Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոսկորի խանձած կտորներ… ի՛նչ փչացած կենսականություն, ի՛նչ մարած հրայրքներ ու ավյուն կներկայացնեք դուք, ի՛նչ տենչանքներ ու չիրականացած փափագներ, ու նաև ի՛նչ սոսկում, ի՛նչ արհավափ հոգեվա՜րք…

Մեր աչքերն այլևս նույնիսկ արցունք չունեին թափելու:

Մարդկային հետքեր կային նաև պատերն ի վեր. արյան արատներ, որոնք ձեռքի մը պատկերը կնշանակեին ու նաև ցայտած արյունի հետքեր, պայթած երակներե շատրվանի պես բարձրացած արյունի հետքեր, որոնք որևէ նկարագրութենե ավելի պերճախոսությամբ կպատկերացնեին եկեղեցին ապաստանողներու վերջին ոգորումները…: Զարհուրելի բան էր ասիկա, մարդիկ մեռելներե առաջ զիրար կոխոտած, իրարու վրա բարձրացած ըլլալու էին. հոգևարքներու և վիրավորներու դեզերը ոտքի տակ առնելով ուզած էին փախչիլ ու ազատիլ, որովհետև մարդկային բարձրութենե շատ վեր ձեռքերու հետքեր կտեսնեինք ու երբեմն ալ ամբողջ թևի մը պատկերը՝ պատին փակած նկարներուն ու բզկտված երակներուն միջոցավ… ու հոն Օսմանիեի եկեղեցիին պատին վրա գտանք նաև արյունով գրված արձանագրություն մը. մուխը և բոցը սողացեր էին մինչև հոն ու ետ դարձեր էին արտակարգ դիպվածավ մը: Մեզ ընկերակցող ուսուցիչը կենթադրեր, թե ուրիշ հաճնցի ուսուցիչի մը գիրն էր ան, միակ անձը, որ ապաստանողներուն մեջ հրացան մը ուներ և հավանական է, որ այդ նույն ուսուցիչն էր, որ միակ հրազենը պարպած էր Օսմանիեի մեջ, եկեղեցիին պատուհանեն:

Արձանագրությունը հոն էր արդեն, պատուհանին կմախքին քով, կարճ, կցկտուր բայց գերազանցապես թելադրիչ. այդ երեք տողը ոչ միայն Օսմանիեի աղետը կնկարագրեր, այլ ամբողջ ազգային դժբախտությունն ու մեր ցեղին համառող տենչանքը, մշտավառ և իսկական ջերմեռանդությունը և հուսահատության հիմարացուցիչ զարհուրանքը:

Արձանագրությունը կսկսի այսպես.-

«Դեպքը սկսավ ապրիլ 3-ին»… Այդ պահուն դեռ հույս կար, որ պիտի ազատին, դեռ հույս կար, որ արձանագրությունը պիտի շարունակվեր, բայց ահա թշնամին հասել էր մինչև իրենց դուռը, հրացանները