-Ես ալ քեզի կփնտրեի, ըսավ դիմավորելով ինծի. պզտիկ աղջկանդ ամուսինն ապսպրեց ինձի, որ ըսեմ, թե պարապ բաներ են ըրածնիդ. լսեր է, որ աղերսագիր տվեր ես իրենց դեմ. Կարապետը և ամուսինդ սպաննողներու դեմ, բոլոր ատոնք զուր տեղն են. մենք, ահավասիկ ազատ կպտտինք:
Այս բանին վրա աչքս դարձավ, անմիջապես կառավարչատուն վազեցի, զայրույթս այնքան մեծ էր, որ դռանը շեմեն մինչև Տիվանը Հարպին գտնված սենյակեն առաջք եղող բոլոր ծառաներուն արգելքները զիս չկեցուցին: Երբ սրահ մտա, զբաղված էին և ուզեցին զիս դուրս հանել, բայց անմիջապես գոչեցի իմ բոլոր ցավս, բոլոր գիտցածս: Գլուխս կդառնար, զիրենք չէի տեսներ ու կպատմեի: Ըսի, թե ինչպես քաշքշելով գավակս տարին, ըսի, թե ինչպես դաշույնը մտցուցեր էին ծոծրակին մեջ, ըսի կիներուն անսրտությանը, մարդոց անգթությունը, ըսի, թե քանի մը անգամ իմ մայրական սիրտս խոցոտելեն ետքը, այսօր ալ զիս կծաղրեին, լուր կղրկեին, թե արզահալի, Տիվանը Հարպի և այլնի վրա հույս չդնեմ, թե իրենք ահավասիկ ազատ կպտտին, և այդպես ալ պիտի ըլլա մինչև վերջը:
Բոլորովին լուռ էր սրահը, երբ խոսքս վերջացուցի, կարծեցի, որ մեկնած են, զիս մինակ ձգած են, բայց խելքս գլուխս եկավ ու տեսա զիրենք. տեսա հոն սեղանին առջև նստած, որ ինձի մտիկ կընեին և հուզմունքե քարացած էին:
Հանկարծ մեկը խոսեցավ.
- Մեռելները չեն ողջննար, ով կին, դուն մնացած զավակներուդ մեջ մխիթարություն փնտրե… գեշ հովի մը պես չարիքն անցավ և ավերներ գործելե ետքը հեռացավ… պետք է անցյալը մոռնա՜լ…
- Անցյա՜լը… անցյալն իմ սպանված զավակս է, իմ մորթված ամուսինս է, իմ առևանգված աղջիկներս է… անցյալը կրակե գիրերով գրված է սրտիս մեջ:
Զինվորականներն մեկն ինծի կնայեր ուշադիր և ամենեն ավելի հուզված կթվեր. պզտիկ մատովը երբեմն աչքին անկյունեն կայրեր արցունքի հետքը ու շրթները ճերմկած էին. ու երբ հուզմունքը կշատանար, դիմացը դրված տետրակի մը վրա կնայեր իբր թե կարդալու համար.