Էջ:Among the Ruins.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա հակած կմնա քանի մը րոպե: Երբեմն իր դողդողացող մատներով վերմակնին կծածկե, մազերնին կշոյե ու առանց խոսելու, առանց աղմուկի կարտասանե այդ որբերուն վրա: Ո՞վ է, ուրկե՞ց եկած է, չենք գիտեր. վիրավորված տղոց մայրիկը կանվանենք զինքը:

Երբ մենք մոտիկցանք մահճակալներուն, պառավին տմույն և տարտամ նայվածքը, - որ կարծես բնավ չէր տեսներ, - անձկությամբ լցվեցավ, և բոլոր մեր այցելության տևողությանն այդ նայվածքը հետևեցավ մեզի. բոլոր այդ միջոցին պառավը վիզը ձգած, վրդովված ու կասկածոտ, չկրցավ հանգիստ մնալ իր ցնցոտիներուն մեջ:


Հիվանդ երախաներուն մեծ մասն անդամահատված էին. մեկ քանին միայն՝ համառող և երկարատև ջերմե կտառապեին, ամենքն ալ առանց բացառության, ցավի և տանջանքի մեջ ծամածռած դեմքերով, մեռելներու պես տժգույն, աչքերնին մարած, շրթունքնին չոր ու ճերմկած, տաժանելի տպավորություն առաջ կբերեին…: Հաճախ իրենց ցավագին հծծյունին մեջ նվիրական բառը կլսվեր, աղերսող և արդեն հուսահատած կոչով մը.

- Մայրի՜կ… մայրի՜կ… մայրի՜կ…

Եվ իրենց անգիտակցությունը թե ինչո՞ւ լքված և միայնակ էին իրենց մահճակալներուն մեջ, թե ինչո՞ւ սիրելի և ընտանի դեմքը մայրիկին կմերժեր երևալ իրենց ճգնաժամային տագնապներու միջոցին, ա՛լ ավելի ահռելի կդարձներ իրենցմե արտահայտված տպավորությունը:

- Մա… մայրի՜կ…

Խարխափող և վարանող ձեռքեր, հոգեվարքի ձեռքեր կկառչին մեզի, կբռնեն մեր մազերեն ու գերագույն և երջանիկ պատրանքի մը մեջ աչքեր կբացվին, ութը, տասը տարեկան տղու աչքեր, տանջանքով հասունցած, սև և տառապագին աչքեր… վայրկյան մը կսևեռին մեր վրա, կզարմանան ու հանկարծ անդրադառնալով մեր օտարությանը, քենոտած և տխուր, կփակվին նորեն մեզի համար:

Կարելի է մխիթարել երիտասարդները, կիները, ծերունիները ու պառավները, կարելի է գերեզմանին շեմին վրա գտնվող անբախտներու հույսի և երանության ճաճանչ մը փայլեցնել. բայց ի՞նչ կրնանք ընել այս տղաքներուն համառող և տարամերժ վիշտին համար: