Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 խթան է հանդիսացել 415–420-ին Բենիամին Երեցի օգնությամբ Մեսրոպ Մաշտոցի կողմից աղվանից գրերի ստեղծմանը։ Ժամասացության լեզուն նախապես եղել է հունարենը, սակայն Եսվաղեն (Երսվաղեն) թագավորի օրոք (մոտ 414–444) փոխարինվել է հայերենով։ IV–V դդ․ Ա․ ե-ուն են ենթարկվել բուն Աղվանքն ու մերձկասպյան մի շարք երկրամասեր (պաշտոնապես Աղվանքի կաթողիկոսը կրել է «Կաթողիկոս Աղվանից, Լփնաց և Չողայ» տիտղոսը)։ Սակայն Սասանյան Իրանի արքունիքը Աղվանից մարզպանության (461) մեջ քաղ․ նկատառումներով մտցրել է նաև Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգները («Հայոց Արևելից Կողմանք»), և Ա․ ե-ու ենթակայությամբ են գործել այդ երկրամասերի թեմերը։

Ա․ ե-ու եպիսկոպոսական աթոռանիստ կենտրոններ են եղել նաև Կապաղակը, Չողը, Շաքին։ V դ․ վերջին, Արցախի և Ուտիքի (կարճ ժամանակով նաև Աղվանքի) թագավոր Վաչագան Գ Բարեպաշտի (մոտ 487–510) նախաձեռնությամբ կայացած ժողովում սահմանվել են Ա․ ե-ու կարգն ու կանոնները, առաջնորդների իրավունքներն ու պարտականությունները (տես Աղվենի եկեղեցական ժողով)։ Կրելով Հայ եկեղեցու անմիջական ազդեցությունը՝ Ա․ ե-ու առաջնորդները հիմնականում գործել են Հայոց կաթողիկոսների հետ «համակամ եղբայրութեամբ և անքակ ուխտիւ», համատեղ հանդես եկել դավան․ ու քաղ․ կարևորագույն հարցեր քննարկած մի քանի եկեղեց․ ժողովներում։ 506-ի Դվինի ժողովում (տես Դվինի եկեղեցական ժողովներ) Ա․ ե․ նույնպես մերժել է Քաղկեդոնի ժողովը։ 554-ի Դվինի եկեղեց․ ժողովում Հայ և Աղվանից եկեղեցիները վերջնականապես խզել են հարաբերությունները բյուզ․ եկեղեցու հետ։ Այդ ժամանակից սկսած Ա․ ե-ու հոգևոր պետը կրել է «կաթողիկոս» տիտղոսը (տես Աղվանից կաթողիկոսություն)։ Տարբեր ժամանակներում Ա․ ե․ գործուն պայքար է ծավալել Աղվանքում զրադաշտականություն տարածելու պարսից արքունիքի քաղաքականության, ինչպես նաև նեստորականության և քաղկեդոնականության դեմ։

Ա․ե-ու հոգեվոր առաջնորդների (արքեպիսկոպոսների) անվանացանկ

ս․ Մանուկ Գրիգորիս, ս․ Շուփհաղիշո, Մատթեոս, Սահակ, Մովսես, Պանդ, Ղազար, Գրիգոր, Զաքարիա, Դավիթ, Հովնան, Երեմիա։

Գրկ․ Մովսես Կաղանկատվացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Ե․, 1983։ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 1, ԿՊ, 1912։

Հենրիկ Սվազյան


ԱՂՎԱՆԻՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ, Աղվանից քահանայապետություն, եպիսկոպոսապետություն, հայրապետություն, Աղվանից եկեղեցու հոգևոր և եկեղեցավարչական գերագույն կենտրոնական իշխանությունը։ Կազմավորվել է VI դ․ 2-րդ կեսին։ Ընդգրկել է բուն Աղվանքի և Մեծ Հայքի Ուտիք ու Արցախ նահանգների թեմերը, ընդունել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գահերեցությունը։ Կառուցվածքով հար և նման էր Հայ, Վրաց, Ասորվոց և Արևելյան մյուս եկեղեցիների կաթողիկոսություններին։ Գլխավորել է կաթողիկոսը (կոչվել է նաև քահանայապետ, արքեպիսկոպոս, եպիսկոպոսապետ, հայրապետ, հովվապետ), որն ընտրվել է եկեղեց․ բարձրագույն ժողովում՝ թեմերի առաջնորդների ու հրավիրված բարձրաստիճան աշխարհականների կողմից և ձեռնադրվել Ամենայն հայոց հայրապետից։ Նա կրել է «Կաթողիկոս Աղվանից, Լփնաց և Չողայ» տիտղոսը։ Կաթողիկոսության կենտրոնը դարձել է մայրաքաղաք Պարտավը (462-ին հիմնել է Առանշահիկներից Վաչե Բ)։ Տարբեր ժամանակներում կաթողիկոսանիստ են եղել Կապաղակը, Ամարասի վանքը, Չարեքի բերդը, Բերդակուրը (ամառային նստավայր), Խամշի վանքը, Ճալեթը, Գանձակը,Գանձասարի վանքը։

Ա․ կ․ առաջնորդվել է Աղվենի եկեղեցական ժողովի մշակած կանոններով։ Առաջին գահակալն է եղել Աբասը (551–595)։ 591–626-ին, Բյուզ․ կայսրության գերիշխանության հզորացման հետ, տարածաշրջանում ուժեղացել է քաղկեդոնականությունը, որի դեմ հայ-աղվան․ հոգևորականությունն անզիջում պայքար է մղել։ Արաբ․ տիրապետության հաստատումով (VIII դ․) քաղկեդոն․ եկեղեցու ազդեցությունը թուլացել է։ Արլ․ Անդրկովկասի անդրկուրյան գավառներում սկսվել է աղվան․ ցեղերի բռնի մահմեդականացում։ Արդեն ուշ միջնադարում բուն Աղվանքում զգալիորեն նոսրացել են հակաքաղկեդոն․ եկեղեցու կենտրոնները։ IX–XI դդ․ Ա․ կ-յան կենտրոն է դարձել Փառիսոսի թագավորության Միափոր գավառի Խամշի վանքը։ XIII դարից Ա․ կ․ հետևողականորեն պայքարել է կաթոլիկության և այլ կրոնագաղափարախոս․ հոսանքների դեմ։