Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արդյոք, Ադանայի տենդն ուրկե բռնված էինք երկուքս ալ և որուն ցավը մոռցեր էինք ճամփուն վրա: Կփախեի՜նք… կփախեի՜նք…: Ձիերը կարծես խենթեցեր էին, սայլապանը կճչեր, երբեմն կգոչեր և պատահական գյուղակներու մոտեն անցած ատեննիս՝ հեռավոր շուներու կադկանձյունները կպատասխանեին մեր անժամանակ գնացքի աղմուկներուն: Ավելի արա՛գ, ավելի արա՛գ…: Մեր էության խորը կարթննային ձայներ, ձայներ, մղձավանջային, դժոխային ձայնե՜ր…

-Օգնությո՜ւն… օգնությո՜ւն…:

Խենթեցե՞ր են ձիերը. իրենց ոստոստող և թափահարող սմբակներեն կայծեր կցայտեին գետնի փոշին ամպի պես կբարձրանար: Ականջներնին կթոթվեին՝ գրգռված կարծես անտեսանելի շոշափումե մը. ու երբեմն կխրխնջեին, գլուխնին շարժելով ու կշարունակեին սուրալ, բարձրանալով առաջքի ոտքերնուն վրա և ոստոստելով՝ իբր թե վիհեր բացված ըլլային մեր դիմացը…:

Քանի մը ժամ այսպես, ու հանկարծ արթնցանք:

Միսիս հասած էինք. կեսգիշեր էր, ու ոճրապարտ գյուղը կքնանար: Սայլապանը ձիերը քակեց ու տարավ հանգչեցնելու և կեր տալու համար: Մենք սայլին մեջ մնացինք:

Կեսգիշեր էր… ու կարո՞ղ էինք քնանալ, քայլ մը անդին չարագուշակ ավերակները կային մարդկային աճյուններով ծածկված. քայլ մը անդին, կմախքի բեկորներ, մանկան գանգեր, քանդված օջախներ և ամեն տեղ ուրվականային հիշատակը գոհերուն…

Ոճրապարտ քաղաքը կքնանար. ոտքի ելա ու նայեցա շուրջս երդիկներու վրա, երկար, երկար ատեն: Ու իմ հպարտությունս ու իմ ատելությունս այնքան սաստիկ զգացի, որ չհամարձակեցա անդրադառնալ անոր:

Քանի օրերե ի վեր Ադանա վերադարձած էինք: Մեր բանտարկյալներեն մեկ քանին արձակված էին, և կհանդիպեինք իրենց մայրերուն, իրենց կիներուն ժպտուն և գոհ դեմքերուն, մեր առօրյա երթուդարձի միջոցին: Պատերազմական Ատյանները դադրած էին այլևս գործելե և նոր ընտրված կուսակալին քաղաքային իշխանությունը, և ազատասեր մարդու ազդեցությունն օր օրի կտարածվեր վիրավորված և անհամբեր հայ հասարակության վրա: