Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ բիբերը,որոնք կիսաբաց և թարթիչե զուրկ արտևանունքներուն մեջեն պիտի իյնային կարծես անկենդան և լպրծուն հեղուկի մը վերածված. այդ մարմինը. որուն ամեն մեկ մկանունքները ձգտված էին ցավով… մեզ խենթեցուց: Ի՞նչ բանի քավությունն էր այդ տառապանքը, ինչո՞ւ այդ մանկական մարտիրոսությունը…: Մենք կզգուշանայինք իրարու երես նայելու, այնքան մեր հոգիներուն մեջ խռովվող զգացումներ սաստիկ և շփոթ էին:

Հանկարծ խորհեցա ուրիշ մանուկներու վրա, ուրիշ երկնքի ներքև` ոստոստող և զվարթ ու ապրելու երջանկությունով բաբախուն մանուկներու վրա…: Ու րոպե մը միտքս երթևեկեց արագորեն վարդագույն և թարմ շրթունքներե` այդ մեռելատիպ և լորձունքոտ շրթները, բոցավառ և պայծառ նայվածքներե` այդ մարած և պղտոր սևությունով մը ծածկված բիբերը, խոպոպիկներով պճնված պաշտելի և ծաղիկի պես լուսահեղ գլուխներեն` հերազուրկ և ցավատանջ գանգը: Ու աշխարհիս երջանիկներուն, սիրվածներուն կողմեն ամոթահար, կարծես ինքզինքս պատասխանատու զգալով այդ դժբախտ մանկիկին կացության մեջ, սկսա ջերմապես արտասվել, բռնված անմխիթարելի ցավով մը…: Ու բոլոր մեր ընկերներն ալ դրդված նույն ցավեն, աչքերնին արցունքոտ, ձեռքերնին դողդոջուն, սրունքներնին դեդևուն, թողուցին անկողինը, և ամենքս ալ, ինչպես աղետե մը, փախանք այդ սարսափելի երևույթեն…

Երկար ատեն, երկար օրեր, հիշատակն այդ վիրավորված որբին, ջլատեց ու տառապեցուց մեզ. և այսօր իսկ, երբ կխորհիմ անտարակուսելիորեն դիակնացած հեք մարմնին, և կխորհիմ իր մանկական և տառապագին մկանունքներուն վերջնական քայքայմանը, սիրելիներու արյունով թրջված հողին մեջ, չես կրնար ըմբռնել թե իր նյարդերը հանգչած ըլլան վերջնապես, ու իր ցավագին վիզը չձգտի այլևս դեպի վեր, դեպի արևը, դեպի ապրելու երջանկությունը ու տենչանքը…

Հետևյալ առտուն, առաջնորդված տեղացիե մը, ճամփա ելանք վրանները երթալու համար: Արևը բարձրացած էր արդեն հորիզոնին վրա և իր շողշողուն պայծառությունովը կլուսավորեր ամեն բան. զվարթ այլազանություն մը երանգներու կթրթռար անայլայլ բնության