։

Գրկ․ Հովսեփյան Գ․, Խաղբակեանք կամ Պռոշեանք Հայոց պատմութեան մէջ, մաս 2, Երուսաղեմ, 1944։ Զաքարյան Լ․, Աղջոց վանքը և նոր ուղղության զարգացումը հայ քանդակագործության մեջ XIII–XIV դդ․, ՊԲՀ, 1985, N1։ Материалы по археологии Кавказа, 13,М.,1916․

Մուրադ Հասրաթյան


ԱՂՎԱՆԻՑ ԵԿԵՂԵՑԻ, Աղվանքի թագավորության պաշտոնական եկեղեցի, Արևելյան հակաքաղկեդոնական եկեղեցիներից։ Ընդունել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գահերեցությունը և «ի հոգևորս» ենթարկվել նրան։ III դարից սկսած բուն Աղվանքում հանդես են եկել քրիստ․ համայնքներ։ Գրիգոր Ա Լուսավորչի թոռը՝ Գրիգորիսը («Մանուկ Գրիգորիս»), նշանակվելով Աղվանից ու Վրաց եպիսկոպոս, քարոզչական առաքելությամբ Փայտակարան քաղաքից (ուր Տրդատ Գ Մեծի կողմից ուղարկվել էր որպես հոգևոր առաջնորդ) անցել է Աղվանք, ապա՝ Վիրք և Մազքթաց աշխարհ։ 338-ին նահատակվել է Մազքթաց Սանատրուկ Արշակունի թագավորի հրամանով, սակայն նրա ջանքերով նոր վարդապետությունն Աղվանքում արդեն արմատավորվել էր, և քրիստ․ համայնքները միավորվել էին։ Ավանդաբար Գրիգորիսն էլ համարվում է Ա․ ե-ու հիմնադիրն ու անդրանիկ հովվապետը։

370-ական թթ․ Ուռնայր թագավորը քրիստոնեությունը հռչակել է Աղվանքի պետ․ կրոն։ Ըստ ավանդության, նա Աղվանքի մեծամեծների ու բանակի հետ մկրտվել է Հայաստանում՝ Արածանի գետում և, վերադառնալով հայրենիք, դարձել քրիստոնեության փառաբանողն ու պաշտպանը։ Ապա երկրում հիմնադրվել են բազում եկեղեցիներ (հաճախ եկեղեցիների են վերածվել հեթանոս․ տաճարները), որոնց հատկացվել են կալվածքներ։ Սահմանվել են առաջին եկեղեց․ հարկերը՝ պտղին ու տասանորդը։ Աղվանքում ևս եկեղեցին կազմավորվել է աշխարհիկ իշխանության ընդօրինակությամբ։ Նրա գլուխ կանգնած էր արքեպիսկոպոսը (կաթողիկոսը), որին ձեռնադրել է Հայոց կաթողիկոսը։ Հայաստանի օրինակով Աղվանքում ևս կաթողիկոսն է տնօրինել «Մեծի դատաւարութեան» գործակալությունը։ Նվիրապետ․ աստիճանակարգով Ա․ ե-ու կաթողիկոսին նախորդել են մետրոպոլիտները, եպիսկոպոսները, քորեպիսկոպոսները, քահանաները, սարկավագները, դպիրները, սաղմոսերգուները։ Նոր կրոնը