չուղարկի։ Այդ անարգանքի գործը, որ արին, հետևյալն էր. նրա ամեն ինչը հափշտակեցին, ամբողջովին մերկացրին զենքից ու զարդից, հագուստներից, ձիերից, մինչև իսկ այն ջորին, որն ինքը հեծել էր, առան ու իրեն հետիոտն ճամփու դրին, որ գնա։ Մեծ սպառնալիքներով պատվիրեցին, որ այլևս չգա, և այսպես անարգված Սաբու խոջան եկավ շահի մոտ։ Իսկ շահը երկայնամտությամբ տեղում համբերում էր և միտքը վարժեցնելով չարիքների ու նենգության խորհուրդներ էր մտորում Լավասափի ու Թամրազի համար։
Մինչ շահը այս վարանքի մեջ էր և ելք չէր գտնում այդ վիճակի համար, հենց այդ օրերին չարիքների սպասավոր, անեծքի որդի, դևերի կողմից դրդված, սատանայի ներգործությունը կրող մի մարդ Թիֆլիսից ելած եկավ արքունի բանակը և շահին ծանուցում հայտնեց, թե խնդիր կա Լավասափին բերելու տերություն. «Եթե ստույգ կամենում ես և վնաս չես տա, ես կգնամ, նրան կբերեմ քեզ մոտ»։ Մարդու այդ խոսքի վրա շահը շատ զարմացավ. մարդուն հարցրեց, թե դու ինչպե՞ս կարող ես բերել նրան. մարդը ասաց. «Մենք բարեկամ ենք Լավասափի հետ, որովհետև նա կնունքով իմ սանիկն է, մենք միմյանց հանդեպ մեծ վստահություն ունենք, այդ պատճառով գիտեմ, որ նա կհավատա իմ խոսքերին»։ Իսկ շահը այս խոսքի ժամանակ անպատմելի ցնծությամբ լցվեց, քանզի այն գործը, որի համար նա ծանր չարչարանքով ջանք էր թափում, չէր լինում, որը երկար ժամանակ ցանկանում էր, բայց չէր հասնում, այժմ շատ հեշտությամբ գլուխ է գալիս։ Այս պատճառով այդ մարդուն մեծ գանձեր ու պարգևներ, մեծ փառքի հասցնել խոստացավ, եթե Լավասափին բերի։
Իսկ չարաբաստիկ ու անզգամ այդ մարդը, որ դարձավ քրիստոնյաների թագավորության կործանման պատճառ, գնաց Պաշիաչուխ Լավասափի ու Թամրազի մոտ և շատ օրեր խոսեց Լավասափի հետ համոզիչ ու թուլացնող խոսքերով, մինչև որ նրա հաստատամտությունը կոտրեց։ Բայց Թամրազը, Լավասափի մայրն ու քույրը և նրանց բոլոր հավատարիմները չէին լսում այդ մարդու խոսքերը, այլ քամահրում էին, քանզի ստույգ գիտեին, թե շահի կախարդային հնարներն են։ Բայց սատանայի բնակարան եղած այդ մարդը, ինչպես օձը