Էջ:Arakel of Tabriz, History.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թաթար-թուրքական բարբարոսության հետևանքով, ոչ մի հայ պատմիչ կամ ժամանակագիր չունի, որ անցներ 17-րդ դարը և նկարագրեր այս դարասկզբի պատմական անցքերը։

17-րդ դարը հայ ժողովրդի համար սկսվում է մի ահավոր աղետով։ 1603 թ. Շահ-Աբասը հսկայական բանակով Սպահանից շարժվում է դեպի Արաքսի ափերը, դեպի Արարատյան աշխարհը, որպեսզի սկսի Թուրքիայի հետ վաղուց ծրագրվող պատերազմը, մանավանդ որ վերջինս իր շոշափուկները պարզել էր մինչև Թավրիզ։ Պատերազմը չէր նախատեսում մեծ բանակների հանդիպում և վճռական ճակատամարտ։ Իմանալով, որ Շահ-Աբասը մեծ բանակով շարժվում է դեպի Թավրիզ, թուրքերը իրենց բերդապահ գորքերը հետ են քաշում Երևան և վերջինս դարձնում են Շահ-Աբասի դեմ մղվող պատերազմի հիմնական հենակետը։ Շահ-Աբասը արագ ռազմերթով մտնում է Արարատյան աշխարհը և շարժվում Երևանի վրա։ Երկար պաշարումից հետո նա գրավում է Երևանի բերդը և ռազմերթը ուղղում դեպի արևմուտք։ Թուրքերը մեծ բանակով դուրս են գալիս նրան ընդառաջ, բայց շահը ճակատամարտի չի բռնվում, այլ նահանջամ է՝ իր հետևից թողնելով ամայություն, հրդեհ ու անապատ, բնակիչներին տեղահանելով ու քշելով դեպի արևելք։ Ականատեսների վկայությամբ պատերազմի այդ հսկայական դաշտն ուներ չավազանց խիտ ազգաբնակչություն։ Այդտեղ հաշվում էին քսանից ավելի քաղաքներ և հազարավոր գյուղեր։ Շահ-Աբասը Շիրակից, Կարինից, Արճեշից, Բնուսից, քսաներեք հազար հայ գաղթական բերեց կուտակեց Արարատյան դաշտում և ապա սկսեց վերջինիս դատարկումն ու հրդեհումը, որպեսզի թուրքական արշավող բանակը իր կարիքների համար ոչինչ չգտնի ճանապարհին։ Արևմտյան Հայաստանի մի մասից, Շիրակի, Արարատյան աշխարհի ու հարակից գավառների ամբողջ հայությունը քշվեց Արաքսի ափը և տարվեց Պարսկաստան։ Հայաստանի մեծ մասն ամայացավ։ Այս աղետը ժամանակակիցների վրա ցնցող տպավորրություն է թողել։ Մեծ տարագրությունը, որ ժամանակակիցները կոչում են «մեծ սուրգյուն», այնքան էր ահավոր իր չափերով ու հետևանքներով, որ անկարելի էր սրա մասին գրավոր հիշատակարաններ չթողնել գալիք սերնդի համար։ Եվ Առաքել Դավրիժեցին գրում է իր «Պատմությունը, որ գրեթե սկսվում է «մեծ սուրգյունի» նկարագրությամբ ու ողբով։ Իր պատմության բովանդակությունը Դավրիժեցին գրքի առաջաբանում հստակ ու կարճառոտ բնութագրել հետևյալ խոսքերով. «Պատմություն է այն անցքերի ու հարվածների, որոնք վերջին ժամանակներս Շահ-Աբաս կոչված թագավորի և նրա ազգի կողմից, որ պարսիկներ են կոչվում, թափվեցին մեր հայոց աշխարհի վրա։ Նաև Էջմիածնի Սուրբ աթոռի, նրա կաթողիկոսների անշքանալու և քրիստոնեական կրոնի աղավաղված կարգերի մասին է»։

Ինչպես ասվեց, սա մի տեսակ ժամանակագրություն է։ Բայց հեղինակը 1651 թվից առաջ փաստագրել է պատմական անցուդարձը, հավանորեն ոչ։ Եթե այդպիսի մի բան արվել է, ապա 1651 թվից հետո, այսինքն մի տասնամյակի պատմություն, երբ շարադրվում էր այս գիրքը: Դավրիժեցու աղբյուրները եղել են նախ և առաջ ականատես մարդիկ։

10