Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կույրեր սարսափած այդ տարօրինակ աղմուկեն՝ կշտապեին, գլուխնին բարձր բռնած, սրունքներնին դեդևուն, կուգային մեզի պես ու երբեմն իրարու կկռթնեին՝ առաջանալու համար… այդ վիրավորված ու արյունոտ աչքերը, այդ ճերմակ մշուշով ծածկված բիբերը, թարախեն մաշած արտևանունքները՝ մեզի թե՜ գթություն, թե՜ վախ կներշնչեին․ ու կային, որ ունեին այնչափ փակ աչքեր, որ անկարելի էր երևակայել, թե ատեն մը նայվածքի լույսը ճաճանչած է այդ ցամքած ու ողորկ խորություններեն, մորթը ճակտեն կիջնար այդ փոսերուն մեջ՝ առանց նույնիսկ ծալք մը կազմելու արտևանունքին միացած գծին վրա՜…:

Ամենքն ալ անտեր էին առանձին․ ու ոմանք չէին գիտեր թե ինչ են եղեր իրենց ընտանիքի անդամները, մեռա՞ծ էին, թե թափառական, թե բանտարկված…: Այս հարցումն է, որ կհաճախեր իրենց տժգույն շրթունքներուն վրա:

-Հոս եկողներեն մեկը չըսա՞վ, թե կույր հայր մըն ունեի…:

Մեզի դժվար էր պատասխանել. ավելի դժվար էր իրենց տկար ու դողդոջուն հույսը մարել, շատերն այդ հույսովն է միայն, որ կառաջնորդվեին կյանքի տժնդակ ճամփուն վրա:

Մեկ քանի օր առաջ նույն այդ սենյակին մեջ ցավագին տեսարանի մը ներկա գտնված էի: Ութը տարեկան մանչ մը բերեր էին. դեպքին օրեն ի վեր խեղճ տղեկը կորսված էր. զինքը մահմեդական դարձուցեր էին և իր բնակավայրը եղող գյուղը հիմնահատակ կործանելե ետքը՝ դրացի թուրքեր որդեգրել էին զինք: Ի՞նչ չարաշուք դեպքերու հաջորդությամբ մը տղան եկել էր մինչև իր ազգին գիրկը, չգիտեմ. իր անունը կըսեր միայն ու հորը անունը և ուրիշ բան չէր գիտեր: Հանկարծ, կիներու ամբոխին մեջեն, որ խռնված էր եկեղեցուն բակին մեջ, կույր կին մը հույսի և ցավագին տարակույսի տագնապի մը մեջ` հասավ մեզի․ երեսն ի վար վիրալից աչքերեն արյուն ու արցունք կհոսեր, քունքերը թաց էին քրտինքեն ու կհեկեկեր. կուզեր խոսիլ, բայց ձայնը կխեղդվեր, վերջապես ըսավ…

-Այն օրը զավակս տարին, իսլամացուցին… անկեց ի վեր կորսնցուցած եմ զինքը… տղա եկել է կըսեն թուրքերուն քովեն, իմ զավա՞կս է արդյոք