Էջ:Among the Ruins.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՃԱՄՓՈՒՆ ՎՐԱ

Օր․ Սաթենիկ Օհանջանյանի

Առաջին օրերեն՝ երբ գյուղացիներու զարհուրելի պատմությունները կլսեինք, մեր մտասևեռումը եղավ երթալ այդ արյունոտած ճամփաներեն, երթալ հուրով և սուրով ջնջված մարդկության հետքերուն վրա, ու մեծ դժբախտության դառնությունը զգալ իր բոլոր ցավագին ընդարձակության և անժխտելի իրականության մեջ:

Հիմակ՝ սայլին մեջ երկնցած՝ մեծ ճամփուն վրա էինք արդեն. ընդարձակ դաշտերուն խաղաղությանը վրա վերջալույսն իր վարդագույն մշուշը կանձրևեր: Տաք երկիրներու հատուկ մասնավոր գոլորշի մը արևին վերջին ճառագայթներեն կարմրած, կբարձրնար գետնեն ու հորիզոնին վրա հեռավոր լեռները, այնքան թեթև և անոսր կթվեին, որ՝ կշփոթեին իրենց գագաթներուն վերև սավառնող ամպերուն հետ: Կարծես ամբողջ երկիրը կվերանար ու այս անսահմանելի փափկությունը երանգներու և գիծերու իրենց դաշնակավոր թրթռացումներով՝ մեզ տանջելու չափ կհուզեր, որովհետև մեր հոգիներն այլևս անընդունակ դարձեր էին ըմբռնելու և վայելելու գերազանց գեղեցկությունն անսահման դաշտերուն, դեռ ոսկեգույն՝ հնձված հասկերու դողդոջուն շյուղերով:

Սայյք միշտ կառաջանար մեծ ճամփուն վրա. մտրակին շաչյունը և անիվներուն թավալումին աղմուկը կօրորեին մեր մտածումները. դեպի Միսիս է, որ կերթանք, ու միայն անունն այդ դժբախտ քաղաքին մեզ կնախապատրաստեր այն իրականության, որ մեր աչքերուն առաջքը պիտի ըլլար քիչ ատենեն:

Հիմա հետզհետե մեր գրգռված երևակայությունը կտեսներ այդ խելակորույս փախստականները՝ ցրված այս տարածության վրա, որոնցմե ոմանք արդեն վիրավոր, արյունով կակոսեն իրենց տաժանելի գնացքը, իրենց ետև հրդեհված հայրենի քաղաքը կմեռնի ճարճատյուններու մեջ ու հրացաններու գնդակները զիրենք կհալածեն, բոլոր այն մոտավոր գյուղերը, ուր դիմած էին ապաստան գտնելու հույսով՝ արդեն ավերակ դարձեր էին ու հորիզոնին ամեն կողմեն բոցի