թույլ չտալ նրան մտնելու Մ. Խանչալի։ Հեծյալ ջոկատը Հ. Խանոյանի և Մ. Մշեցյանի հրամանատարությամբ սլանում է դեպի թշնամին։ Հեծյալներին կրնկակոխ հետևում է հետևակը Գարեգին Սուքիասյանի գլխավորությամբ։ Դեպի թշնամին են նետվում նաև պահեստայինները, որոնք, ազգային խորհրդի տագնապի կոչին անսալով, ոտքի էին ելել՝ վերցնելով տանն ունեցած զենքերը։ Ոմանք էլ եղաններով էին զինվել։ Այդ օրը Սաթխայի խորհուրդը կարողանում է ոտքի հանել նաեւ հարեւան Մեծ և Փոքր Արագյալների, Օրոջալարի և Խոջաբեկի մարտունակ երիտասարդության որոշ մասին։ Աշխարհազորայինների գլուխն էր անցել ազգային խորհրդի անդամ Զաքար (Զագևոս) Կակոսյանը, որի մասին ժամանակակիցները խորին ակնածանքով են արտահայտվում որպես հայրենասեր, կամային ու խիզախ անձնավորության։ Նա խստապահանջ էր բոլորի եւ, առաջին հերթին, իր որդիների նկատմամբ՝ վերջիններից պահանջելով լինել ամենավտանգավոր տեղերում։ «Պետք է կռվեք անձնազոհաբար, ինչը պահանջում է մեր ժողովրդի փրկության գործը»,– ասում էր նա։
Սաթխայի հեծյալները ավելի շուտ են մտնում Մեծ Խանչալի, քան թշնամին կգրավեր այն։ Թուրքերը, տեսնելով հայ զինվորների հանդուգն առաջխաղացումը, կանգ են առնում գյուղից հարավ գտնվող բլրի վրա և պատրաստվում կասեցնել սաթխացիների գրոհը։ Նրանք, հարմար տեղում տեղավորելով գերմանական տիպի գնդացիրը, սկսում են գնդացրային, ինչպես նաեւ հրացանային կրակ տեղալ մեր հեծյալների ուղղությամբ։ Վերջիններս իջնում են ձիերից եւ սողեսող առաջանում դեպի թշնամին։ Սաստկանում է թշնամու կրակը եւ մեր քաջերին գամում գետնին։ Գլխավոր հրամանատար Հ. Խանոյանը, իր մոտ կանչելով հեծյալների հրամանատար Մ. Մշեցյանին, խորհրդակցում է նրա հետ եւ որոշում երկու կտրիճ տղաների ուղարկել լռեցնելու թշնամու գնդացիրը։ Մամիկոն Փահլևանյանը եւ գալուստ Բրոյանը, լսելով այդ, ցանկություն են հայտնում կատարել առաջադրանքը. Մամիկոնն ու Գալուստը սողալով առաջանում են դեպի թշնամու գնացիրը։ Մյուս զինվորները հրացաններից կրակ են տեղում թշնամու վրա եւ նրա ուշադրությունը շեղում ձորակների ու քարերի միջով սողացող երկու խիզախներից։ Երբ տղաները բավականին մոտենում են գնդացրորդին, Մամիկոնը կանգնում է ամբողջ հասակով եւ նռնակը նետում է դեպի գնդացիրը։ Նռնակը նպատակակետին չի հասնում, իսկ Մամիկոնը վիրավորված թշնամու գնդակից ընկնում է գետնին։ Գալուստը սողեսող մոտենում է ընկերոջը, նրան տեղափոխում հար–