Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ըրին, ալ հայ չմնաց, եկեղեցի չմնաց… միլլեթը կործանեցավ, արմատեն չորցուցին:

Քիչ մը կեցավ գլուխը շարժեց ու ըսավ.

- Եթե մահմեդական ըլլաք, կազատիք, եթե ո՛չ, հայտնի է, որ պիտի սպաննվիք:

Ես ու մեծ աղջիկս դիմադրեցինք:

- Թո՛ղ այդպես ըլլա… քանի որ ամենքը մեռել են, մենք ալ կմեռնինք. մեր արևն այսքան է եղել. ավելին հարամ պիտի ըլլա մեզի համար:

Թուրքը գլուխը կշարժեր ու կկրկներ.

- Հայտնի է, որ պիտի ջարդվիք:

Այդ պահուն Կարապետս պատին կռթնած, ինծի կնայեր. անանկ մը դեղնել էր, որ երեսին մսերն անգամ կդողդողային… կամաց-կամաց մեզի եկավ և ամեն մեկ քայլ առնելուն՝ բոլոր մարմինը կցցվեր: Գիտես, որ քալելը մոռցեր էր, խոսիլը մոռցեր է՜ր… քանի մը անգամ բերանը բացավ ու գոցեց, բայց ձայն չելավ իրմեն:

Երբ մեր քովը եկավ, ծունկերնուս փարեցավ ու լեզուն բացվեցավ. մեյ մը ինծի, մեյ մը մեծ քրոջը կաղաչեր.

- Դեռ տասնութ տարեկան եմ և կյանքը չեմ ապրած, մեղքցեք ինծի… ապրիլ կուզեմ, ապրիլ, ապրի՜լ… իսլամ ըլլանք, ինչ կըլլա ըլլանք, բայց ապրի՜նք… մայրիկ, ես մեռնիլ չեմ ուզեր:

Նախ, ես ու աղջիկս մերժեցինք, հանդիմանեցինք զինքը:

- Ասանկ ապրիլը մեռնելե գեշ է՜. ամոթ քեզի՜… հայրդ ի՞նչ ճամփեն որ գնաց, մենք ալ կերթանք, մեր արյունն ավելի կարմիր չէ՛…

- Մայրի՜կ, ապրիլ կուզեմ… ապրիլ, ապրիլ…

Թուրքը մեր քովը կեցած էր, գլուխը կշարժեր ու ատենը մեյ մը կկրկներ.

- Հայտնի է, հայտնի է, որ պիտի ջարդվիք:

Վերջապես չդիմանալով տղուս աղաչանքներուն ու իր արևին խնայել ուզելով, մահմեդականությունն ընդունեցանք:

Քիչ հետո մուխթարը եկավ. դեռ տատամսոտ էր. աչքերը կպտտցներ աղջիկներես տղուս վրա և մեղքնալու երևույթ ուներ, թեև կջանար ուրախ ցուցնել ինքզինքը…