Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մ. Աբեղյանն այս վիշապաքարի մասին այսպես է գրում. «Մի երկրորդ արձան (որպես առաջին նկատի ունի Մուրջախեթի արձանը - Ա.Ս.) գտնվում է Գանձա գյուղում, Թոփարավան գետի վրա, որ Թոփարավան լիճը միացնում է Թումանգյոլ լճի հետ։ Այս արձանը շատ ընդհանուր գծեր ունի Գեղամա լեռների «վիշապների» հետ, մինչեւ անգամ նրա արտաքին ձեւը մի քիչ հիշեցնում է ձուկ։ ...Հարկավ, կարելի չէ ասել, թե այս քարը նման է Գեղամա լեռների «վիշապներին», բայց նրանց մեջ անկասկած կան ընդհանուր գծեր»[1]։ Այո, միանգամայն իրավացի է Մ. Աբեղյանը։ Ըստ Գ. Ղափանցյանի, հուշարձանի կենտրոնական մասում կա սկավառակ եւ նրա տակ երկու թռչուն, իրար դեմ կանգնած[2]։ Մի այլ տեղ նա սկավառակի փոխարեն հիշատակում է երկու շրջանակ՝ մեկը մյուսի տակ[3]։

Մեր մանրակրկիտ զննումներից պարզվել է հետեւյալը։ Քարի վերեւի ծայրին կա փոս, որը հեռվից դիտելիս ձկան բացված բերանի տպավորություն է ստեղծում, ինչի հետեւանքով թյուրիմացության մեջ է ընկել Լ. Մելիքսեթ-Բեկը եւ այն անվանել է ձկան բացված բերան։ Սակայն, երբ մոտիկից ես դիտում, պարզվում է, որ այն սկզբում եղել է 14-15 սմ տրամագծով անցք (նմանատիպ անցքեր կան նաեւ Վլադիմիրովկայի եւ Սաթխայի մենհիրների վրա), իսկ այնուհետեւ, թե ինչ հանգամանքներում, անցքի վերեւի մասը ջարդվել է եւ փոս առաջացել: Կոթողի վրա ձկան աչքը, խռիկները, գլուխը քանդակված են քարի հարավային կողմում, ուստի նշված փոսը բերան չէր կարող լինել։ Քարի արեւմտյան երեսի վերեւում, անցքի տակ քանդակված է (հարթաքանդակ) շրջանակ։ Սկավառակն արված է բարձր արվեստով եւ համաչափ։ Այն, ինչպես վերեւում ասվեց, խորհրդանշում է արեւը որպես պտղաբերության խորհրդանիշ։ Արեւի սկավառակին վերեւից

  1. Մ. Աբեղյան, նշվ. աշխ., էջ 106:
  2. Գ. Ղափանցյան, նշվ. աշխ., էջ 328:
  3. Նույն տեղում, էջ 330: