Դամալան Ներքին Ջավախքի գյուղերից է, գտնվում է Ասպինձայից հինգ կիլոմետր արեւելք։ Շրջապատված էր քսանից ավելի թուրքական գյուղերով։ Գյուղն այն ժամանակ բաղկացած էր 120 ընտանիքներից...
1917 թվականի դեկտեմբերի 27-ին Ախալցխայի շրջապատումը գավառի թուրքերի կողմից իր բացասական ազդեցությունը թողեց նաեւ Դամալայի եւ նրա հարեւան գյուղերի թուրքերի հարաբերությունների վրա։ Ասպինձայի եւ շրջապատի թուրքական գյուղերի բնակիչները կապերը խզեցին դամալացիների հետ։ Հաֆիզ էֆենդու եւ Շահի աղայի գլխավորությամբ զինվելով սկսեցին զինավարժությունները եւ սպառնալիքները Դամալայի հայերի հասցեին։ Նրանք դեկտեմբերի 30-ի գիշերը գրավեցին Ասպինձայի էտապային (հանգրվանային) կետը, զինաթափեցին ռուս զինվորներին, խլեցին նրանց զենքն ու ունեցվածքը... Ասպինձան դարձրին ասպատատեղ, որտեղ ստուգում եւ թալանում էին քրիստոնյա ճանապարհորդներին, վիրավորում նրանց մարդկային եւ ազգային արժանապատվությունները։ Դամալացիները կտրվեցին արտաքին աշխարհից, նրանց սպասում էր անորոշ ու տագնապալից ապագա... Սակայն նրանք չընկճվեցին դիմեցին ինքնապաշտպանության։ Գյուղի դիրքը շատ հարմար էր ինքնապաշտպանության համար եւ կարելի է ասել՝ անառիկ, որի համար գյուղի քահանա Հակոբ Տեր-Հակոբյանը «Մշակ» թերթի (1918թ. թիվ 35) իր թղթակցության մեջ գյուղը համեմատում է Զեյթունի հետ, իսկ բանկիչներին քաջարի զեյթունցիների։ Նրա վկայությամբ ոչ միայն տղամարդիկ էին հմտորեն տիրապետում զենքին, այլեւ կանայք, ինչպես քաջարի երիտասարդ Ղարա-Մատոյի (Մարգարյան Մարտիրոս) մանկամարդ կինը, որը իր խիզախ ամուսնու հետ կողք-կողքի հերոսաբար մարտնչում էր ինքնապաշտպանության մարտիկների շարքերում։
Գյուղացիների կողմից հարգված, զինվորական գործին հմուտ, քաջ երիտասարդ Մատո (Մարտիրոս) Սահակյանի գլխավորությամբ եւ գյուղի մի խումբ աչքի ընկնող մարդկանց (Գրիգորյան Գաբրիել, Սահակյան Հովակիմ, Հակոբյան Հովհաննես, Մակարյան Անտոն, Բալոյան