Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մնացած 5000 կանայք և երեխաները թալանված, ծեծված, սոված ու բռնաբարված փախչում էին դեպի Ախալցխա և Ախալքալաք։ Թշնամին մոտենում էր նաև այս գավառներին։

Ախալցխայի գավառի 30 հազար հայությունը մոտ 6 ամիս թուրքական շրջապատման օղակի մեջ կռվեց հերոսաբար և չպարտվեց։ Այն Թուրքիային հանձնվեց միայն Վրաստանի կառավարության որոշմամբ։ Իսկ Ախալքալաքի ճակատագիրն այլ կերպ դասավորվեց։ Գավառի 85 հազար հայությունից կարելի էր զինել 8-10 հազար մարդ։ Սակայն, ինչպես տեղական իշխանությունների, այնպես էլ Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի ու Անդրկովկասյան սեյմի մեղքով այդ բանը չարվեց։ Նույնիսկ չկարողացան զինել այն 5 հազար երիտասարդներին, որոնք խանդավառությամբ գյուղերից. Ախպլքալաք գնալով, ցանկություն էին հայտնել զինվորագրվելու ինքնապաշտպանությանը։ Այս կամավորներից միայն 2 հազարին ընդգրկեցին տեղի հայկական գնդի մեջ։ Գոնե այդ գունդը չկարողացան զինել պատշաճորեն, որի հետևանքները գավառի ամբողջ հայության համար եղան խիստ ողբերգական։

Մայիսի 20-21–ին (հ.տ. 7-8-ին) գունդը Կարծախ գյուղի մոտ «ցուցադրեց» իր անկազմակերպվածությունն ու վատ զինված լինելը... Անկարգապահության հետևանքով հանկարծակիի եկած նահանջող զինվորների հետ գավառի բնակչությունն սկսեց խուճապահար հեռանալ դեպի Բակուրիան գավառի փախչող ղեկավարների ետևից... Գավառի ղեկավարների ու զինված ուժերի հրամանատարության ապաշնորհության հետևանքով ինչպես գյումբուրդեցիների ու մի շարք ուրիշ գյուղերի բնակիչների գավառի առանձին հատվածներում տարած փայլուն հաղթանակներն ի չիք դարձան, այնպես էլ թշնամու բազմաքանակ զորքերի դեմ միայնակ մնացած Սաթխա գյուղի զինյալների մղած կենաց և մահու հերոսամարտը մայիսի 31-ին (հ.տ. 18-ին) ավարտվեց պարտությամբ։ Գավառի 80 հազար հայեր թողած 2-3 միլիոն փութ հացահատիկ և տասնյակ հազարավոր անասուններ, մայիսի 31-ից հունիսի 2-ը, փախան Բակուրիանի անտառներն ու Ծալկայի հայկական գյուղերը։ Ի դեպ, չգաղթած ու իրենց գյուղերում մնացած և թուրքական իշխանությունների գթասրտությունն ակնկալող Խորենիա և Թակչա գյուղերի և այդ գյուղերում ապաստանած այլ գյուղերի հարյուրավոր բնակիչներ, հիմնականում կանայք ու երեխաներ, ընդհանուր թվով 2000 մարդ, թուրքերի կողմից քշվեցին մարագները