Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կոտորվել, մեռնել։ Եվ կարճ միջոցում այնքան կոտորվեցին ու մեռան, որ հազիվ թե ամեն տան մի հոգի մնաց։ Իսկ նրանք, որ մնացին, մի առ ժամանակ հետո հիվանդություններից, ցավերից ճնշված ու մաշված ցավագար դարձան և չէին կարողանում ձեռքի աշխատանք կատարել իրենց կյանքի ապրուստը հոգալու համար։ Նաև պանդխտությունից ու օտարությունից դարձան աղքատներ, չքավորներ, ուստի ինչ ունեին, վաճառեցին, կերան։ Չքավորության պատճառով վրացիները բողոքեցին շահին, որ այդ օրերին Ֆահրապատում էր, իրենց կրած չքավորության ու սովի համար։ Շահը պատասխանեց նրանց, թե ուրացեք ձեր հավատը և եղեք կրոնով մահմեդական, և ես ձեզ կտամ շատ բան, որ ուտեք, ապրեք։ Իսկ նրանք սովի կարիքից հարկադրված կատարեցին շահի հրամանները և դարձան մահմեդականներ։ Սակայն շահը նրանց շատ բան չտվեց ըստ իր խոստումի, այլ ստեց, որովհետև խաբում էր նրանց։ Բայց յուրաքանչյուր անձի՝ թե մեծ, թե փոքր, տվեց մի-մի դահեկան (ոսկի դրամ) և ուղարկեց իրենց տները։

Արդ՝ ոմանք գովում են այս շահին, թե քրիստոնեասեր, աշխարհաշեն ու խաղաղարար թագավոր էր. այս է նրա քրիստոնեասիրությունը, որ քրիստոնյաների ողջ երկիրը՝ հայոց, վրաց ավերեց և բոլորին սպառեց սրով, սովով ու գերությամբ, իսկ մնացյալներին քշեց տարավ Ֆահրապատ ու Սպահան, որպեսզի նրանք էլ այնտեղ օրավուր սպառվեն պեսպես ձևերով։ Եվ ով որ նրան գովաբանել է կամենում, թող նախապես նայի ու տեսնի նրա արած գործերը, որ արեց քրիստոնյաների նկատմամբ, ապա գովաբանի նրան։

Արդ՝ ինչ ձևով պատմեցինք շահի արարքը Թամրազի երկրի շահասեր գրված ժողովրդի հանդեպ, այս օրինակով նա վարվեց Լավասափի երկրի շահասեր գրված ժողովրդի հետ։ Որովհետև նրանց վրա նույնպես նշանակեց զորք ու զորապետ, որոնց նախապես արված գրով ու թղթով հանեցին իրենց տեղերից և քշին տարան Պարսկաստան։ Բայց այն ժողովուրդը, որ Քարթլի երկրից էր, չտարան Ֆահրապատ, այլ տարան Սպահան և բնակեցրին Սպահանի լեռնային գյուղերում, որտեղ բնակեցրել էին հայազգիներին։ Եվ այժմ ներկա ժամանակ, որ մեր թվարկության 1107