Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ոչ ոք դեռ չէր մոռցած աղետը, ոչ ոք դեռ չէր ամոքված իր սեփական սուգին մեջ: Բայց ցեղը հավաքաբար կամփոփվեր, շարքերը կսեղմեին և թշնամիին բացած արյունոտ պատռվածքները կգոցեին կամաց-կամաց:

Ուրիշ տեղերե, կոտորածներու ժամանակեն զգացված գավառներեն հասկցեր էին, որ ժամանակը հասած է: Ու մեզի ղրկված հանդերձեղենի հակերու մեջ կգտնեինք հարսանեկան զգեստներ… մեկ կողմ դրինք անոնք և պահեցինք. այդ զգեստներն անպետ չմնացին:

Մոտավոր և դրացի գավառներեն ամեն օր կհասնեին բարեկեցիկ և դիրքի տեր ամուրիներ և կամուսնանային չափահաս որբուհիներու հետ:

Տխուր հարսանիքներ էին անշուշտ, սգավոր հարսնեվորներ: Բայց այդ հորդառատ արցունքներուն ետևեն որ կտեսնեինք, հարսերու երեսներն ի վար, հանդարտ և այլայլ փայլով մը կշողշողար նաև երջանկությունը:

Արագ, արագ, նոր ընտանիքներ կկազմվեին. մեր գործունեության տեսակը զգալի կերպով փոխված էր. այլևս տխրությամբ մեկ կողմ չէինք ձգեր գեղեցիկ և պճնված զգեստները՝ արկածյալները վիրավորելու մտահոգությամբ. անոնք կպահեինք, կծրարեինք և կհատկացնեինք հարսերուն:

Եկեղեցիին բակին մեջ ապաստանողներու թիվը կպակսեր հետզհետե. շատերն այգիները գացեր էին այգեկութք ընելու և օգնելու հողատերներուն: Քիչ ատենեն կուգար նաև բամբակի հունձքը և անգործ մնացած բազուկներ պիտի մխիթարվեին սուրբ և ամոքիչ աշխատությունով:

Հղի կիները կծնեին ու նորածիններն այլևս վիժածի ահռելի երևույթներ չունեին: Ամեն օր կերթայինք կայցելեինք ու գուրգուրանքով կհսկեինք այդ նորածիլ կյանքերուն վրա: Դժբախտ ու որդեկորույս մայրերու դեմքերուն վրա կվերածներ երջանկության ժպիտը, ու շրթներ, որ միայն ողբացեր էին ամիսներե ի վեր, կերգեին և օրոր կըսեին իրենց մանկիկներուն: Մեկ ծնող կնոջ քով կհավաքվեին շատ մը այրիներ ու ամենքն ալ կխնամեին ու կշփացնեին նորածինը. արկածյալները հավաքաբար մայրություն կընեին և կմխիթարվեին ինքզինքնուն ստեղծած տպավորության մեջը: