Փիլիպոս կաթողիկոսը պարտադրել է Դավրիժեցուն պատմություն գրել իմաստուն, առաքինի և շատ ծեր մարդկանց դիմումների պարտադրանքով, որոնք տեսել էին իրականությունն ու անցքերը։ Պատմիչը շրջել է Հայաստան, Պարսկաստան, Փոքր Ասիա և ամենուր հանդիպել է ժամանակի անցքերին տեղյակ անձանց, հարցուփորձել նրանց ու գրանցել։ Բայց որովհետև իրեն պատասխանատու է համարել պատմության, ժողովրդի ու եկեղեցու առջև, պատմական միևնույն իրողությունները ստուգել է բազմաթիվ ականատեսների ու տեղյակների միջոցով, և այնպես է եղել, որ միևնույն պատմությանը տասն անգամ գրել է ու ջնջել, մինչև վերջնական տեսքի է բերել ճշմարտության հասնելու միտումով։
Մյուս կարևոր աղբյուրները եղել են գրավոր հիշատակությունները։ Այստեղ էլ նա ոչ մի ջանք չի խնայել գտնելու իր պատմության համար պիտանի նյութեր։ Ընդ որում գրավոր նյութերին շատ անգամ այնքան վստահությամբ է մոտեցել, որ դրանք ամբողջովին ներառել է իր գրքում։ Այդպես է «Պատմութիւն Աղուանից աշխարհին» գլուխը։
Դավրիժեցին այն եզակի պատմիչներից է, որոնք ուշադրություն են դարձրել մեր ձեռագրաց հիշատակարանների վրա իբրև պատմության հավաստի աղբյուրների և օգտվել է ղրանցից։ Այս պատմության առանցք Շահ-Աբասի արշավանքները և Հայոց մեծ գաղթը կատարվել են Դավրիժեցու պատմության գրառման օրից ամբողջ կես դար առաջ։ Այնպիսի մանրամասն ստուգապատում ու սրտառուչ շարադրանք այդ անցքերի մասին պատմիչը չէր կարող հիշել, մանավանդ որ այն ժամանակ դեռևս մանուկ է եղել։
Շահ-Աբասի արշավանքներին ու հայերի բռնի գաղթեցմանը հաջորդող ժամանակները ունենում են մեջընդմեջ խաղաղության տարիներ։ Ահա այս տարիներին հայությունը իր ազգային գոյության հարատևման գիտակցությանն ու ներքին բնազդին հավատարիմ ջանում է համատարած խավարի ու ամայության անապատում վառել լուսո ճրագներ և ազատվել բոնի վայրենացման ճիրաններից։ Պատմիչը մի շարք հատվածներում ոգևորված, սիրով ու հրճվանքով պատմում է անհատական այն հերոսական խիզախումները, որոնց շնորհիվ երկրում կազմավորվում են միաբանություններ և սրանց կից դպրոցներ։ Մեր պատմության ամենաուսանելի մի իրադրությունն է այս, որ Առաքել Դավրիժեցին դարձրել է իր երկի առանցքային նյութերից մեկը։ Նա մանրամասն պատմում է, թե ինչպես տեր Կիրակոսն ու Սարգիս եպիսկոպոսը Սյունիքում նոր անապատ են կազմակերպում, որի դպրոցից դուրս են գալիս Պողոս վարդապետ Մոկացին, Մովսես վարդապետ Սյունեցին, Ներսես վարդապետ Մոկացին, որ բաց է անում Լիմի անապատն ու դպրոցը, տեր Արիստակեսը, որ հիմնադրեց Տանձափարախի անապատը, Դավիթ եպիսկոպոսը, որ ստեղծեց Չարեքագետի անապատը, և ուրիշ շատերը, ոը գնացին զանազան տեղեր, շինեցին անապատներ ու վանքեր և սրանց կից դպրոցներ։ Դավրիժեցին փաստորեն գրում է իր դարի մեր դպրոցների կազմակերպման ու զարգացման պատմությունը՝ ավելացնելով. «Եվ սուրբ հոգին․․․ բացում է նրանց մաքուր մտքերի առջև գիտության դռները, խելամուտ է դարձնում նրանց գրքերի շավիղներին, որոնցով