Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տղուս, մեյ մը աղջիկներուս վրա. իր ձեռքը մեծցեր էին, իր տղաքներուն, իր թոռներուն հետ խաղցեր էին: Հասկցա, որ ներսդին կռիվ կար. հևալով շունչ կառներ և քրտինքն անձրևի պես կվազեր ճակտեն:

- Օ՜ֆ… օ՜ֆ, - ըսավ վերջապես, ծնած օրերնիս անիծված օր է եղել, ճակտներուս գիրը սև է, դուք մեկ ցավով, մենք ուրիշ ցավով կայրինք կոր…

Հետո դեպի ականջիս ծռելով գլուխը, ըսավ դողդղալով.

- Դուրսի ժողովները գիտեմ, ամենքդ ալ պիտի ջարդեն, ես քեզի տունս տանիլ կուզեմ կոր, կուզեք եկե՛ք, կուզեք մի՛գաք, մեղքը ձեր վիզը…:

Ոտքին ինկա ու աղաղակեցի.

- Ես իմ կյանքս ապրեր եմ, մազերս ճերմկեր են, ինծի համար չէ, զավակներուս համար քեզի կաղաչեմ, իմ հայրս, եղբայրս, պաշտպանս դուն ես, քանի որ ուրիշ ճար չկա, թող ուզածիդ պես ըլլա: Ու տղաքներովս առաջքն ինկա ու գացի մխթարին տունը:

Մեզի սենյակ մը դրին ու մուխթարին ընտանիքը քաշվեցավ մեկ կողմ: Կիները սարսափած էին ու մեզի տեսնելնուն պոռալով կփախչեին, ինչպես եթե ոտքի վրա կեցած մեռելներ ըլլայինք…: Ա՜խ, ա՜խ, հոն քով քովի սեղմված նստեցանք գետինը և սկսանք լալ: Ձեռքերս տղոցս գլխուն վրա կդնեի, ամեն մեկը առանձինն կշոյեի. տղաս` Կարապետս, դիմացս առած երեսն ի վեր կնայեի… ու ալ արցունքներես էլ չեմ գիտեր, աղեկ մը չէի տեսներ գինքը… կարոտս ծարավի պես կչորցներ կոկորդս, բերանս, յավրում…: Էրիկս մոռցեր էի այդ միջոցիս. բայց երբ ինծի կըսեին. «մայրիկ, հոս ապահովության մեջ ենք, ինչո՞ւ կուլաս». «հորերնուդ համար է» կպատասխանեի: Այն ատեն տղաքս ալ ձայներնին կբարձրցնեին, ու ամենքս մեկ Կարապետիս կնայեինք:

Մեռելի պես ճերմկած, ձեռքերը, ոտքերը դողալեն անիկա կպտտեր սենյակին մեջ ու նորեն կուգար մեր դիմացը կնստեր… Մուխթարին տունը մտնալուս քիչ ետքը դրացի թուրք մը եկավ և ըսավ.

- Գե՜շ… գե՜շ, լուրերը շատ գեշ են… ամեն կողմ կրակի տվին, մաֆ