Թուրքիայի կողմից այդ ուղղությամբ կատարված առաջին քայլերից մեկը եղավ Ախալցխայի գավառի (Մեսխեթ) թրքությանը ոտքի հանելն ընդդեմ վրացիների եւ հայերի։ Այս մասին շատ դիպուկ է գրված Մ. Յա. Վելիջանաշվիլու «Խիզաբավրայի ուղեցույց» գրքում (Թբիլիսի, 1974թ., վրացերեն), որտեղ կարդում ենք Ի. Վելիջանաշվիլու հետեւյալ հուշերը. «Թուրքիայի բանակի հրամանատար Վեհիբ փաշան հրամայում է Ախալցխայի Սարվան բեգին, որ տեղական մահմեդականներից ավագակախմբեր կազմի տեղական վրացիներին ոչնչացնելու համար... Այդ սեւ օրերը հիշելիս մարմինս դողում է... Անհավատները ոչ միայն ուզում էին կուլ տալ մեր այս անկյունը, այլեւ ամբողջ Վրաստանը»։ Իսկ «Մշակը» 1918թ. մարտի 9-ին գրում է. «Շրջապատող թուրքերը գրեթե ուժի օգնությամբ են զինվում, խմբվում, այն էլ վերեւից (Պոլսից) եկած հրամանի, եկած բեգերի շնորհիվ․․․»։
Ախալցխայի գավառի թուրքերը բեգերի գլխավորությամբ 1917թ. դեկտեմբերի 27-ին 15 հազար զինված մարդկանցով հանկարծակի հարձակվեցին Ախալցխա քաղաքի վրա եւ պաշարեցին այն։ Թուրքերի պարագլուխներ Օմար էֆենդին եւ Սարվան բեգ Աթաբեգովը քաղաքի ղեկավարներից պահանջեցին իրենց հանձնելու քաղաքը, բերդը, քաղաքից հեռացող ռուսական զորամասի զենքն ու զինամթերքը որպես իսկական «ժառանգորդների»։ Ինչպես հայտարարում է Օմար էֆենդին, իրենք թուրքերը, քաղաքի բնակչության, առանձնապես, հայերի նկատմամբ չունեն որեւէ պահանջ, եթե լինի որեւէ պրոբլեմ, ապա դա կապված կլինի վրացիների հետ... Որ իրենք ուզում են Ախալցխայի գավառում ստեղծել թուրքական կանտոն («Շարժում» թերթ, Ախալցխա, 1918թ., թիվ 1, ԽՍՀ ՊՊԿԱ ֆ. 222, ց. 1, գ. 1 մ.թ.79)։ Ախալցխայի գավառում բնակչության 60 տոկոսից ավելին թուրքեր էին (առաջին համշխարհային պատերազմի նախօրյակին գավառում ապրում էին 25473 հայ, 7840 վրացի եւ 53000 թուրք), որոնք իրենց իրավունք էին վերապահում գավառում տնօրինություն անել ինքնավարության ձեւով։ Ախալցխա քաղաքի բնակչությունը (1918թ. 20 հազար), որի 82 տոկոսը հայեր էին, ոտքի կանգնեց զենքը ձեռքին։ Երիտասարդ քաղաքագլուխ Զորի Զորյանի գլխավորությամբ արագորեն կազմակերպվեց «Քաղաքի ինքնապաշտպանության գվարդիա» եւ հմուտ ու փորձված հրամանատարների ղեկավարությամբ այն գրավեց պաշտպանական դիրքեր քաղաքի մերձակայքում...
Անդրկովկասյան կոմիսարիատի կողմից ուղարկված ներկայացուցիչների