Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վա՜ղը… վա՜ղը թերևս. ճամփա ելած հակերու կսպասեինք…

Մտիկ կընեին կարծես առանց լսելու, որովհետև պահ մը ետքը, կամաց-կամաց մոտիկնալով կաղերսեին դարձյալ:

Ուշ ատեն միայն հուսահատված մեկնեցան առանց որևէ կերպով նշանակելու, թե համակերպվա՞ծ են, թե հուսահատված բոլորովին. իրենց ետևեն կնայեի սիրտս բզկտված խղճի խայթով ու դառնությամբ խորհելով մեր կացության վրա, որով ստիպված էինք ձեռնունայն ետ դարձնել, հույսով և հավատքով մեզ դիմող դժբախտներ:

Երկու կիներ հոն էին դեռ, որոնք բոլոր ժամանակը կռվեր էին իրարու հետ. երբ մյուսները մեկնեցան հազիվ թե հանդարտեր էին. երկու վիրավորված, սրտերնին արյունած կիներ իրարու կնայեին քենոտած ու արցունքոտ աչքերով…: Երկուքն ալ հայաստանցի էին. անգամ մըն արդեն ենթարկված ըլլալով կոտորածի սարսափներուն, իրենց չքավոր և սգավոր գլուխներն ազատեր և ապաստաներ էին Կիլիկիո արևոտ երկնքին տակ… ինչքա՜ն խորապես ու անհունորեն դժբախտ էին… երկուքն ալ մայր էին և եկեր էին ցնցոտիներու վրա, հեռուներե զրկված նպաստի գլգլյականներու վրա կռվելու: Մեկ վերմակ միայն մնացել էր անմիջական տրամադրությանս տակ ու երկուքը մեկ ներկայացել էին…: Ինչպե՞ս ընտրել ամենեն կարոտյալը…:

- Վո՜ւյ… վո՜ւյ…վո՜ւյ… վայն իմ սևավոր գլխո՜ւս… մեռնեի՜ ու ոսկորներս հանգչեին… ողորմած թագավոր Աստված… ինչո՞ւ զիս մոռցար ու մարմինս չվերցուցիր այս սև հողին վրայե՜ն…:

Ու երիտասարդը երկու կիներեն՝ մազերը կփետտեր ու ցնցոտիները կբզկտեր կուրծքին վրա…: Հետո ինծի դարձնելով իր պաղատագին ու արցունքով լեցուն աչքերը՝ կմնար պահ մը առանց խոսելու և կհարեր.

- Զավակս հիվանդ է ու հողին վրա է՜… մարմինը վերքերով ծածկված… թարախը մինչև ոսկորները հասեր է՜… հոգերդ առնե՜մ… զավակ չունի՞ս, չե՞ս հասկնար ըսածս… տասը տարեկան եղավ՝ բայց մարմինը ցավեն հալած է… մինակ գլուխը և քանի մը ոսկորներ մնացեր ե՜ն… գերեզման չդրա՜ծ հատնիլը տեսա՜… կուրնա՜ն աչքե՜րս… առտուները, երբ մեկ կողմեն մյուսը կդարձնեմ… մրջյունները լցված