է չեխական գարեջուրը, որը շատ սիրելի եւ տարածված խմիչք է Չեխոսլովակիայում։
Տաքացած երիտասարդները երգում են չեխական խմբական երգեր։ Այդ երգերի բովանդակությունը, ինչպես համառոտակի թարգմանում է Գլեբը, սերն է, խաղաղ կյանքը, հայրենիքը, ջահելությունը...
Չեխական երգերին հաջորղում է մերը ռուսական, հայկական, վրացական երգերը։ Փոխվում է միայն երգի լեզուն ու եղանակը։ Բովանդակությունը նույնն է սեր, ջահելություն, հայրենիք...
Լուսանում է։
Առաջին լուսաբացը Չեխոսլովակիայում։
Լուսաբացի հետ մարում են երգերը, եւ մենք փարվանա թիթեռնիկի պես հպվում ենք վագոնի պատուհաններին ամեն ինչ տեսնելու համար։
Գիշերը մենք արդեն անցել էինք Սլովակիան ու Մորավիան։ Այժմ Չեխիայհւմ ենք։
Բլուրներ, բլուրներ... Այնքան շատ են այստեղ բլուրները եւ բոլորն էլ ծածկված են անտառներով ու փարթամ կանաչով։ Ճանապարհի կողքերին փռված են քաղաքաներն ու գյուղերը։ Դրանք այնպես են թաղված մրգատու ծառերի ու այգիների մեջ, որ տների երկրորդ հարկերը հազիվ են երեւում։ Յուրաքանչյուր մեծ կամ փոքր գյուղի ծայրին շինված են գեղեցիկ սպորտհրապարակներ, եւ մենք գնացքի պատուհաններից «ականատես» ենք դառնում մի քանի ֆուտբոլային մրցումների։
- ՀԱՐՅՈՒՐԱՇՏԱՐԱԿ ՊՐԱԳԱ
Իջեւանում ենք Պրագայի ուսանողական թաղամասի մի հանրակացարանում։ Առավոտյան նախաճաշից հետո, Գլեբի առաջնորդությամբ, ոտքով գնում ենք Վիշեգրադ, որը շատ էլ հեռու չէ մեր իջեւանած տեղից։
Անցնում ենք քաղաքի փողոցներով, որոնք սալահատակված են ծխախոտի տուփիկների չափ գույնզգույն սալիկներով։ Մայթերն էլ են սալահատակված, բայց ավելի փոքրիկ սալիկներով, ու, թվում է, թե մեր առջեւ գորգեր են փռված։ Փողոցների խաչմերուկներում աղբյուրի ծորակներ կան, բայց նրանք այլեւս չեն օգտագործվում, ներկված են կանաչ գույնով եւ պահպանվում են որպես հնություններ։
Մտնում ենք Վիշեգրադ ամրոցից ներս։ Նրա պարիսպները դարերի պատմություն ունեն եւ կառուցված են ոչ թե բլրի վրա, ինչպես մեր ամրոցներն են, այլ նրա շուրջը։ Բարձր ու ամուր պարիսպը գրկել է բլուրի մեջքը ու նրան առել իր մեջ։ Ամրոցն այժմ վերածված է մի շքեղ գբոսայգու, իսկ նրա կենտրոնում, վանքի պատերի տակ հանգչում են չեխ ժողովրդի