Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր ինքնապաշտպանության շարժումը, եւ գնում էին նրա ետեւից, երբեք չկասկածելով նրա եւ շարժման ազնվությանը...

Ժողովուրդը (ոչ միայն հայերը) պաշտում էր նրան եւ ինքնապաշտպանության բոլոր հաջողությունները իրավացիորեն կապում նրա անվան հետ:

Այս կապակցությամբ տեղին կլինի մեջբերել «Շարժում» թերթում (1918թ. թիվ 23) տպագրված մի շատ հուզիչ թղթակցություն.

«Հարգելի ընկեր «Շարժումի» խմբագիր.

Մեր քաղաքի գործունյա եւ քաջ պահապան քաղաքագլուխ Զ. Զորյանի անվան նվիրում եմ 100 ռ. հօգուտ Ածղուրում ընկած նահատակ մարտիկների չքավոր ընտանիքների։

Ոմն ախալցխացի»։

Նվիրատուն անունը չի գրում, նրա համար կարեւոր չէ իր ես-ը... Կարեւորը ընդհանուր գործն է... Այսպես, մարդիկ բոլորը Զորյանի այդ պաշտելի անձնավորության նման ուրացել էին իրենց անձը...

Ահա այս մեծ հավատի, ազնվության, անկեղծության, արդարության, ճշմարտության զգացմունքներն էին, որ համախմբել էին Ախալցխայի ոչ միայն հայերին, այլեւ վրացիներին, հրեաներին, ռուսներին եւ դարձրել բռունցք... Դրա շնորհիվ էր, որ ինքնապաշտպանությունը հաղթեց...

Այսօր էլ Մեսխեթում եւ Ջավախքում Զ. Զորյանի մասին խոսում են խորին ակնածանքով, խոսում են այնպես կարծես իրենց ժամանակակիցն է եւ ապրում է կողքերին... Լեգենդ է նա։ Նրա վեհաշունչ կերպարը փոխանցվում է սերնդե սերունդ։

Քաջարի ախլցխացիների երախտապարտ սերունդները, իմ կարծիքով, արժանին հատուցած կլինեն այդ մեծ մարդուն (որը, ինչպես գրում է Ե. Սիմոնյանը, իր խելացի քաղաքականությամբ փրկեց քաղաքը եւ շրջանի բնակչությունը կոտորածից, այն էլ երկու անգամ 1918 եւ 1921 թվերին...), եթե նրա հուշարձանը կանգնեցնեն քաղաքում եւ նրա անվամբ կոչեն դպրոցներ ու փողոցներ... Ճիշտ կլինի Ախալցխայում վերականգնել այն փողոցի անունը որը դեռեւս 1918թ. ժողովուրդը կոչել էր Զ. Զորյանի անունով։