Զիս առավ, եղբորը տունը տարավ, ուր աղջիկներս մնացեր էին. իրարու քով եկանք ու սկսանք լալ: Այլևս մեզի մինակ չէին ձգեր, տանը կիներուն եկել, միացեր էին դրացիներ ալ ու մեզ շրջապատած էին: Ոմանք կհեգնեին մեր ցավը. «Ո՞ւր է Հուրիե՞թը…» ոմանք կմեղքնային մեզ, իսկ ուրիշները կհանդիմանեին.
-Դուք ձեր հոր ու զավկին վրա չէ, որ կուլաք, միլլեթին համար է ձեր արցունքները… ձեր թափած արտասուքին ամեն մեկ կաթիլին մեջ թույն ու անեծք կա մեզի համար…:
Կես Ժամ ետքը թուրք կիներ եկան ըսին, թե հարսներնին պիտի տանին:
-Հանգիստ թողացեք մեզի, գոչեցի, ա՛լ սիրտ չունիմ, որ զարնեք անոր… թողացեք մեր կորուստներուն վրա լանք:
Տեսնելով, որ ինծի մտիկ ընող չկա, դիմեցի մուխթարին, հիշեցուցի իրեն խոստումը, բայց ան ալ ըսավ թե բան մը չի կրնար ընել, արդեն նույն միջոցին թուրք կիներուն եկած միացած էին զինված մարդիկ, որոնք բռնի տարին աղջիկներս ու ես ստիպված հետևեցա իրեն:
Ամիս մը անցավ այսպես, ամուսինս և զավակս սպանված, աղջիկներս առևանգված, տունս տեղս թալլված, այլևս բան մը չունեի հուսալիք այս աշխարհիս վրա, երբ օր մը զապթիե մը եկավ և մեզի հայտնեց, որ եթե գանգատելիք բան մը ունիք, իրեն ընկերանալով՝ կրնանք պատերազմական ատյանին դիմել: Աոաջին անգամ սպառնալիքի տակ, բերանացի ըսինք, թե գանգատ չունինք, բայց աչքս բացվեցավ, հանցավորները պատժել տալու ու աղջիկներս ազատելու եռանդեն դրդված միջոց մը գտա ու Ադանա գտնվող պատրիարքական պատվիրակության լուր ղրկեցի ու մեր վիճակը բացատրեցի: Երկու շաբաթ ետքը կրկին զապթիե մը ներկայացավ, լուր կար, հր թուրքեր կախած էին… տուշմանը սարսափի մեջ էր. մեզի թույլ տվին, որ հետևինք զապթիյեին, որու հետ Ադանա հասանք:
Ինծի կթվեր, որ ինծի պես դժբախտ կին չկա, բայց երբ հոս հասա, հազարներով լսեցի նման պատմություններ, սուգս սրտիս խորը ծածկելով երեք անգամ արզուհալ տվի Տիվանը Հարպին ու երեք արզուհալներս անպատասխանի մնացին: Այսօր վրաններու կողմերը գացեր էի, երբ մեր գյուղացի թուրքի մը հանդիպեցա.