թաղել։ Ոչ ոք չիմացավ, թե ինչ արին, ուր տարան, և այսպես անհայտացնելով կորցրին։
Եվ այսքան ժամանակ, որ շահը մնաց Վրաստանում, իր իշխանության ներքո նվաճեց ամբողջ երկիրը։ Բայց Թամրազի բովանդակ երկիրը հայտնի կերպով այնպես արեց, որ լինի պարսից իշխանության տակ, իբր թե իր թրով է գրավել այն, այդ պատճառով պարսից զորք ուղարկեց, որ վերաշինեցին Թամրազի երկրում եղած բերդերը և նրանցում դրեց պարսից զորքեր, և Սելիմ խանին, Փեքար խանին, Բեքդաշ խանին նշանակեց այնտեղ իշխաններ և զորապետներ, որպեսզի երկիրը պահեն պարսից իշխանության ներքո։
Կախեթի ու Գրիմի բնակիչներին վերջ տվեց՝ ոմանց սպանելով, ոմանց գերեվարությամբ, իսկ որոնք մնացին, գրվեցին շահասեր. սրանց մասին հրաման եղավ՝ բոլորին տեղահանել, քշել տանել Պարսկաստան։ Այս գործը գլուխ բերելու համար նշանակեց իշխաններ ու զորքեր, որպեսզի նախապես արված գրով ու թղթով, որ դրանց անունները գրեցին ու իրենց մոտ ունեին, այդ գրով սկսեցին ամենքին քննել իրենց ընտանիքներով, ապա դրանց բոլորին իրենց ընտանիքներով, ունեցվածքով իրենց տեղերից հանեցին․ ումը որ հանում էին, բերում բնակեցնում էին Կուր գետի ափին՝ այն տեղը, որ Ղազբին է կոչվում, քանզի այնտեղ որոշեցին բանակատեղին։ Այսպես արին, մինչև որ բոլոր շահասեր գրվածներին հանին։ Երբ հանելը վերջացավ, նույն գրով և մատյանով շարժեցին այնտեղից, քշեցին, որ տանեն պարսից աշխարհը։ Բերին հասցրին մինչև Ղազբին քաղաքը, այստեղից տարան Ֆահրապատ քաղաքը։ Երբ հասցրին Ֆահրապատ, նրանցից ոմանց բնակեցրին Ֆահրապատ քաղաքում՝ թե վրացիներից, թե հայերից, թե մահմեդականներից և թե հրեաներից։ Նրանցից շատ մարդիկ բնակեցրին գյուղերում և սրանց բոլորին տների, այգիների ու հանդերի տեղ տվին։ Այս ձևով ավերեց վրաց Կախեթի ու Գրիմի գավառները և տարավ լցրեց Ֆահրապատի գավառը։
Բայց այս գնացած ժողովուրդը չաճեց այն երկրում, որովհետև սովոր չէր երկրի տաք ու խոնավ, դաժան, շունչը կտրող մգլած օդին, նաև ուտելքներին ու խմելիքներին, երկրի կենցաղավարությանը։ Այս պատճառով (մարդիկ) սկսեցին