Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին լսելու Ս. Լորետա եկեղեցու 27 զանգերի հրաշք-հնչյունները, որ կարելի է ունկնդրել ժամը մեկ անգամ։ Լսվում է զանգերի ղողանջը փքված ծնվում մի հոգեպարար քնքուշ մեղեդի։ Հսկա բազմությունը քար կտրած լսում է այդ աստվածային երաժշտությունը, զարմանալով, որ այդ չքնաղ երաժշտությունը ծնող բարդ մեխանիզմը պատրաստվել է միջնադարում։

Կրեմլի Ստրոգովյան վանքը, որտեղ հիմա պահվում են հին ձեռագրեր, քարտեզներ, փայտի վրա կատարված փորագրություններ, հիշեցնում է Երևանի Մատենադարանը։

Վերադառնում ենք «տուն»։ Հրապարակներից մեկում վարորդը դանդաղեցնում է ավտոբուսի ընթացքը, և նորից լսում ենք մեր էքսկուրսավարի ձայնը.

− Սա սովետական տանկն է, որ առաջինն է մտել Պրագա,– ասում է նա և ցույց տալիս պատվանդանի վրա դրված սովետական տանկը.


ԱՏՈՒՄ ԵՆՔ ՖԱՇԻԶՄԸ

Էքսկուրսիան սկսում ենք սինագոգայի շուրջը փռված հրեական հին գերեզմանոցից։ Գերեզմանաքարերի խիտ անտառի մեջ շրջելուց հետո մտնում ենք սինագոգա։

Պրագայի Պինկասի անվան սինագոգան Եվրոպայում կանգուն մնացածներից ամենահինն է։ Հիտլերը այն թողել էր հակասեմիտական պրոպագանդայի համար: Նա չէր էլ կարծում, որ այն, հենց Եվրոպայի կենտրոնում, կդառնա մի ցասում ֆաշիզմի դեմ և կարտահայտի վեց միլիոն նահատակված հրեաների բողոքը: Առաջին հայացքից ներսի պատերը զարմանալի ու տարօրինակ են թվում։ Նրանք վերևից ներքև ծածկված են լատինական տառերով։ Դրանք նացիզմի 77.297 զոհերի անուն-ազգանուններն ու ծննդյան թվերն են։ Այդ անունների տերերը մինչև երկրորդ աշխարհամարտը Չեխոսլովակիայի քաղաքացիներն էին, որոնց պատերազմի տարիներին հիտլերյան ամենահրեշները մոխրացրել էին համակենտրոնացման ճամբարների վառարաններում։ Զոհերի ծննդյան թվերը բազմազան են, ընդհուպ 1942 թիվը, իսկ մահվան թվերը մի քանիսն միայն 1942, 43, 44.․․

Սինագոգայում բազմաթիվ հավաքվածների դեմքերին կարելի է կարդալ մի որոշակի միտք՝ ատում ենք ֆաշիզմը։