Եվային, թեքեց, դարձրեց Լավասափի կամքը շահի մոտ գալու։ Իսկ Լավասափի մայրը, քույրը, Թամրազն ու իշխանները և բոլոր բարեկամները արտասվագին լացում ու ողբում էին և ասում. «Մի՛ մատնիր քեզ քո թշնամու ձեռքը, որովհետև նա քո թշնամին է, ոչ թե բարեկամը և քեզ կորցնել է ջանում»։ Իսկ Թամրազն ասում էր, «Մի՛ հավատա այդ անհավատին ու խորամանկ գազանին, որովհետև դա մեզ կորցնել է ջանում»։ Իսկ Լավասափը մտքով չարիքների ծառա մարդու խոսքերին ավելի էր հավատում, քան թե իր բարեկամի խոսքերին։ Եվ ամենքին այս էր պատասխանում. «Թե ահա շահը եկել է, նստել մեր երկրում և ինձ խնդրում է, որ խաղաղություն անենք, եթե չգնամ, ամբողջ երկիրը ավերելով կոչնչացնի, եկեղեցիները կքանդի, քրիստոնյաներին կգերի։ Եվ այս ամենը կլինի իմ պատճառով: Փոխանակ որոշ ժամանակ ապրեմ խղճի տանջանքով և այդքան մարդկանց կյանքի պարտական, ավելի լավ է, որ ես գնամ շահի մոտ և ամբողջ երկիրը ազատեմ, որպեսզի իմ պատճառով երկիրը չավերվի։ Հույսը դնելով աստծու վրա ուղիղ գնում եմ նրա մոտ. և այնտեղ ինչ էլ պատահի ինձ՝ թե մահ, թե կյանք, տիրոջ կամքը թող օրհնյալ լինի»։
Արդ՝ այդպիսի ցնդաբանական խելքով Լավասափը չլսեց իր բարեկամներին, հավատաց շահի երդման խոսքին, ելավ Պաշիաչուխից, եկավ շահի մոտ։ Եվ երբ նրա գալու լուրը շահին բերին, չէր իմանում, թե ինչ ձևով ցնծա։
Եվ երբ Լավասափը եկավ, մոտեցավ պարսից բանակին, բոլոր իշխաններով ու զորքով շահը ինքը ելավ նրան ընդառաջ. և երբ միմյանց տեսան, սիրով, խնդությամբ ու մեծ շուքով ողջույն տվին իրար։ Իսկ այն ինչ շահն էր, սրտով ու հոգով ցնծում էր, քանի որ այս օրը նրա համար ավելի երջանիկ օր էր, քան նրա ամբողջ կյանքի որևէ օր, որովհետև նրա չար կամքը կատարվեց, որ երկար ժամանակ բաղձում էր, ինչպես հատուկ է խորամանկ ու օձաբարո պարսից ազգին, մանավանդ այս շահին՝ բազմահնարագյուտ վիշապին, նախապես մեծ սիրով ու մեծարանքով ընդունեց նրան, միշտ սուտ ու դատարկ խաբեբայական խոսքերով ի հաճույս նրա խոսում, մինչև որ վրաց ողջ երկրում այնպես լուր տարածվեց,