սյուներ կբարձրնային: Բոլոր ասոնք պատմած էին արդեն մեզի միսիսցի կիներն ու ըսած էին նաև, որ ան ատեն հունձքը եղած չըլլալով, ճարահատ մարդիկ ծածկվեր էին ցորենի հասկերու բարձրության ներքև: Բայց թշնամին մասնավոր շուներու առաջնորդությամբ՝ որսացեր էր զիրենք մեկիկ-մեկիկ, ու մարդիկ մեռեր էին իրենց հերկած, իրենց քրտինքով ոռոգած արտերուն մեջ…:
Սայլը միջոց մը կկենա ու մենք կիջնենք վար. հեռավորության մեջ, ավերակներու ընդարձակ տարածություն մը կերևա. Ինճիրլիք գյուղն է, գետնի հավասար եղած: Դիմացեն կիներու խումբ մը կառաջանա դեպի մեզ՝ նախ վարանոտ, հետզհետե ավելի վստահ քայլերով: Ամենքն ալ կճանչնանք գրեթե. իրենց սրտմտած ու տխուր դեմքերն ավելի դաժան են՝ իրենց քանդված տուներուն մերձավորության մեջ. մեկը թևը կերկրցնե դեպի Ինճիրլիք ու կարծես ներքին մտածումներու շարք մը ամբողջացնելով՝ խուլ ձայնով մը կըսե միայն սա բառերը.
- Ահավասիկ, հոն է՜ր…
Այրիացած ու աշխարհի բոլոր ուրախություններեն հրաժարած այդ կիները եկած են աշխատելու բամբակի արտի մը մեջ, որուն սպիտակությունն ալ ավելի հեռուն հազիվ թե կնշմարենք. մեկ քանի վրաններ կպատսպարեն զիրենք գիշերները: Վերջալուսային շառագույն ճառագայթներուն ներքև իրենց ցնցոտիներն ալ ավելի թշվառական կթվին ու իրենց խորշումներով ծերացած դեմքերն անձկությամբ ու դառնությամբ կժպտին մեզի:
Օ՜հ այդ ժպիտը… դողդոջուն հույսի բեկոր մըն է այդ ժպիտը, դյուրաբեկ ու երկչոտ հույսի, կառչած միմիայն մեր ներկայության, որ խորապես կտառապեցնե մեզ, մեր անկարողության գիտակցությամբը:
Ու հակառակ իրենց արցունքով պղտորած աչքերուն՝ ցավագնորեն կշարունակեն ժպտիլ, կարծելով, ատով շահիլ մեր ուշադրությունն իրենց խղճալի գոյության վրա: Կջանանք, որ իրենց հույսը տեղափոխեն իրենց աշխատության մեջ, սրտապնդող ու քաջալերող խոսքեր կընենք իրենց, բայց անոնք շատ բան գիտցող ու շատ բանի արդեն ականատես եղող մարդերու հոռետեսությամբ՝ գլուխնին կշարժեն ու կմերժեն հավատալ մեզի…: