Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ղազար, Հակոբ քահանա Տեր-Հակոբյան) աջակցությամբ 15 օրվա ընթացքում ստեղծվեց 155 քաջերից բաղկացած վաշտ։ Մարտիկների թիվը շուտով հասնում է 250 հոգու...

1918 թվականի փետրվարի 8-ին Ախալքալաքի նոր կազմավորվող հայկական գնդի վաշտերից մեկը օգնության եկավ Դամալա։ Դամալացիների ստեղծած կամավորական վաշտը զինվելու եւ հանդերձավորվելու նպատակով Մարտիրոս Սահակյանի գլխավորությամբ գնաց Ախալքալաք։ Ախալքալաքի բնակիչները եւ գավառային կոմիսար Աբգար Պայազատը սիրալիր ընդունելություն ցույց տվին նրանց։ Վաշտի նոր հրամանատար նշանակվեց ղարաբաղցի սպա Սարուխանյանը։ Վաշտը մինչեւ փետրվարի 25-ը մնաց Ախալքալաքում, համալրվեց Վերին Ջավախքի երիտասարդներով, զինվեց (թնդանոթով, գնդացիրով եւ զենքի այլ տեսակներով), հանդերձավորվեց եւ մասնակցեց մի շարք զորավարժությունների։ Իսկ երբ կազմավորվեցին Ախալքալաքի գնդի նոր վաշտեր, դամալացիների վաշտը վերադարձավ հայրենի գյուղ։

Արդեն չորրորդ ամիսն էր, որ գյուղը գիշեր-ցերեկ պաշտպանվում էր թուրքերի հարձակումներից։ Թշնամիները 10 անգամ գերազանցում էին իրենց թվաքանակով։ Գյուղի զինված ուժերի շտաբը, ինչպես պատմում է դամալացի Հակոբ Հակոբյանը (Ակոփենց Ակոն, ծնվ. 1906 թվականին), հեռախոսով կապված էր Ախալքալաքի զինված ուժերի շտաբի հետ։ Հեռախոսի լարերն անցնում էին անտառով ծառերի եւ գետնի վրայով։ Նրանք նեղն ընկնելու դեպքում հեռախոսով օգնության էին կանչում ախալքալաքցիներին։ Վաշտը տեղավորված էր գյուղի ծայրամասում։ Պահակակետեր էին ստեղծված յուրաքանչյուր հարեւան թուրքական գյուղի դիմաց։

Ապրիլի 4-ի կեսօրից հետո Դամալայի եւ թուրքական Օթա գյուղի պահակախմբերը անտառում հանդիպելով միմյանց, սկսել էին փոխհրաձգությունը։ Շուտով օթացիների պահակախմբին օգնության են հասել զինված ուժերը ինչպես Օթայի, այնպես էլ հարեւան թուրքական գյուղերի մոտ 300 մարդ։ Տեղի է ունենում անհավասար ճակատամարտ. դամալացիները ընդամենը 20 հոգի էին։ Չնայած թվական այսպիսի մեծ տարբերությանը, հայ կտրիճները չերկնչեցին, ընդհակառակը ոգեւորվելով իրենց խիզախ հրամանատար Արսեն Պետրոսյանի օրինակով, ետ շպրտեցին բազմաքանակ թուրք հրոսակներին։ Ճակատամարտը տեւեց 2 ժամ 45 րոպե։ Թշնամին տալով 8 սպանված եւ 5 վիրավոր, հեռացավ։ Հայերից միայն մեկը նահատակվեց։ Թուրքերը որոշելով